Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի տխուր երկխոսության կադրեր են շրջանառվում՝ ԱԳ նախարար Զ. Մնացականյանի և անծանոթ քաղաքացու։ Ոչ մի արտառոց բան այնտեղ չկա՝ մինչև այն պահը, երբ արտգործնախարարն ապավինում է հայրենասիրությանը և որպես վերջին հակափաստարկ բերում հայրենասիրությունը։
Ոչ ոք Զ. Մնացականյանի հայրենասիրության վրա չի կասկածում, բայց նաև արտգործնախարարից չի ակնկալում հայրենասիրության դրսևորումները։ Արտգործնախարարից պահանջվում է սառը, գրագետ, ռացիոնալ դիվանագիտություն։ Միայն այդքանը։
Ընդհանրապես հրապարակային հայրենասիրությունը միշտ զուգահեռ է գնում հիմարության կամ ավանտյուրայի հետ։
Բոլոր թալանչիները և իրենց գործը տապալողները դույլերով են խմել պետականության, կռված տղերքի կենացը։
Իրենց տղաներին ասպիրանտուրայով, բժշկական թղթերով կամ ռուսական անձնագրով բանակից փախցրած ծնողներն արդեն 30 տարի է խմում են Արևմտյան Հայաստանի կենացը ու ասում, որ Լ. Տեր-Պետրոսյանը «վախեցավ ու չթողեց մտնենք Կիրովաբադ»։ Որևէ մեկը կարո՞ղ է կասկածի տակ դնել նրանց հայրենասիրությունը։
Երբ Փաշինյանը Երևանում պատշաճ չդիմավորեց Պուտինին, նրա համախոհները հայրենասիրության մաստեր-կլաս համարեցին դա, ու մի քանի օր սոցցանցերը հեղեղել էին Փաշինյանի և նախկին երեք նախագահների համեմատությամբ, որտեղ, իհարկե, հաղթում էր նա։ Իսկ եթե Փաշինյանը այդ օրը Պուտինին «դիմավորելու կանչեր» Սասուն Միքայելյան – Վահե Ղալումյան տանդեմին, ապա ընդհանրապես կհռչակվեր հայրենասիրության աստված։ Հետո անպատշաճ
ճանապարհելը ամենափոքր գինն էր, որ վճարեցինք։ Միշտ զանգվածային հայրենասիրությունը այդպես է լինում։
Քննիչները, դատախազները, դատավորները, որոնք տասնամյակներով ապօրինի քրեական գործեր են սարքել ու դատավճիռներ կայացրել, խեղել մարդկանց ճակատագրեր, հայրենասե՞ր չեն։ Փորձեք նրանց ասել, որ կասկածում եք նրանց հայրենասիրության վրա, փորձեք ասել, որ դրանով քանդել են պետությունը՝ կհոշոտեն։ Ամեն հակաօրինական բան արվում է պետության անունից։
Աննա Դանիբեկյանը, վստահաբար, ինքն իրեն ամեն վայրկյան ներշնչում է, որ մայիսի 8-ին Քոչարյանին բանտում թողնելը պետական մտածողության և հայրենասիրության ակտ էր։
Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու և հակառուսական քարոզ տանող շրջանակները, նույնիսկ հասկանալով, որ դրանով բացում են Հայաստանի դռները թուրք-ադրբեջանական հարձակման համար, մինույն է դա հիմնավորում են հայրենասիրությամբ, և ժողովրդական մի զանգված հաստատ դառնում է նրանց կողմնակիցը։
Բանաձևը շատ պարզ է՝ որքան ուժեղ է հրապարակային հայրենասիրության գաղափարը, այդքան թույլ է պետականությունը։
Մեկ վայրկյան անգամ չկասկածելով պարետատան կամ կառավարության անդամների հայրենասիրության վրա, օգնե՞ց, դա արդյոք, որ հակահամաճարակային պայքարը Հայաստանում չտապալվի՝ ոչ օպերատիվ, ոչ գրագետ քայլերի, անփորձության պատճառով, մեծամտորեն կամ Փաշինյանի պարտադրանքով, այլոց խորհուրդները, առաջարկները չլսելու պատճառով։ Ու մենք ունենք բավական բարդ վիճակ՝ ավելի բարդանալու միտումներով։
Դուք կարծում եք՝ խորհրդարանական մեծամասնությունը, հայտնի 88-ը հայրենասե՞ր չեն կամ գոնե իրենք կասկածու՞մ են իրենց հայրենասիրության վրա։ Լրիվ հակառակը՝ նրանք վստահ են, որ լռում են, հլու հնազանդ ենթարկվում են, անօրինականությունները չտեսնելու-չլսելու
են տալիս՝ բացառապես պետության շահից ելնելով։ Իրականում պետությունը ոչ մի կապ չունի։ Խորհրդարանական մեծամասնության հոգեբանությունը պայմանավորված է պարզ, հասարակ, մասնավոր կոմֆորտով։
Ինչո՞ւ ենք մենք խուսափում գրագիտությունը, պարկեշտությունը, պրոֆեսիոնալիզմը, հումանիզմը, էմպատիան կարևորել ավելի, քան հրապարակային հայրենասիրությունը։ Նվիրումով անել սեփական գործը, լուռ աշխատել սեփական սխալների վրա, կատարելագործվել՝ որպես մասնագետ, հարգել դիմացինի իրավունքները, չվնասել, ծաղկեցնել հայրենիքիդ՝ քեզ բաժին հասած անկյունը. սա՞ չէ արդյոք հայրենասիրությունը։
Ինչո՞ւ Զոհրաբ Մնացականյանը չասաց. ես պրոֆեսիոնալ դիվանագետ եմ, /ինչն այդպես է/ և, կներես եղբայր, բայց դիվանագիտությունը նուրբ գործ է, և ես գիշերվա կեսին, քո միացրած տեսախցիկի առաջ, քեզ ու շատերին հաճելի բաներ ասելով՝ կվնասեմ պետությանը։
Ժամանակն է՝ սկսենք մեծածախ հայրենասիրությունը փոխարինել պետություն և քաղաքացի հասկացություններով, որտեղ հարգի են այլ հատկանիշներ՝ օրինապաշտություն, կրթվածություն, հանդուրժողականություն, առաջադիմություն և այլն։ Եվ այդ դեպքում թե՛ բանակցություններն ավելի հաջող կընթանան, թե՛ համաճարակի դեմ պայքարն ավելի էֆեկտիվ կդառնա, թե՛ դանիբեկյաններն ու նրանց հրաման տվողները կազատվեն «հայրենասիրական ստրկությունից»։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»