կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 23:19
Տնտեսական

Մոտ 800 միլիոն դրամի վկայագիր արդեն տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին

Մոտ 800 միլիոն դրամի վկայագիր արդեն տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին

Բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացիոն ծառայության աշխատակիցներն անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ընդհանուր հանրագումարով 796 միլիոն 835 հազար դրամի վկայագիր արդեն բաժանվել է շահառուներին։ Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Միգրացիոն ծառայությունից։

2019թ. նոյեմբերի 21-ին Կառավարությունն ընդունեց «ՀՀ 2019թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2018թ. դեկտեմբերի 27-ի N1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու  մասին» և ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշումները։

Այդպիսով, Ադրբեջանից բռնագաղթած և անօթևան մնացած 112 ընտանիքներին տրամադրվում են բնակարանի գնման վկայականներ։ Մասնավորապես,  ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1,5 մլրդ դրամ։ Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի։

1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված  ընտանիքների  բնակարանային  խնդրի լուծման աշխատանքները, հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը, տարանջատվել են ըստ առաջնահերթության: ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունն առաջնորդվել է ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների (Աջափնյակ, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններ), և ընդգրկել է մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները: Մասնավոր սեփականություն հանդիսացող կացարանների («Սեբաստիա» հյուրանոց, «Նաիրի» հյուրանոց, «Ինտերռիմինի» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հանրակացարան) ընդգրկումը պայմանավորված է այս ընտանիքների անօթևանության մեջ հայտնվելու ամենօրյա վտանգով, քանի որ այդ ժամանակավոր կացարաններից սեփականատերերի կողմից ազատման պահանջ ներկայացվելու դեպքում այդ ընտանիքների պաշտպանվածության իրավական արդյունավետ մեխանիզմները բացակայում են: Արդյունքում, Երևան քաղաքի վարչական շրջաններում հերթականությամբ ամբողջությամբ և վերջնականապես  լուծվում են Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային հարցերը: