կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-06 16:01
Քաղաքական

Անել անհրաժեշտը՝ մնալով սառը եւ ռացիոնալ. Այլընտրանքային նախագծեր խումբ

Անել անհրաժեշտը՝ մնալով սառը եւ ռացիոնալ. Այլընտրանքային նախագծեր խումբ

Պատերազմի ամեն օրը նոր իրականություն է ձեւավորում՝ ռազմական եւ քաղաքական։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:

Հայտարարությունում ասվում է. «Ավերված ենթակառուցվածքներն Արցախում եւ ահռելի վնասը քաղաքացիական համակարգերին արդեն փաստ է։ Այնպես, ինչպես Ադրբեջանի՝ շատ ավելի մեծ ծավալներով ենթակառուցվածքների՝ ամեն վայրկյան ոչնչացված լինելու ռիսկը։ Սրանք բոլորը նոր ներկայի եւ նոր ապագայի իրողություններն են։

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Է. Մամեդյարովը իր պաշտոնավարման վերջին փուլում, ի հակակշիռ իր դեմ աշխատող ալիեւյան ռազմաշունչ ալիքի, ասում էր. «... Ենթադրենք՝ պատերազմ, բայց հետո, միեւնույն է, լինելու են բանակցություններ, լինելու է դիվանագիտություն»։

Ալիեւի ելույթից հետո Երեւանից հնչեց տեսակետ, թե նա գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի մեջ։ Չի բացառվում, որ սա ճշմարտություն է, բայց կա մեկ նուրբ հանգամանք. չի բացառվում, որ ինքը գիտակցված է իրեն դնում նման պայմաններում։

Երեւանում հանրային եւ պաշտոնական տրամադրություններում իշխում է երկու բացականչություն. ա/ Հաղթելու ենք  բ/ Այս անգամ գնալու ենք մինչեւ վերջ։

«Հաղթելու ենք»-ի հեղինակն իշխանությունն է, եւ իհարկե ճիշտ է անում։ Հասարակության մեջ այլ տրամադրությունների գեներացիա ուղղակի չէր կարելի այս պահին թույլ տալ։ Բայց պետք է հասկանալ, որ դա խիստ սահմանափակ ժամանակահատվածի համար է։

Այստեղ, սակայն, նույնպես կա շատ կարեւոր մի նրբություն՝ հանկարծ իշխանությունը չընկնի իր իսկ ձեւավորած մթնոլորտի ազդեցության տակ։ Իշխանությունը միշտ պետք է մնա սառը, ռացիոնալ՝ թե´ երկրի կառավարման հարցում, թե´ միջազգային հանրության հետ ինտենսիվ շփումներում։ Շարքային քաղաքացին կարող է ասել «հաղթանակ»՝ առանց իր համար հստակեցնելու, թե ինչն է ի վերջո համարվելու հաղթանակ, բայց իշխանությունը երբեք նման բանի իրավունքը չունի. իշխանության համար պարտադիր է ամեն ձեւակերպման, ամեն սցենարի, ամեն իրողության տակ դնել սառը, ռացիոնալ հաշվարկ, միայն ու միայն սառը, ռացիոնալ քաղաքականություն։

Ինչ վերաբերում է «այս անգամ գնալու ենք մինչեւ վերջ» ձեւակերպմանը, ապա իշխանությունն ընդհանրապես սրա հետ որեւէ առնչություն չպետք է ունենա՝ այն համարելով հասարակության էյֆորիկ դրսեւորումներից մեկը։

Ընդունելով, որ ցանկացած իշխանություն գտնվում է հանրային տրամադրությունների բնական ճնշման տակ, պետք է օգնել իշխանությանը՝ հնարավորինս զերծ մնալ դրանից։ Մանավանդ, որ այսօր պատերազմական փուլում տրամադրություններն ավելի զգացական են, իսկ ճնշումները՝ ավելի ուժեղ։ Իշխանությունն իրավունք չունի ո´չ տրվելու այդ ճնշումներին, ոչ՝ չարաշահելու դրանք։ Պարտավոր է մնալ սառը ու ռացիոնալ։ Պետք է միշտ հիշել, որ հանրային գերզգացական տրամադրությունները մի պահից կարող են լրիվ շուռ գալ, ու դու արդեն չես համոզի, որ այս կամ այն որոշումը կայացրել ես նախկին տրամադրությունների տակ։ Դա ոչ մեկին չի հետաքրքի։

Ինչ վերաբերում է ռազմական եւ քաղաքական պրոցեսներին, ապա դրանց ինտենսիվությունը եւ խորությունը մեկը մյուսով են պայմանավորվելու։ Վերջին օրերին ռազմական գործողությունների ծավալների մեծացումը մեզ պետք է հուշի, որ պատերազմի առաջին օրերի՝ միջազգային արձագանքի մեխանիզմն այլեւս չի աշխատում։ Նոր իրականություն է, հետեւաբար նոր քայլեր են պետք։ Կարծում ենք՝ Հայաստանը պետք է էականորեն ինտենսիվացնի իր քննարկումները գործուն մեխանիզմներ ունեցող դաշնակից պետությունների հետ։ Իշխանության ռացիոնալ կեցվածքը պետք է օգնի Ռուսաստանի հետ ռացիոնալ խոսակցությանը։ Այն, ինչ այսօր օգուտ է Հայաստանին, պետք է արվի։ Ռազմական սխրանքները, հերոսությունները, ժողովրդի ուժերի հզոր մոբիլիզացիան պետք է ուղեկցվեն քաղաքական-դիվանագիտական ռացիոնալ լուծումներ գտնելով։ Դա նույնպես հերոսություն է»: