կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-16 17:54
Հասարակություն

Տաթև համայնքին տրամադրվել են շուրջ 167 միլիոն դրամի տեխնիկական միջոցներ և սարքավորումներ

Տաթև համայնքին տրամադրվել են շուրջ 167  միլիոն դրամի  տեխնիկական միջոցներ և սարքավորումներ

Սյունիքի մարզի Տաթև համայնքի  Շինուհայր կենտրոնում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և համայնքների զարգացմանն աջակցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր  ծանոթացել են   Սյունիքի  մարզի Տաթև խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Տաթև համայնքին  «Տաթև համայնքի ներհամայնքային ճանապարհների սպասարկման, կանոնավոր աղբահանության, գյուղտեխնիկայի վերազինման և ջրամատակարարման համակարգի մասնակի բարելավման»  ծրագրի շրջանակներում տրամադրվելու է 1 ինքնաթափ մեքենա, 1 աղբատար մեքենա, 1 ավտոգրեյդեր, 2 կոմբայն և 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր:

Տրամադրվող տեխնիկական միջոցների և սարքավորումների գնման ընդհանուր արժեքը կազմում է 166 միլիոն  885 հազար  750 դրամ:  2 կոմբայնը և 1 ավտոգրեյդերը (թվով 3 մեքենա միավոր ) արդեն իսկ գտնվում են համայնքում, մնացած թվով 3 տեխնիկա միավորների ձեռքբերման գնման գործընթացը ավարտվել է և առաջիկայում կհասնի համայնք:

Նույն ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել տեխնիկայի սպասարկման կայանատեղի, ինչպես նաև կգնվեն  150 հատ աղբաման: Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են   Տաթև խոշորացված համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով:

USAID-ի Աջակցություն տեղակական ինքնակառավարման բարեփոխումներին ծրագրի շրջանակներում Դիլիջան միավորված համայնքում 2017-18 թթ. ընթացքում կկատարվի 1.700.000 դոլարի ներդրում: 2016- թվականի ավարտին արդեն Դիլիջան համայնք են  հասել 3 ինքնաթափ բեռնատար,  2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր,  1 գրեյդեր:

Խոշորացման համատեքստում կազմավորված համայնքների ներուժը մեծացնելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից՝ ի դեմս USAID-ի (ԱՄՆ-ՄԶԳ) «Աջակցություն տեղակական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և Շվեյցարիայի Համադաշնության կառավարության կողմից՝ ի դեմս Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ֆինանսավորվել և ֆինանսավորվելու են նաև  բազմաբնակավայր Ուրցաձոր, Վայք, Զառիթափ, Գորայք, Մեղրի, Տեղ, Ջերմուկ, Նոյեմբերյան, Կոթի, Այրում, Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ  համայնքներում ներկայացված ներդրումային ծրագրերը:  

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն