Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիան կոչ է անում Եվրամիության երկրներին` տնտեսական պատժամիջոցներով պատասխանել Հորդանանյան դաշտավայրի և Հորդանանի արևմտյան ափի վրա իսրայելական ինքնիշխանությունը տարածելու ծրագրին: Ընդ որում` պատասխան գործողությունները պետք է նման լինեն Բրյուսելի կողմից «Ղրիմի անեքսիայի» ժամանակ Ռուսաստանի նկատմամբ կիրառվածներին: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, տեղեկացնում է Ynet-ը:
Ֆրանսիացի դիվանագետներն արդեն սկսել են այդ հարցով խորհրդակցությունները եվրոպացի գործընկերների հետ, իսկ ավելի մանրամասն նախաձեռնությունը կքննարկվի մայիսի 15-ին` ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Բրյուսելյան ընթացակարգերի համաձայն` առաջարկը նախ քննարկվում է Եվրահանձնաժողովում և Արտաքին կապերի եվրոպական ծառայությունում, ապա քվեարկության է դրվում ԵՄ խորհրդում: Ընդ որում` ուժի մեջ մտնելու համար հարկավոր է ԵՄ անդամ բոլոր 27 երկրների հավանությունը:
Այդ երկրների մոտ մեկ երրորդը, այդ թվում` Ֆրանսիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Իռլանդիան, Իսպանիան, ավանդաբար պաղեստինամետ է: Մեծ է հավանականությունը, որ նրանք քվեարկեն պատժամիջոցների օգտին: Մյուս բևեռում են Չեխիան, Ավստրիան, Հունգարիան, Բուլղարիան, Ռումինիան, որոնք բարեկամաբար են տրամադրված Իսրայելի նկատմամբ: ԵՄ անդամ մյուս երկրները համեմատաբար չեզոք դիրքորոշում ունեն, և նրանց քվեարկությունը մեծ մասամբ կախված է քննակվող հարցից:
Միջազգային հանրության կողմից ավանդաբար պաղեստինյան համարվող տարածքների անեքսիայի հեռանկարը բացասաբար է ընկալվում ԵՄ բազմաթիվ երկրներում, սակայն դա չի նշանակում, որ նրանք կողմ կարող են լինել Իսրայելի դեմ կոշտ պատժամիջոցներին: ԵՄ պաշտոնական ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ «անեքսիան հակասում է միջազգային իրավունքին», և զգուշացրել է, որ «Եվրամիությունն իրեն իրավունք է վերապահում արձագանքելու համապատասխան կերպով»:
Reuters գործակալության աղբյուրների համաձայն` Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախաձեռնության հետևում իրականում Ֆրանսիան չէ, այլ Ժոզեպ Բորել Ֆոնտելիեսը` ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատարը: Նրա հակաիսրայելական հայացքները հայտնի էին դեռևս նրա` Իսպանիայի արտգործնախարար եղած ժամանակ (այդ պաշտոնում ընտրվել էր Սոցիալիստական աշխատավորական կուսակցության կողմից): Հենց Բորելն էր ղեկավարում Իսպանիայի կողմից Պաղեստինի անկախության ճանաչման գործընթացը, նաև պահանջում էր բոյկոտ հայտարարել Իսրայելին:
Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ նախաձեռնողների կարծիքով` դրանք պետք է համեմատելի լինեն «Ղրիմի անեքսիայից» հետո Ռուսաստանի նկատմամբ կիրառվածների հետ: 2014-ից ԵՄ-ն անհատական պատժամիջոցներ է կիրառում ռուսաստանյան մի շարք ընկերությունների ու անձանց նկատմամբ, արգելել է ներմուծումը Ղրիմ, իր նավերի մուտքը Ղրիմի նավահանգիստները: Նաև դադարեցվել են ներդրումները, գործարար համագործակցությունը նորարարությունների ոլորտում, կան նաև այլ սահմանափակումներ:
Եվրամիությունը Իսրայելի հիմնական առևտրային գործընկերներից է, երկրի արտահանման զգալի մասը բաժին է ընկնում ԵՄ երկրներին: Բացի դրանից` ԵՄ-ի և Իսրայելի միջև գործում է նորարարությունների և ներդրումների ոլորտի վերաբերյալ համաձայնագիր: Սակայն Իսրայելն էլ Եվրամիության համար ոչ պակաս կարևոր է, հատկապես` բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
ԵՄ-ի հավանական «պատասխան քայլերի» թվում կարող է լինել նաև Պաղեստինի անկախության պաշտոնական ճանաչումը, ինչպես 2014-ին դա արեց Շվեդիան: Ըստ էության` այդպիսի «պատիժը» որևէ կերպ չի ազդի Իսրայելի վրա. Պաղեստինի անկախությունը բազմիցս ճանաչվել է տարբեր ձևաչափերով ու առիթներով: Այնուամենայնիվ, եվրոպացիներին դժվար կլինի անտեսել ԱՄՆ վարչակազմի իսրայելամետ դիրքորոշումը: Շատ բան կախված կլինի նաև Գերմանիայի դիրքորոշումից, որը հուլիսի 1-ից ստանձնում է ԵՄ նախագահությունը:
Մայիսի 13-ին Իսրայել է ժամանելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որը քննարկելու է այդ տարածքների հարցը Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի և իսրայելական կառավարության հաջորդ ղեկավար Բենի Գանցի հետ: