Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելգիայի Թագավորության և երկրի ներքին գործերի նախարար Պիտեր դը Կրեմայի դեմ հայց է ներկայացվել դատարան մոտ 40 նախաձեռնող քաղաքացիների կողմից: Հայցը վերաբերում է իշխանությունների կողմից կորոնավիրուսի համաճարակի պատճառով ինքնամեկուսացման միջոցառումների սահմանմանը. ըստ yerkir.am-ի` հայտնում է RTBF-ն:
Հայց ներակայացող բելգիացիները համարում են, որ կառավարության սահմանած միջոցառումները սահմանափակել են իրենց անձնական ազատությունները և հակասում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Մասնավորապես` հայց ներկայացնողների փաստաբան Միքայել Վերստրատենը հայտարարել է, որ Բրյուսելը «պարզապես կրկնօրինակել է չինական սահմանափակումները, ինչը անթույլատրելի է և պահանջում է հետաքննություն»:
Բելգիայի մարդու իրավունքների լիգայի ղեկավար Պիեռ -Առնո Պորուտին համարում է, որ սահմանված միջոցառումները, անշուշտ, սահմանափակել են մարդկանց ազատությունները, «սակայն դրանք արդարացված են համավարակով, իսկ մարդու իրավունքների կոնվենցիան թույլ է տալիս որոշակի դեպքերում ժամանակավորապես սահմանափակել որոշ ազատություններ»:
Բելգիայի ՆԳՆ-ն դեռևս չի ծանոթացել իրեն ներկայացված մեղադրանքներին, սակայն ճանաչում է քաղաքացիների` դատարան դիմելու իրավունքը:
Բելգիան մի շարք սահմանափակումներ էր մտցրել մարտի կեսերից: Մասնավորապես` երկրի բնակիչներին թույլատրվում էր տնից դուրս գալ միայն խանութ, դեղատուն գնալու կամ մոտ հարազատների հետ զբոսնելու համար: Զանգվածային միջոցառումները, տոնակատարությունները արգելված էին, փակվել էին հասարակական սննդի վայրերը, դպրոցները:
Մայիսի 4-ից Բելգիան սկսել է կամաց-կամաց չեղարկել սահմանափակումները: Աշխատանքը սկսել են ձեռնարկությունները, որոնց աշխատակիցներն անմիջականորեն չեն շփվում այցելուների հետ, թույլատրվել է հյուր գնալն ու ընդւնելը, թեև խորհուրդ է տրվում դա անել փողոցում: Բացվել են ոչ պարենային խանութները, դպրոցները, վարսավիրանոցները, թանգարանները; Հասարակական տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր է:
Թագավորությունում, մարտի կեսից սկսած, կորոնավիրուսից մահացել է 9280 մարդ: