կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-11 18:19
Հասարակություն

Մանկատան ևս 30 շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր է ստացել

Մանկատան ևս 30 շրջանավարտ բնակարանի գնման վկայագիր է ստացել

Մանկատան ևս 30 շրջանավարտ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր ստացավ բնակարանի գնման վկայագիր: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

«Իրականում, մեզ համար ևս շատ հուզիչ է այս իրադարձությունը: Շնորհավորում եմ բոլորիդ և հուսով եմ, որ այս հնարավորությունը կփոխի ձեր կյանքի որակը, կապահովի բարեկեցիկ պայմաններ՝ ընտանեկան երջանկություն ստեղծելու համար: Նախարարությունը շատ է կարևորում նաև մարզերում բնակարանների ձեռքբերումը, ինչին զուգահեռ դուք առաջնահերթության կարգով կարող եք ընդգրկվել զբաղվածության պետական ծրագրերում, վերապատրաստվել և զբաղվել ձեռներեցությամբ»,- արարողության ժամանակ նշել է նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:

Այնուհետև, մանկատան շրջանավարտներին պարզաբանվել է բնակարանների գնման հետ կապված մի շարք տեխնիկական հարցեր, զբաղվածության ծրագրերում ընդգրկվելու պայմանները, որոնց միջոցով նրանք կարող են ապահովել կայուն աշխատանք և եկամուտ:

Հիշեցնենք, որ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը մեկնարկել է 2019 թ.-ի դեկտեմբերից՝ Կառավարության համապատասխան որոշման ընդունումից հետո: Որոշումը վերաբերում է մանկատան 300 շրջանավարտների: Այդ նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հատկացրել է 1.9 մլրդ դրամ՝ իր խնայողությունների հաշվին:

Մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրվում են Հայաստանի Հանրապետության տարածքում 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարանների ձեռքբերման համար: Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով բնակարաններ: