կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-15 21:36
Հասարակություն

Հանգչի՜ր խաղաղությամբ, մե՜ծ հայ. Ս. Կարապետյանին նվիրված հոդված՝ ՊԲՀ-ում

Հանգչի՜ր խաղաղությամբ, մե՜ծ հայ. Ս. Կարապետյանին նվիրված հոդված՝ ՊԲՀ-ում

«Պատմաբանասիրական հանդես»-ում (2020, համար 1) հրատարակվել է ՀՃՈՒ հիմնադրամի աշխատակից Հասմիկ Հովհաննիսյանի հոդվածը` նվիրված հուշարձանագետ Սամվել Կարապետյանի անմահ հիշատակին:

Ստորև ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Իմ սար ու ձորից ձեռք չեմ քաշելու,
Նրանց համար եմ կյանքս մաշելու...

                         Համո Սահյան

Կան մեծություններ, որոնք երբ կողքիդ են և նվիրումով, լուռ ու անձայն, առանց թմբկահարելու շարունակում են իրենց գործունեությունը, դու մի տեսակ այնքա՜ն հանգիստ ես, այնքա՜ն ապահով. չէ՞ որ նրանք կան, ապրում են և արարում: Եվ երբ նրանք մի օր հանկարծ հեռանում են, նոր ես զգում այն ծա՜նր, անդառնալի՜ և անչափելի՜ կորուստը, թիկունքիդ խոր անդունդը, որն այլևս չի լցվելու: Նոր ես զգում, որ նրանց հեռանալով գունազրկվում ես նաև դու, իսկ շուրջդ դատարկություն է:

Սամվել Կարապետյանն այդ մեծություններից էր...

Ո՞վ էր հուշարձանագետ, հայրենագետ Սամվել Գևորգի Կարապետյանը. Վան-Վասպուրականի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից սերված Բաղդասար պապի գերդաստանում 1961 թ. հուլիսի 30-ին Երևանում ծնված մի հայորդի: Մարդ, որ մանկուց փորձում էր ճանաչել Մեծ Հայրենիքից մեզ բաժին հասած Հայաստանի ամեն սարն ու ձորը, քանդված վանքն ու կանգուն եկեղեցին, ամեն քարն ու թուփը:

1978 թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 միջնակարգ դպրոցը: Դեռևս դպրոցական տարիներից էր սկսել իր ճամփորդությունները երբեմն դասընկերների հետ, երբեմն էլ՝ մեն-մենակ:

Դպրոցն ավարտելուց հետո, անսալով մոր հորդորներին, փորձում է ուսումը շարունակել համալսարանում, սակայն կտրվում է հենց ՍՍՀՄ պատմություն առարկայից: Ուսապարկի մեջ դնելով Մակար Բարխուտարյանցի «Արցախ» աշխատությունը՝ 17-ամյա պատանին սկսում է իր առաջին ճամփորդությունը Հայաստանից դուրս և առաջին անգամ՝ դեպի Արցախ աշխարհ, որն այն ժամանակ Ադրբեջանի կազմում էր: Սովետական վտանգավոր ժամանակներում նժարի վրա էր դրել՝ աշխատել Վրաստանո՞ւմ, թե՞ Ադրբեջանում: Առաջնայինը համարեց Ադրբեջանը, որտեղ ևս րոպե առ րոպե անհետանում էին հայոց հետքերը:

1978-80 թթ. աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում՝ որպես բանվոր, 1980-1997 թթ.՝ ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գլխավոր վարչությունում (այժմ՝ գործակալություն)՝ որպես տեխնիկ, ավագ տեխնիկ, ճարտարապետ, ավագ ճարտարապետ:

Արդեն 1978 թ.-ից սկսում է զբաղվել Արցախի (այդ թվում՝ Հյուսիսային Արցախի) և Կուրի ձախափնյա շրջանների (Բուն Աղվանք) հուշարձանների ու բնակավայրերի պատմության ուսումնասիրությամբ: 1978-1987 թվականներին՝ մինչև Արցախյան ազատամարտի սկիզբը, տարիներ շարունակ բազում խոչընդոտներով լի ճամփորդությունները հաջորդում էին միմյանց:

Միակ նվիրյալն էր, որ ոտքով շրջել է Կուրի ձախ ափին գտնվող հայաբնակ վայրերում և փորձել գոնե թղթին հանձնել Երկիր մոլորակից օր օրի անհետացող հայկական հարյուրավոր պատմական հուշարձանները՝ վանքեր, եկեղեցիներ, բերդեր, կամուրջներ, տներ, աղբյուրներ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր, լուսանկարել, չափագրել դրանք: Սամվելը եղել է Հյուսիսային Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում: Եվ այդ ամենի համար, ավա՜ղ, շատ թանկ վճարեց. կորցրեց առողջությունը, վատացավ տեսողությունը, իսկ մազաթափությունն արդեն իսկ խոսում էր ահռելի նյարդային լարվածության մասին. չէ՞ որ համարյա ամեն ճամփորդության ժամանակ օրերով, երբեմն էլ շաբաթներով «հյուրընկալվում» էր սովետական «եղբայրական» Ադրբեջանի ազգային անվտանգության նկուղներում:

1978-1989 թթ. ընթացքում Սամվելը Խորհրդային Ադրբեջանի տարածքում կատարել է մոտ 40 գիտարշավ:

Աշխարհում, սակայն, միևնույն հետաքրքրությունը և նպատակն ուներ ևս մեկ Նվիրյալ հայ՝ ճարտարապետ Արմեն Հախնազարյանը: Իրարից անկախ և առանց իրար ճանաչելու՝ երկու հայորդիները նույն աշխատանքն էին կատարում, մեկը՝ Թուրքիայում (Արևմտյան Հայաստան և Կիլիկիա), մյուսը՝ Վրաստանում և Ադրբեջանում: Երկուսն էլ «հայկական հուշարձանների որս» էին անում, փորձում ժամանակից առաջ ընկնել և փշուր-փշուր հավաքել ամեն րոպե վանդալների ձեռքով ոչնչացվող հայկական արժեքները: Իր գործունեությամբ Ա. Հախնազարյանն արդեն հասցրել էր թուրքական պետության համար կոչվել «անցանկալի անձ», և արգելվել էր նրա մուտքը այդ երկիր: Տարիներ հետո՝ 2015 թ., նույն բախտին արժանացավ նաև Ս. Կարապետյանը, այս անգամ՝ «եղբայրական» Վրաստանում:

Օրերից մի օր նախախնամությունը պիտի ծանոթացներ երկու հայրենանվեր անձնավորություններին:

1990 թ.-ից Ա. Հախնազարյանն ու Ս. Կարապետյանը որոշում են համագործակցաբար շարունակել իրենց հույժ կարևոր աշխատանքը:

1990-1993 թվականներին Ս. Կարապետյանն անցնում է Վրաստան, Ջավախքից հասնում Բոլնիս, Մառնեուլ, Դմանիս, ինչպես նաև Ախալցխա և Կախեթ: Այստեղ ևս փորձում է կռիվ տալ ժամանակի հետ, լուսանկարում դեռևս չոչնչացված հայկական հետքերը, կարդում արձանագրությունները, փշուր-փշուր ամբարում և թղթին հանձնում յուրաքանչյուր սրբազան մասունք:

Արցախյան ազատամարտի ժամանակ, երբ մեկը մյուսի հետևից ազատագրվում էին հայոց շրջանները, Ս. Կարապետյանը, թողնելով դեպի Վրաստան կատարվող ճամփորդությունները, հաղթանակած զորքի հետևից մտնում էր Արցախի տվյալ շրջանը, լուսանկարում այն ամենը, ինչ դեռևս չէր հոշոտել թուրքը: Թանկ էր ամեն րոպեն. չէ՞ որ տարածքները վերադարձնելու շշուկներ կային:

1998 թ. Հայաստանում պետական գրանցում ստանալուց հետո Ս. Կարապետյանը ստանձնում է դեռևս 1978 թ. Գերմանիայում Ա. Հախնազարյանի հիմնած Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության (հետագայում՝ հիմնադրամ) Երևանյան գրասենյակի տնօրենի պարտականությունները մինչև իր մահը:

2000 թ. փետրվարի 22-ին ՀՀԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն երջանկահիշատակ Լևոն Հախվերդյանի բարի կամեցողությամբ Արվետի ինստիտուտի հարկաբաժնում՝ Բաղրամյան 24 գ հասցեում, տեղի է ունենում ՀՃՈՒ հ/կ գրասենյակի բացումը:

Հայաստանի Հանրապետությունում հիմնադրամի պաշտոնականացումն ու գրասենյակի հիմնումը նոր հորիզոններ են բացում. անվանի հուշարձանագետն օրավուր ծավալվող աշխատանքները պատշաճ մակարդակով առաջ տանելու համար ներգրավում է մասնագետ նոր ուժերի, ինչպես նաև դռներ բացում սկսնակների համար: Սկսվում են տասնամյակների ընթացքում կուտակված բազմաթիվ նեգատիվների, պոզիտիվների, լուսանկարների, չափագրությունների, քարտեզների և հարակից այլ նյութերի թվայնացման, մամուլից քաղված և արխիվայի նյութերի մշակման աշխատանքները:

Ս. Կարապետյանը թեև արդեն վատառողջ էր, սակայն որոշել էր մեծ շուքով նշել հիմնադրամի՝ Երևանյան գրասենյակի բացման 20-ամյակը: Հուզմունքով և հույսով էր սպասում այդ օրվան: Ավա՜ղ... Փետրվար ամիսը ծանր և կորստաբեր դարձավ հիմնադրամի աշխատակիցների և ողջ հայության համար: 2009 թ. փետրվարի 19-ին հավերժացավ Ա. Հախնազարյանը, իսկ 2020 թ. փետրվարի 27-ին՝ Ս. Կարապետյանը:

Այսօր մեզ հետ չէ անվանի հուշարձանագետը, հայրենի կածաններով քայլող նվիրյալ հայը: Ողջ կյանքի ընթացքում Ս. Կարապետյանն արեց ամեն հնարավորն ու անհնարինը: Հեղինակ է ավելի քան 500 հոդված, որոնցից շուրջ 100-ը հրատարակվել են հայաստանյան և արտերկրի գիտական հանդեսներում: 1989 թ. համահեղինակել է Հայաստանի ճարտարապետությանը նվիրված իտալական շարքի 19-րդ` «Ղարաբաղ» հատորը (”Documenti di Architecture Armena”):

Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակի հասնող աշխատություններն անվերջ կարելի է թվարկել՝

1992 թ.՝ «Գետաշեն», 1995 թ.՝ «Ջավախքի խաչքարերը», 1997 թ.՝ «Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը», 1998 թ.՝ «Վրաց պետական քաղաքականությունը և հայ մշակույթի հուշարձանները», 1999 թ.՝ «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» (լույս է տեսել նաև ռուսերեն`” Памятники армянской культуры в зоне Нагорного Карабаха”, 2000 և անգլերեն` ”Armenian Cultural Monuments in the Region of Karabagh”, 2001), 2002 թ.` «Շուլավեր» (համահեղինակությամբ` Սանդուխտ Ասլանյանի), 2003 թ.՝ «Թիֆլիսի քաղաքագլուխները» (լույս է տեսել նաև ռուսերեն`” Мэры Тифлиса’’, 2003), 2004 թ.` «Հյուսիսային Արցախ» (լույս է տեսել նաև անգլերեն` “Northern Artsakh” 2007), «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» և «Հայերը Կախեթում», 2006 թ.` «Ջավախք» (լույս է տեսել նաև անգլերեն` “Javakhk” 2011), 2008 թ.` «Ախալցխա», 2009 թ.` «Արցախի կամուրջները» և «Հայաստան» պատկերազարդ մեծադիր գիրք-ալբոմը (երկրորդ անգամ հրատարակվել է 2014 թ.՝ նվիրված Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին), 2010 թ.՝ «Արցախի հրաշալիքները», «Արցախի հայ ճարտարապետության մահմեդական հուշարձանները», 2011 թ.՝ «Անի-1050», «Հուշագրական ժառանգություն», 2012 թ.՝ «Նախիջևան» քարտեզագիրք (լույս է տեսել նաև անգլերեն` “Nakhijevan: Atlas”, 2012), 2013 թ.՝ «Ձեռնարկ հայրենատիրության», «Ոսկեպարի պատմական հուշարձանները», «Ջիլիզայի պատմական հուշարձանները», 2014 թ.՝ «Ակունք և Կաթնաղբյուր գյուղերի պատմական հուշարձանները», «Զառ և Սևաբերդ գյուղերի պատմական հուշարձանները», «Նորգյուղ և Մայակովսկի գյուղերի պատմական հուշարձանները», «Կոտայք գյուղի պատմական հուշարձանները», «Կապուտան գյուղի պատմական հուշարձանները», 2015 թ.՝ «Առինջ գյուղի պատմական հուշարձանները», «Եղեռն՝ եղեռնից հետո. հ. Ա», 2016 թ.՝ «Եղեռն՝ եղեռնից հետո», «Արցախ» քարտեզագիրք (լույս է տեսել նաև անգլերեն` “Artsakh: Atlas”, 2016), 2017 թ.՝ «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս», 2019 թ.՝ «Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Սալլի գյուղերի պատմական հուշարձանները», «Խոջիվանք» գրքի անգլերեն տարբերակը՝ “Khojivank” և այլն:

2010 թ. արդեն ՀՃՈՒ հիմնադրամը ստանում է պետական ֆինանսավորում: Ս. Կարապետյանը հիմք է դնում մի ամսագրի՝ «Վարձք» վերնագրով, որը յուրօրինակ է և եզակի իր տեսակով (2010-2016 թթ. ընթացքում լույս է տեսել ընդամենը 12 համար):

Մեծ նվիրյալի գործունեության թագն ու պսակը, սակայն, կազմում է և պիտի կազմի «Հայաստանի պատմություն» 36-հատորյա գրքաշարը, որը նվիրվում է Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման 100-ամյակին: Գրքաշարի նպատակն է Հայաստանի պատմությունն առաջին անգամ ներկայացնել գավառ առ գավառ, յուրաքանչյուրը՝ գյուղ առ գյուղ (սրբազան Հայրենիքի 10.000 բնակավայրերը): Հատորներից յուրաքանչյուրը նվիրված է լինելու Պատմական Հայաստանի (Մեծ և Փոքր Հայքերի) մեկ կամ մի քանի գավառներին: Ցավոք սրտի, լույս ընծայվել ընդամենը չորս հատոր՝

Ա. 2015 թ.՝ «Հայոց ձոր», Բ. 2017 թ.՝ «Սալմաստ» (լույս է տեսել նաև անգլերեն` “Salmast”, 2019), Գ. 2018 թ.՝ «Արծկե», Դ. 2019 թ.՝ «Մռավականք»:

Ս. Կարապետյանի մասին կարելի է անվերջ խոսել. ազգի նվիրյալ, ինքնամոռաց, գիտելիքների անսպառ պաշար, հզոր կամք և եռանդ ունեցող մշակութային արժեքների պահապան, անչափելի ժառանգություն թողած ազգագրագետ, վիմագրագետ: Շուրջ երեսուն տարի նա մեն-մենակ մի քանի ինստիտուտի գործ է կատարել: Նման աշխատունակություն ուներ, թերևս, միայն Հրաչյա Աճառյանը:

Մեծ գիտնականի համար թանկ էր ամեն րոպեն, ամեն վայրկյանը, որը չէր ապրել հանուն պաշտելիքի: Իսկ պաշտամունքը մեկն էր՝ հայրենիքը. «Ես պաշտամունք ունեմ՝ Հայրենիքս է: Ինձ ուշեղ եմ զգում այդ պաշտամունքով»:

Ուր էլ լիներ, ուր էլ գնար, ժողովուրդը սիրում էր նրան, իր ծոցից ելած զավակն էր համարում նրան: Գարդմանա աշխարհում գարդմանցի էր, Բանանցում՝ բանանցեցի, Ջավախքում՝ ջավախքցի, իսկ Արցախում նրան բոլորն էին ճանաչում: Իր աշխատակիցներով կամ երբեմն էլ մենակ նրան կարելի էր հանդիպել ամենուր՝ Արցախում, Վրաստանում, Արևմտյան Հայաստանում, Պարսկաստանում, Հյուսիսային Կովկասում: Հաճախ էին շրջապատում, տարբեր հարցերից խոսում, պատմում իրենց դարդ ու ցավից, գյուղից, եկեղեցուց, գերեզմանոցից, այս կամ այն խաչքարից:

Պարզ ու հասարակ էր, համեստ: Ազնվական կեցվածք ուներ: Ո՛չ կոչումների էր ձգտում, ո՛չ տիտղոսների և աթոռի: Շատերը չէին սիրում նրան ճշմարիտ խոսքի համար: Սակայն նա անաղմուկ և աննկատ շարունակում էր իր գործը. հասկացողը հասկանում էր, գնահատողը՝ գնահատում:

«Վանքերի տղեն»... այսպես էին կնքել նրա անունը: Կա՞ առավել մեծ ուրախություն, երբ գնահատանքդ տալիս է հասարակ ժողովուրդը: Ամենամեծ կոչումը նրա համար ժողովրդի սերն էր, հարգանքն ու համակրանքը:

Գնահատված էր Ս. Կարապետյանը: Իր աշխատությունների ցանկի նման կարելի է կազմել նաև նրան շնորհված տիտղոսների, շքանշանների ցանկը: Ահա դրանք.

2001 թ. Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի կողմից ՀՃՈՒ հրատարակչությանը շնորհվել է դիպլոմ՝ «Հայաստանի լավագույն գիրք» ցուցահանդեսի գլխավոր մրցանակին արժանանալու համար: 2001 թ. պարգևատրվել է ԼՂՀ կառավարության «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ Ազգային կենսագործունեության և բարգավաճման առաջընթացին նպաստող ակնառու նվաճումների համար: 2004 թ. «Հյուսիսային Արցախ» աշխատությունն արժանացել է ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա գրական մրցանակին: 2004 թ. Պուրճ Համուտի Հայ կաթողիկե Մեսրոպեան Արուեստից վարժարանի կողմից արժանացել է գնահատանքի և երախտագիտության գրի: 2007 թ. Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն», «Հայերը Կախեթում» և «Ջավախք» աշխատություններն արժանացել են ՀՀ Նախագահի մրցանակին: 2008 թ. «Պատմական Հայաստանի տարածքում կատարած ծավալուն ուսումնասիրությունների և հայ ինքնության պահպանության գործում ունեցած բացառիկ ծառայության համար» պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով և «Պատմական հուշարձանների հնավայրերի ուսումնասիրման և վերականգնման գործում ունեցած զգալի ավանդի համար»՝ ՀՀ Մշակույթի նախարարության պատվոգրով: 2010 թ. պարգևատրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալով: 2012 թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով՝ Հուշարձանների պահպանության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա, անբասիր աշխատանքային գործունեության համար: 2012 թ. Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի կողմից արժանացել է դիպլոմի՝ Հայկական հուշարձանների պահպանման ազգանվեր գործի համար: 2014 թ. արժանացել է «Վահագն» ռազմահայրենասիրական, բարեգործական, հասարակական կազմակերպության պատվոգրի՝ Ազգային և հայրենանվեր գործունեության համար, շնորհվել է «Հայրենիքի ձայն» տիտղոսակոչում, ինչպես նաև պարգևատրվել «Վահագնի» հուշարձանիկով: 2015 թ. Հայկյան մրցանակաբաշխության ժամանակ շնորհվել է Հատուկ մրցանակ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում իրականացված «Եղեռն՝ եղեռնից հետո» ծրագրի համար: 2016 թ. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից պարգևատրվել է «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալով՝ Հայկական ճարտարապետության ուսումնասիրության և հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 2017 թ. Հայկական աշխարհագրական նախագծի կողմից Արշավային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար արժանացել է «Անվերջ բացահայտվող Հայաստան» շնորհակալագրի: 2017 թ. արժեհամակարգային «Վերելք» կառույցի կողմից շնորհվել է Հայկ Ասատրյանի անվան ամենամյա մրցանակ՝ Ազգային ինքնաճանաչողության և ազգային ինքնակազմակերպման ասպարեզում նշանակալի աշխատանքներ կատարելու համար: 2018 թ. Հայկական աշխարհագրական նախագծին աջակցելու և ակտիվ մասնակցության համար արժանացել է «Ռանչպարների կանչը» շնորհակալագրի: 2018 թ. «Արարէ» հայագիտական հիմնադրամի կողմից հայանպաստ գործունեության համար արժանացել է շնորհակալագրի: 2019 թ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կողմից արժանացել է շնորհակալագրի՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2018-2019 ուստարվա գործունեությանը մեծապես աջակցելու համար:

Ս. Կարապետյանն այլևս մեզ հետ չէ: Անդառնալի է նրա կորուստը բոլորիս՝ ողջ հայության, սգակիր ընտանիքի, ընկերների, հարազատների և գործընկերների, անգամ անծանոթների համար: Սակայն անմահ է նա. նրա ազգանվեր գործունեությունը կհավերժի հայ ճարտարապետության երկնածիրում: Դարերինն են այն հնարավորն ու անհնարինը, ինչ արեց, ինչ ժառանգություն թողեց հետագա սերունդներին՝ աշխատություններ, հոդվածներ, մտորելու տեղիք տվող մտքեր, կարծիքներ, անելիքներ:

Հանգչի՜ր խաղաղությամբ, մե՜ծ հայ, հայ ճարտարապետությա՜ն նվիրյալ...

Հասմիկ Հովհաննիսյան

ՀՃՈՒ Հայաստան