կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-18 15:29
Աշխարհ

Կարիբյան ծովը՝ Իրան-ԱՄՆ դիմակայության նոր փուլի թատերաբեմը

Կարիբյան ծովը՝ Իրան-ԱՄՆ դիմակայության նոր փուլի թատերաբեմը

Աշխարհի հետ Իրանի առեւտրատնտեսական հարաբերությունները հնարավորինս սահմանափակելու ԱՄՆ քաղաքականության էպիկենտրոնն այս օրերին Իրանի եւ Վենեսուելայի միջեւ էներգետիկ առեւտուրն է, ինչն էլ Կարիբյան ծովը կարող է վերածել Թեհրանի եւ Վաշինգտոնի դիմակայության հերթական փուլի թատերաբեմի:

Փաստորեն, Իրանի եւ Վենեսուելայի միջեւ առեւտրային կապն Իսլամական Հանրապետության վրա ԱՄՆ-ի՝ առավելագույն ճնշման քաղաքականության հերթական թիրախն է: Լարվածության նոր փուլի մեկնարկը տրվեց ընթացիկ ամսվա սկզբին, երբ արեւմտյան ԶԼՄ-ները հայտարարեցին, որ իրանցի մասնագետների կողմից Վենեսուելայի նավթամշակման կենտրոնների վերազինման դիմաց Կարակասը Թեհրանին ոսկու ձուլակտորներով է վճարել, եւ որ այժմ էլ նման կերպ է վճարում Իրանի կողմից առաքվող վառելանյութի դիմաց: Այս համատեքստում ԱՄՆ-ը հայտարարեց, որ իր ռազմանավերին գործուղում է Կարիբյան ծով, որպեսզի թույլ չտա Իրանին եւ Վենեսուելային` շրջանցելու սահմանված պատժամիջոցները:

Միեւնույն ժամանակ Իրանն էլ ԱԳ նախարարի եւ քաղաքական հարցերով նրա տեղակալի մակարդակով շտապեց հայտարարել, որ դեպի Վենեսուելա ուղղություն վերցրած իրանական լցանավերի դեմ ցանկացած սպառնալիք հանդիպելու է համաչափ, համարժեք եւ վճռական պատասխանի, եւ դրա հնարավոր հետեւանքների պատասխանատվությունը կրելու է Վաշինգտոնը: Իրանը եւ Վենեսուելան տեւական ժամանակ է, ինչ հայտնվել են ԱՄՆ տոտալ պատժամիջոցների նշանակետում: Գաղտնիք չէ, որ երկու երկրներն էլ փորձում են, ընդլայնելով երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունները, ինչ-որ կերպ թոթափել ամերիկյան պատժամիջոցների մամլիչ ճնշումը: Իրանը Վենեսուելային ապահովում է նավթամշակման կենտրոնների համար անհրաժեշտ սարքավորումներով եւ վառելանյութով, որոնց դիմաց Վենեսուելան Իրանին վճարում է ոսկու ձուլակտորների տեսքով: Իրանական փորձագիտական շրջանակներն, ընդգծելով պատժամիջոցների ճնշման ներքո հայտնված երկու երկրների հարաբերությունների կարեւորությունը, նշում են, որ Թեհրանի եւ Կարակասի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդումը կարող է «հակաթույնի» էֆեկտ ունենալ ամերիկյան պատժամիջոցների պայմաններում, հատկապես, երբ դրանք տեղի են ունենում փոխանակման տեսքով՝ շրջանցելով միջազգային պրակտիկայում ընդունված արտարժույթով /հիմնականում՝ դոլար/ վճարումները: Իհարկե, նրանք շտապում են զգուշացնել նաեւ, որ վճարումների նման համակարգն ունի իր սահմանափակումը, որը հիմնականում պայմանավորված է Վենեսուելայի ոսկու պաշրաների սահմանափակությամբ: Որպես այլընտրանք նրանք առաջարկում են հետեւել չինական օրինակին եւ վճարումների համար օգտագործել ազգային արտարժույթները:

Հիշեցնենք, որ Չինաստանը աշխարհի ամենաակտիվ երկրներից մեկն է, որը գործարքները կարգավորելու համար օգտագործում է դրամական համաձայնագրերը՝ առանց դոլարի ցիկլի անհրաժեշտության: Գաղտնիք չէ, որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով միջազգային էներգետիկ շուկաներում կտրուկ նվազել է նավթի եւ նավթամթերքների պահանջարկը, գների աննախադեպ անկումը եւ առաջարկի ու պահանջարկի միջեւ հավասարակշռության խախտումը լուրջ խնդիրներ է առաջացրել նավթ արտահանող երկրների համար, որոնք ոչ միայն տնտեսական լուրջ կորուստներ են կրել, այլ, նաեւ, կանգնել են նավթի եւ նավթամթերքների պահեստավորման խնդրի առջեւ:

Բացառություն չէ նաեւ Իրանը, որի նավթի եւ նավթամթերքի արտահանման ծավալներն առանց այն էլ նվազագույնի էին իջել ԱՄՆ պատժամիջոցների արդյունքում: Նման պայմաններում նավթամթերքի արտահանումը Վենեսուելա ոչ միայն կարող է մասնակիորեն լուծել դրա պահեստավորման խնդիրը, այլեւ կարող է որոշակի եկամուտի աղբյուր դառնալ Իրանի համար, որի կաթվածահար տնտեսությունն այս օրերին հայտնվել է չափազանց բարդ պայմաններում, ինչը կարող է սոցիալ-քաղաքական լրջագույն հետեւանքներ ունենալ երկրի եւ համակարգի համար:

Չմոռանանք, որ Իրանը եւ Վենեսուելան երկուսն էլ մեծապես տուժում են ԱՄՆ-ի տոտալ պատժամիջոցներից: Վենեսուելայի նավթարդյունաբերության եւ մատակարարման համակարգերը բազմաթիվ թերություններ ունեն, որոնք կարող են կարգավորել իրանցի բարձր որակավորում ունեցող մասնագետները: Մյուս կողմից ԱՄՆ-ը ձգտում է զրոյականի հասցնել արտաքին աշխարհի հետ Իրանի առեւտրատնտեսական հարաբերությունները /ինչը, պետք է խոստովանենք, որ մեծ հաշվով ստացվել է/, իսկ Թեհրանը փորձում է ելքեր գտնել ստեղծված փակուղային իրավիճակից: Այնպես որ` երկկողմ հարաբերությունների ամրապնդումը եւ անխափան ընթացքը կենսական նշանակություն ունի թե՛Իրանի, թե՛ Վենեսուելայի համար:

Ներկա դրությամբ այս հարաբերությունները կարող են ժամանակավոր փրկօղակի դեր կատարել երկու երկրների չափազանց տկարացած եւ ճգնաժամային տնտեսությունների համար, դառնալով ցավազրկող միջոց, որը կարող է թմրեցնել Թեհրանի եւ Կարակասի տնտեսությունների բորբոքված ներվերը` նրանց որոշակի մանեւրի հնարավորություն ընձեռելով: Հենց այս հանգամանքն էլ խոստանում է Կարիբյան ծովը վերածել թեժ կետի, որտեղ կարող են բախվել երեք երկրների՝ մի կողմից՝ Իրանի եւ Վենեսուելայի, իսկ մյուս կողմից՝ ԱՄՆ-ի շահերը, եթե, իհարկե, Վաշինգտոնը վճռակամ լինի իր սպառնալիքները խոսքից գործի վերածելու գործում:

Արամ Շահնազարյան

Alikonline-ի պատասխանատու-խմբագիր