կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 18:47
Տնտեսական

Ես չեմ կարծում, որ հիմա հենց առաջնային էր այս հարցը, որ բերվել է օրակարգ. տնտեսագետը՝ եկամուտների համատարած հայտարարագրման մասին

Ես չեմ կարծում, որ հիմա հենց առաջնային էր այս հարցը, որ բերվել է օրակարգ. տնտեսագետը՝ եկամուտների համատարած հայտարարագրման մասին

Այսօր ԱԺ Տնտեսական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նաև ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման հարցին։

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝  Նիկոլ Փաշինյանը թեմայի առնչությամբ մասնավորապես նշել էր. «Ըստ էության՝ այս փոփոխություններն արվում են մեր պետության՝ Հայաստանի Հանրապետության պոտենցիալը մեծացնելու համար, և այս համակարգերով էականորեն փոփոխության պետք է ենթարկվեն քաղաքացի-պետություն հարաբերությունները: Եվ ես կարծում եմ, որ այս նախաձեռնություններով ընդհանուր առմամբ պետք է փոփոխության ենթարկվեն, կրկին ուզում եմ ընդգծել, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի վերաբերյալ մեր ընկալումները և պատկերացումները: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այն համախառն գումարն է, մեր ազգային պետական այն գրպանն է, որտեղ կուտակվում են, և որից ծախսվում են միջոցներ: Եվ երբ ամեն առիթով, հասկանալիորեն և արդարացի կերպով բարձրացվում են տարաբնույթ տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային հարցեր, մենք բոլորս պետք է արձանագրենք, որ այդ հարցերի լուծման ժամանակը, արագությունը, որակը կախված են նրանից, թե մեր հանրապետությունը և պետությունն ինչպիսի պոտենցիալ ունի, ինչպիսի հարաբերությունների մեջ են գտնվում քաղաքացիները և կառավարությունը, և ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում կառավարությունը և քաղաքացիները»:

Եվ ահա այսօր ԱԺ Տնտեսական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի մասնակցությամբ քննարկվում էր  2019 թվականի պետական բյուջեի կատարողականի հարցը,  մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը  խնդրին վերաբերող հարց ուղղեց, ինչին  նախարարն արձագանքեց, թե Կառավարությունը ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրումը չի դիտարկում՝ որպես ժամանակավոր միջոցառում.

«Նպատակը եկամուտների հայատարագրման համակարգի ներդրումն է, և ըստ էության հասնել նրան, որ տեղի ունեցող գործարքները համատարած փաստաթղթավորվեն, ի վերջո, նաև տնտեսական շարժառիթներով հիմնավորված»:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն էլ ընդգծեց, որ հակառակ տարածվող շատ տեսակետների՝ հայտարարագրումը մարդկանց հարկային բեռը չի ավելացնելու.

«Նախագիծը վատթարացնող դրույթներ չի պարունակելու, և ես ամեն ինչ կանեմ, որ մինչ նախագիծն ընդունվելը մենք համապարփակ ամեն ինչ քննարկենք՝ թե իրականացման մեխանիզմները, թե սոցիալական կրեդիտների համակարգը, թե հասարակությանը հուզող մնացած բոլոր հարցերը»:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ թեև եկամուտների համատարած հայտարարագրումը կարևոր է,  և հարկային համակարգի հետագա բարեփոխումներն այլընտրանք չունեն, սակայն համամիտ չէ տեսակետի հետ, թե հարկային բեռը չի ավելանալու.

«Միանշանակ ավելանալու է՝ հատկապես սոցիալական որոշակի խմբերի համար, օրինակ՝ արտասահմանից դրամական եկամուտներ ստացող ընտանիքների համար, որոնց ընտանեկան եկամտի մի մասը հիմնականում դրանցից է կազմվում, և նաև տարբեր կարճաժամկետ եկամուտներ ստացողների համար, որոնք սեզոնային տարբեր աշխատանքներով են զբաղվում, և այլն:

Այստեղ միանշանակ համատարած հայտարարագրումն արդեն, բնականաբար, կբերի եկամուտների ամբողջական հայտարարագրման, հետևաբար, նաև հարկման, և չի կարող չթողնել հարկային բեռի աճի հետևանք»:

Տնտեսագետը հավելեց, որ եկամուտների համատարած հայտարարագրումը բավարար չէ, որպեսզի ամբողջությամբ ֆինանսական հոսքերը լինեն թափանցիկ. անհրաժեշտ է ծախսերի հայտարարագրում ևս. «Միայն եկամուտների հայտարարագրումը դեռ բավարար չի լինելու այն նպատակների համար, որոնք հնչեցնում են պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ոլորտի պատասխանատուները. Պետք է եկամուտներ-ծախսեր ամբողջական շղթան հաշվառվի»:

Թ.Ավետիսյանի համոզմամբ՝ եկամուտների հայտարարագրման համար անհրաժեշտ է սոցիալ-տնտեսական նպաստավոր իրավիճակ՝ որոշակի ռիսկերից խուսափելու համար, մինչդեռ, ըստ նրա, ակնհայտ է, որ այդ ժամանակահատվածում չենք՝ պայմանավորված համավարակով, մակրոտնտեսական ցուցանիշներով.

«Կարճ ասած՝ մարդիկ ներկայումս կորցնում են կայուն եկամուտները, և տնտեսությունն էլ կանգնած է լուրջ դժվարությունների առջև, և ես չեմ կարծում, որ հիմա հենց առաջնային էր այս հարցը, որ բերվել է օրակարգ, էլ չասեմ, որ դա բերվել է եկամտահարկի համահարթեցումից հետո, և նաև գույքահարկի որոշակի խնդրահարույց փոփոխություններից հետո»:

Տնտեսագետի գնահատմամբ՝ նախագիծը մինչևվերջ ծանրութեթև արված չէ, և, թեև գեղեցիկ փաթեթավորմամբ նպատակներ են, այդուհանդերձ, այս պահին հնարավոր չէ գնահատել, թե ինչ ազդեցություններ ու հետևանքներ կլինեն: