կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-09 12:06
Արցախ

Մայիսի 9-ի ժամը 6:15-ին հայոց զորաջոկատները մտան Շուշի, հայոց բանակի յուրօրինակ շքահանդես էր

Մայիսի 9-ի ժամը 6:15-ին հայոց զորաջոկատները մտան Շուշի, հայոց բանակի յուրօրինակ շքահանդես էր

Yerkir.am-ը ներկայացնում է հատված Հովհաննես Այվազյանի` Արցախյան ազատամարտին նվիրված «Հաղթելու արվեստը» գրքից (Երևան, հեղինակային հրատարակություն, 2011):

Խոջալուի անկումից հետո անսպասելիորեն ակտիվացան ադրբեջանական բոլոր կրակակետերը՝ Շուշիի, Քյոսալարի, Ջանհասանի, Աղդամի, Ֆիզուլու, Շահումյանի շրջանի և այլ բնակա­վայրերի: Դա հոգեբանորեն կարելի էր բացատրել որպես թակարդն ընկած և գլուխը կորցրած գազանի վարքի դրսևորում:

1992 թ. մարտի 3-ին ջերմային հրթիռով ադրբեջանցիները խփեցին Շահումյանից Հայաստան թռչող Մի-26 ուղղաթիռը, որի հետևանքով զոհվեց 17 մարդ, վիրավորվեց՝ 38-ը: Շուշին անընդ­մեջ կրակի տակ էր պահում Շոշ ու Քարինտակ գյուղերը: Ստեփանակերտում քանդվում էին շենքեր, զոհվում մարդիկ, համա­տարած հրետակոծությունների պայմաններում հացի, ջրի, ջեր­մության պակասը շարունակում էր իր սև գործը:

Հակառակորդը, չբավարարվելով հեռահար հրետակոծու­թյուններով, անցավ անմիջական հարձակումների: Մարտակերտի Կիչան և Դազանչի գյուղերի վրա հարձակվեցին 9 ծանր տան­կերով, 20 զրահամեքենայով ու մի քանի հարյուր զինվորով: Ղազանչին ամբողջությամբ հրդեհվեց:

Ավելի ուշ` ապրիլի 10-ին, նույն բախտին արժանացավ նաև Մարտակերտի Մարաղա գյուղը: Օմոնականներն աչքի ընկան աներևակայելի դաժանությամբ, գյուղն ամբողջությամբ բնա­ջնջվեց, զոհվեց 53 մարդ` կանայք, երեխաներ և ծերեր, կենդանի մնացած բնակիչները գերեվարվեցին:

Ռազմական գործողությունները բոլոր ուղղություններով, նաև Հայաստանի սահմանի երկայնքով, սաստկացան:

Աշխարհն սկսեց քննարկել Խոջալուի անկման մանրամասները, և տարատեսակ մեկնաբանությունների ու մեղսակցության ակնհայտ մեղադրանքով` նախագահ Մութալիբովը 1992 թ. մար­տի 6-ին հրաժարական տվեց: Նրան ԱԺՃ-ն մեղադրում էր առա­ջին հերթին ռուսական կողմնորոշման համար, ապա նաև Ղարաբաղում ոչ բավարար խստության համար: Նրա հրաժարականից անմիջապես հետո Ադրբեջանի վարչապետ Հասան Հասանովը հայտարարեց. «Մենք մտադիր ենք այսուհետ էլ շարունակել մար­տերը, իսկ բանակցություններ կսկսվեն միայն այն ժամանակ, երբ հայկական բանակը կհեռանա Ղարաբաղից»: Ադրբեջանում հայ­տարարվեց այսպես կոչված «այրված հողի» մարտավարություն, որը նշանակում էր Ղարաբաղի ցանկացած թիզ հողը կրակով հայ գրոհայիններից մաքրելու պատերազմ: Այդպես ժամանակին վարվել է շահ Աբբասը:

Ստեղծված ծայրահեղ պայթյունավտանգ իրավիճակից ան­հանգստացած` բազմաթիվ երկրների ղեկավարներ, նաև միջազ­գային կազմակերպությունների ներկայացուցիչներ հանդես եկան հայտարարություններով, նրանցից ոմանք ժամանեցին տարա­ծաշրջան: Այդ օրերին հայտարարություն արեց նաև ԱՄՆ-ի նախագահ Ջ. Բուշը. «Կողմերը չպետք է ձգտեն ժամանակավոր ռազմական գերազանցության, հարցը պետք է լուծել բացառա­պես խաղաղ ճանապարհով»: Ստեփանակերտ եկավ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Սայրոս Վենսը, նրան հե­տևեցին Ռուսաստանի արտգործնախարար Ա. Կոզիրևը` տարածաշրջանում խաղաղության հաստատումն արագացնելու առա­քելությամբ, Իրանի փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզին և ուրիշներ: Իսկ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը զսպվածության կոչ արեց` Արևմուտքին հայերի կողմը չմղելու և Ղարաբաղի հակամարտությունը հայ-ադրբեջանական, քրիստոնեա-մահմեդական պատերազմի չվերածելու մտավախությամբ:

Մինսկում նախատեսվում էր խորհրդաժողով հրավիրել ԼՂ հարցի շուրջ:

Իսկ հրետակոծություններն ու գնդակոծությունները շարունակվում էին, կենդանի ուժի հարձակումները` հաճախանում: Նման հարձակումներից մեկի ժամանակ Շուշիից տանկերը հա­սան մինչև Ստեփանակերտի արվարձան, բնակելի շենքեր ավեր­վեցին, ու զոհեր եղան:

Շուշին ազատագրելու անհրաժեշտությունը դառնում էր ավելի քան կենսական: Չնայած հայը երբեք չի հաշտվել այն մտքի հետ, որ Ղարաբաղի մարգարիտը երբևէ կարող էր մնալ ադրբեջանցի­ների ձեռքին, բայց այդ օրերին դա նաև մահու և կենաց խնդիր էր:

«Շուշիի ազատագրման պլանը պատրաստ էր ապրիլի կեսե­րին,- պատմում է այժմ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերա­տիվ վարչության պետ, շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովը,- այն կոչվել էր «Հրազդան» պայմանա­կան անունով: Պլանը հաստատված էր ՀՀ պաշտպանության նա­խարար Վազգեն Սարգսյանի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանի կողմից»:

«Հրազդան», որովհետև, երբ Ստեփանակերտից նայում ես Շուշիին, այն Երևանի «Հրազդան» մարզադաշտի տեսքն ունի»,- լրացնում է գեներալ Դալիբալթայանը:

«Գլխավոր շտաբի հանձնարարությամբ ես այդ պլանը տարա Ստեփանակերտ,- շարունակում է Լ. Մարտիրոսովը,- պարզվեց, որ այնտեղ էլ էր նման մի պլան մշակվել` Շուշիի ազատագրման մարտե­րի ընդհանուր հրամանատար նշանակված գնդապետ Արկադի Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ: Այդ երկուսն իրար շատ նման էին»:

«Շուշիի ազատագրման պլանը մենք անվանել էինք «Հարսանիք լեռներում»,- պատմում է Արկադի Տեր-Թադևոսյանը` ՀՀ պաշտպանության նախարարի ներկայիս օգնականը, գեներալ-մայոր,- Վազգեն Սարգսյանի հետ ներքին մի պայմանավորվածություն ունեինք, մենք Շուշին կվերցնենք, ինքը կամուսնանա, Շուշիի ազատագրման տոնը կշարունակենք սպարապետի հարսանիքով»:

Ցավոք, որքան էլ որ հաջող էր այս ռոմանտիկ անունը կրող պլանի առաջին մասը, բայց երկրորդ մասը այդպես էլ չիրականացավ:

«Խոջալուի գործողության նախապատրաստության օրինակով Ստեփանակերտում պատրաստեցինք նաև Շուշիի մանրակերտը, որի վրա ցույց էին տրված ռազմական գործողությունների բոլոր մանրամասները: Դա խիստ օգտակար էր մեր հրամանատարներից շատերի համար: Հավաքեցինք բոլոր դաշտային հրամանատարնե­րին, և մի շաբաթից ավելի ես նրանց հետ ուսումնառազմական պարապմունքներ անցկացրի,- շարունակում է Լ. Մարտիրոսովը: - Ամեն օր գալիս և մեր պարապմունքներին հետևում էր Սերժ Սարգսյանը: Դրանից հետո նախապատրաստեցինք հրետանին և հրանետներն այնպես տեղադրեցինք, որ հնարավոր լիներ Շուշիի հետ միաժամա­նակ խփել նաև Աղդամին: Դա շատ օգնեց գործին, որովհետև թշնամու ամենահզոր կրակակետն Աղդամն էր. այնտեղից ամեն վայրկյան կարող էին խփել և ձախողել մեր գործողությունները: Հարձակումն սկսելուց մի քանի օր առաջ եկավ Դալիբալթայանը»:

Հրամանատարական կետը տեղադրվեց Քարաշեն (Դաշուշեն) և Շոշ գյուղերի միջև` գերիշխող բարձունքի վրա, որտեղից ամ­բողջ Շուշին երևում էր ինչպես ափի մեջ: Նույնիսկ առանձին մարդկանց շարժումներն էին տեսանելի: Եղած ողջ ուժը` շուրջ 2500 մարդ, որը գրեթե հավասար էր հակառակորդի ունեցած մարդուժին, բաշխվեց ճակատի ամբողջ լայնությամբ: Շուշին հարձակման կրակի տակ վերցվեց բոլոր ուղղություններով: Զոր­քը բաժանվեց 4 հիմնական ուղղության` առանձին գումարտակ­ներով: Հյուսիսարևմտյան` Քյոսալար-Ջանհասան ուղղությունը հանձնարարվեց Սեյրան Օհանյանի գումարտակին: Այդ ուղղու­թյամբ շատ դաժան մարտեր եղան, և զգալի կորուստ ունեցանք: Անհրաժեշտ էր փակել Քյոսալարից ու Ջանհասանից Շուշիին հնարավոր օգնության ճանապարհը, որտեղ կենտրոնացված էր թշնամու հսկայական ռազմատեխնիկա և 1000-ից ավելի զինվոր: Ոչ միայն հաջողվեց դաժան մարտերով գրավել այդ ուղղության գերիշխող բարձունքներն ու ապահովել Շուշին գրոհող զինվոր­ների թիկունքը, այլև մեկընդմիշտ ոչնչացվեցին Քյոսալարի և Ջանհասանի` ամիսներ շարունակ Ստեփանակերտը հրետակո­ծող կրակակետերը:

Հյուսիսային` Ստեփանակերտը Շուշիին միացնող ավտոճա­նապարհի ուղղությամբ, որը հետևակի համար ամենամատչելին էր, տեղաբաշխվեց Վալերի Չիթչյանի գումարտակը: Այդտեղ ծա­վալվեցին Շուշիի ազատագրման հիմնական գործողությունները, այդ ուղղությունը բառիս բուն իմաստով մարտերի իսկական թա­տերաբեմ էր: Ամեն ինչ հրամանատարական կետի աչքի առաջ էր, որտեղ իր տարերքի մեջ էր գլխավոր հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը: Հրամանատարական կետից ձախ` Շոշից, որն արևելյան ուղղությունն էր, մարտերին մասնակցում էր Արկադի Կարապետյանի գումարտակը: Նրա ջոկատներն առաջինը` Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, սկսեցին գրոհել հզոր զինապահես­տի վերածված Շուշիի հայտնի բերդի պարիսպները:

Շուշիից հարավ գործողությունների համար նախատեսված ուժերը տեղաբաշխվեցին Չանախչի (Ավետարանոց), Սղնախ և Քարինտակ գյուղերում: Գումարտակներից մեկի հրամանատարը Սամվել Բաբայանն էր, մյուսինը` Վալերի Բալայանը: Նրանց խնդիրը Լիսագորը չեզոքացնելն էր ու նրա հարևանությամբ գտնվող հեռուստակայանը գրավելը: Սակայն առատ ձյան պատ­ճառով նրանք տեղաշարժվելու լուրջ դժվարություններ ունեցան և դրված առաջադրանքը ժամանակին չկարողացան կատարել, չնայած, այդ հանգամանքը նախապես հաշվի առնելով, ձիեր էին հավաքել, ու փաստորեն կազմավորվել էր հեծելազոր: Շուշիի գործողություններն ավարտելուց մեկ շաբաթ անց միայն հնարա­վոր եղավ այդ առաջադրանքը կատարել` Սեյրան Օհանյանի և Յուրի Հովհաննիսյանի (նրա կանչի համարը 26-ն էր, հիշում է Դալիբալթայանը, հայտնի էր 26-ի Յուրա անունով) զորաջոկատների մասնակցությամբ:

Սղնախի անտառներում նախնական վարժանք անցած դաշնակ տղերքի մի ջոկատ` Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, ուղևոր­վեց դեպի Զարիսլու` այդ կողմից հնարավոր հարձակումը կանխե­լու և ավտոճանապարհը վերահսկելու համար: Այդ ուղղությունը նախատեսված էր նաև թշնամու հնարավոր նահանջի համար:

Այս նյութը շարադրելիս իմ մշտական ուղեկիցն ու կողմնորոշի­չը «Հրազդան» գործողության պլանն էր, մի տոպոքարտեզ, որի վրա բազմաթիվ գունավոր նշաններով, ամենայն մանրամասնու­թյամբ նշված են ուժերի ու կրակակետերի տեղաբաշխումը, հար­ձակումների և շրջանցումների ուղղությունները, հրամանատարական դիտակետերը, ինչպես նաև գործողությունների իրակա­նացման ժամանակացույցը: Քարտեզի վերևի ձախ անկյունում ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ստորագրու­թյունն է` «Հաստատում եմ» մակագրությամբ, ներքևի աջ անկյու­նում` գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանի ստորագրությունն ու տարեթիվը` 15 ապրիլի, 1992 թ.:

Շուշիի գործողության մասնակից բոլոր հրամանատարներն ու զինվորների հիմնական մասը քաջ ու փորձված տղերք էին, միա­սին անցել էին բազմաթիվ մարտերի թեժ կրակներով: Դա շատ օգնեց հաղթանակին և լրջորեն նպաստեց ամբողջ գործողության համալիր իրականացմանը: Դա հատկապես ընդգծում է Արկադի Տեր-Թադևոսյանը, ում ժողովուրդն այդ գործողությունները փայ­լուն ղեկավարելու համար սիրով կնքեց Կոմանդոս պատվանու­նով: Դրան հակառակ, ըստ Կոմանդոսի, խիստ անկազմակերպ էին ադրբեջանցիները, և նույնիսկ արտաքուստ նկատելի էին նրանց գործողությունների անհամաձայնությունները: Կասկածից վեր է, որ այստեղ էական դեր խաղաց նաև հոգեբանական գործո­նը. եթե հայ զինվորը գիտեր, թե ինչի համար է կռվում և պատրաստ էր կյանքը տալու, ապա ադրբեջանցի զինվորն զգում էր, որ այդ հողն իրենը չէ, այն ամուր չէ իր ոտքի տակ և իրեն պաշտպանել չի կարող:

Այս մասին է վկայում մասնավորապես Շուշիի ազատագրումից հետո Սերժ Սարգսյանի հետևյալ խորիմաստ խոսքը. «Մեր տղա­ները գիտեին, թե ինչի համար են մարտնչում, հայրերը գիտեին, թե ինչի համար են իրենց որդիները մահվան գնում»: Մյուս կողմից` շատ կարևոր էր նաև հայ զորահրամանատարների ռազմավարա­կան տաղանդը, ինչը պարզապես փայլեց այդ օրերին: Սերժ Սարգսյանն այդ մասին նույնպես նկատել է. «...տաղանդավոր հրա­մանատարների դերն Արցախի ազգային-ազատագրական պայքա­րում դժվար է գերագնահատել: Հայոց հողը, որ տասնյակ նշանա­վոր զորապետներ է տվել, դարձյալ շռայլ է տաղանդներով: Այսօր­վա հերոսների համաստեղության մասին, վստահ եմ, դեռ կգրվի»: Հուսանք, որ այս գիրքը մասամբ կլրացնի Արցախյան ազատամար­տի մասին գրված և ապագայում գրվելիք գրականության ցանկը:

Շուշիի գործողությունը նախատեսված էր սկսել 1992 թ. մայի­սի 4-ին, բայց վատ եղանակի պատճառով հետաձգվեց: Այդ տա­րի Ղարաբաղում արտասովոր ձյուն էր եկել, ու ցուրտ էր: Կար նաև զենքի պակաս, որն այդպես էլ տեղ չհասավ մինչև գործողու­թյունն սկսելը: Հակառակ դրան` Շուշիում թշնամին այնքան զենք էր կուտակել, որ ամբողջ պատերազմին կբավարարեր: Այդ զեն­քի մեծ մասը մեզ մնաց: Գործողությունն սկսվեց մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2:30-ին: Մինչ այդ Արցախի թեմի առաջնորդ Պար­գև սրբազանն օրհնեց ու հաջողություն մաղթեց ԻՊՈՒ շտաբի ան­դամներին: Բոլոր ուղղություններով գործողություններն սկսվե­ցին միաժամանակ, և թշնամին հանկարծակիի եկավ: Պատերազ­մի հանկարծակիությունը միշտ էլ վճռորոշ դեր է խաղացել նրա հետագա ընթացքում, որի համար էլ, թերևս, բոլոր մեծ պատե­րազմներն սկսվել են անսպասելի ժամերի` գիշերով: Մեզ համար և՛ Խոջալուն, և՛ Շուշին շատ կարևոր, հենց այդպիսի պատերազմ­ներ էին: Շուշին Խոջալուից շատ ավելի մասշտաբային էր, և այս­տեղ ընդգրկված էին մեր ունեցած գրեթե բոլոր փորձված ուժերը:

Հրամանատարական կետում ամբողջ գիշեր մթնոլորտը շիկա­ցած էր. գլխավոր հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը, մեկ այս, մեկ այն հրամանատարի հետ կապվելով, կարգավորում էր հարձակման շնչառությունը:

Լուսաբացին մեր տղաներն արդեն բերդապարսպի վրայով թափանցում էին քաղաք և դիմահար կրակ էին բացել թշնամու վրա: Ավտոմատների խլացնող կրակահերթերի ձայնն արձագան­քում էր շենքերի մուտքերի ու կտուրների դատարկության մեջ: Երկուստեք զոհվում էին, իսկ հողն արճճի ջերմությունից շիկացել էր:

«Ամեն ինչ կազմակերպված և արտակարգ հաջող էր մինչև ժամը 9:30-10-ը: Մեր հրետանին անընդմեջ խփում էր, տանկերն արդեն լանջն ի վեր մագլցելով հասնում էին քաղաքի դարպասնե­րին: Բայց թշնամու տանկերից մեկն արագ մանևրելով դուրս էր գալիս քաղաքի դարպասից, կրակում մեր հարձակվող ջոկատնե­րի վրա և նույն արագությամբ հետ էր քաշվում: Հավանաբար անձնակազմը ռուս տղերք էին: Շատ վտանգավոր մի վիճակ էր,- պատմում է Ֆելիքս Գզողյանը: - Հերթական մանևրի ժամանակ, դա մոտավորապես ժամը 10-ին էր, այդ տանկը խփեց մերին: Մեր տանկն արագ բռնկվեց, ու մի ակնթարթում սեղմված գազի հետ անձնակազմը դուրս շպրտվեց տանկի խցիկից: Սարսափելի մի տեսարան էր. տղաները վախեցան ու շփոթվեցին: Գործողու­թյունները մի պահ դադարեցրին, ու անորոշ մի շփոթ սկսվեց: Վախը, գիտեք, վախն անհաղթահարելի հրեշ է: Շատ վտանգա­վոր անորոշություն էր: Դեդը (Դալիբալթայանը - Հ. Ա.) ինձ ասաց` գնալ է պետք, Ֆելիքս, շատ վտանգավոր վիճակ է»:

Գեներալի այդ խոսքից հետո Գզողյանն իր որդի Արսենի հետ կարծես մի ակնթարթում, հասավ տղաներին: Նրանք իսկապես չգիտեին` ինչ անել, առա՞ջ գնալ, թե՞ սպասել համալրման: Թշնա­մին դեռ կազմակերպված և լուրջ դիմադրում էր:

«Ես այնտեղ արդեն նկատեցի, որ մեր ուժերն այդ ուղղությամբ քիչ են. վերադասավորություն էր պետք, մարդկանց ոգևորել էր պետք: Կապվեցի գեներալի հետ: Հայտնեցի որոշումս` մինչև երե­կո այս ուղղությամբ հարձակումը դադարեցնելու մասին: Քիչ անց տեսնեմ` Դալիբալթայանն ինքը եկավ` Նոյի պես նախաջրհեղե­ղյան խռովքը դեմքին»:

Այո, Դալիբալթայանը հույսի ու համարձակության այն երաշ­խիքն էր, որ զինվորին պիտի վստահություն ներշնչեր և հաղթելու ոգի ներարկեր նաև Շուշիի մատույցներում: Նա իր անձի անվտանգության մասին մազաչափ անգամ չէր մտածում: Դա գուցե նրանից էր, որ գեներալն արդեն Շահումյան էր տեսել և թունդ մկրտություն ստացել այնտեղ` մարդկային վախն ու սար­սափը փարատող մկրտություն: Մյուս կողմից, սակայն, ինչ անձ­նական անվտանգության մասին կարող էր խոսք լինել, երբ հայ ամբողջ մի զորաջոկատի ճակատագիրը մազից էր կախված: Յուրաքանչյուր մի անզգույշ քայլ կարող էր վերջինը լինել: Գենե­րալը դա քաջ գիտակցում էր և հենց դրա համար էր եկել:

Նրա հայտնվելով` վիճակն անմիջապես փոխվեց, տղաներն ասես մի ակնթարթում սթափվեցին, և վախն իսպառ վերացավ: Բոլորն այդ պահին արդեն պատրաստ էին շարունակելու գրոհը, բայց գեներալը թույլ չտվեց: Որոշեց այնուամենայնիվ սպասել մինչև երեկո: Պետք չէր ավելորդ զոհեր տալ, իսկապես ուժերը համալրել ու վերադասավորել էր պետք:

Այդ չնախատեսված դադա՞րն էր պատճառը, թե՞ գլուխը կորց­րած թշնամու սարսափի վայնասունը, դժվար է ասել, որ օդում հայտնվեցին Սու-25 մի կործանիչ ու 2 ռազմական ուղղաթիռ և աջ ու ձախ սկսեցին ռմբակոծել, կրակ թափել: Միայն երջանիկ պատահականությամբ մերոնք չտուժեցին, արագ` ով ինչպես կա­րող էր, հասցրեց թաքնվել բնական թաքստոցներում: Շատ ավե­լի ուշ պարզվեց, որ օդային այդ հարձակումը վաղուց նախատես­ված էր, իսկ նպատակը քաղաքի զինապահեստները պայթեցնելն էր: Դրանց հետ հօդս կցնդեր նաև ամբողջ քաղաքը: Շուշին այդ օրերին կրակին դրված վառոդի տակառի էր նման: Ազատագրու­մից հետո քաղաքում միայն «Գրադի» 3 հզ. չօգտագործված արկ հայտնաբերվեց և արկի 5 հզ. դատարկ արկղ: Դրանք ամիսներ շարունակ պայթում էին Ստեփանակերտի ու հայկական հարևան գյուղերի վրա` մահ ու ավեր սփռելով ամենուր:

Մնացածը կատարվեց այնպես, ինչպես նախատեսված էր` գիշերով:

Համալրված և ուժերին վստահ զինվորները գեներալի մաս­նակցությամբ անցան հարձակման ու մինչև բենզալցման 3-րդ կայան հասան հաշված րոպեների ընթացքում` առանց դիմադրու­թյան հանդիպելու:

Կրակե օղակի մեջ հայտնված թշնամին այլևս ոչինչ անել չէր կարող` նահանջելուց բացի: Քաղաքում հայտնված և ամեն ինչում իրեն գերազանցող հայ զինվորի հետ թշնամին մնալ չէր կարող: Ուստի ամբողջ կենդանի ուժն ու սակավաթիվ խաղաղ բնակչու­թյունը հավաքվեցին հեռուստակայմի ուղղությամբ և քաղաքից դուրս եկան դեպի Լաչին տանող ճանապարհով: Նրանց հեռաց­ման համար այդ միջանցքը նախապես թողնված էր:

Այդ ամենը կատարվեց բավական արագ, և առավոտյան ար­դեն քաղաքը մաքրված էր:

Մայիսի 9-ին, ժամը 6:15-ին գեներալ Գուրգեն Դալիբալթայանի գլխավորությամբ հայոց զորաջոկատները մտան Շուշի` ամա­յի կենտրոնական փողոցով: Դա հայոց բանակի յուրօրինակ մի շքահանդես էր: Տեսնել էր պետք ընդամենն այդ պահի հպարտու­թյունն ու նվաճված հաղթանակի բերկրանքը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

Գ.Հ. ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻՆ ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Գուրգեն Հարությունի ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻՆ շնորհել գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                        Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևան, 29 մայիսի, 1992թ.


ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

2 մայիսի, 1992 թ.

Գեներալ-մայոր Գուրգեն Հարությունի Դալիբալթայան, ծնվել է 1926 թ., կրթությունը՝ բարձրագույն, 1961 թ. ավարտել է Ֆրունզեի անվան զինվորական ակադեմիան, 1978 թ. ՝ ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիան։

Գեներալ-մայոր Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը խորհրդային բանակ է զորակոչվել 1944 թ.։ Զինված ուժերում զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ, ընդհուպ մինչև Կովկասյան զինվորական տարածքի հրամանատարի տեղակալի պաշտոնը։ Զինվորական ծառայությունն ավարտել է 1987 թ.։

ՀՀ Նախարարների խորհրդի 1991 թ.  մայիսի 4-ի թիվ 326 որոշմամբ Գ. Հ. Դալիբալթայանը նշանակվել է նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ՝ գլխավոր շտաբի պետ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության ստեղծումից հետո ՀՀ նախագահի 1991 թ.  դեկտեմբերի հրամանագրով՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ։

Հրամանատարական հարուստ փորձի, ռազմական գործի խոր իմացության, կազմակերպչական ընդունակությունների շնորհիվ գեներալ-մայոր  Գ. Հ. Դալիբալթայանը ծանրակշիռ ավանդ է ներդնում Հայաստանի ազգային բանակի ստեղծման գործում։

Նրա անմիջական ղեկավարությամբ մշակվել և իրագործվել են Հայաստանի և ԼՂՀ պաշտպանության ամրապնդմանն ուղղված ծրագրերը, այդ թվում  նաև Շուշիի և Բերդաձորի ենթաշրջանի հայկական բնակավայրերի ազատագրման, Լաչին-Գորիս ճանապարհի բացման մարտական գործողությունները։

Գ. Հ. Դալիբալթայանը աչքի է ընկնում զինվորական բարձր հրամանատարին բնորոշ հատկանիշներով՝ գործի նկատմամբ մեծ պատասխանատվությամբ ու ճշտապահությամբ, առաջադրված խնդիրների լուծմանը հասնելու նպատակամղվածությամբ, ենթականերին ճիշտ կողմնորոշելու և նրանց աշխատանքը արդյունավետ կազմակերպելու հմտությամբ։

Նրան բնորոշ են նաև անձնական բարձր կուլտուրան, բարյացակամ ու հոգատար վերաբերմունքը աշխատանքային կոլեկտիվի անդամների նկատմամբ։

Նշված հատկանիշների շնորհիվ Գ. Հ. Դալիբալթայանը վայելում է պաշտպանության նախարարության և բանակի ստորաբաժանումների զինծառայողների հարգանքն ու համակրանքը։

Ելնելով վերը ասվածից՝ գեներալ-մայոր Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը ներկայացվում է գեներալ-լեյտենանտի հերթական զինվորական կոչման։

ՆԱԽԱՐԱՐ             Վ. Զ. ՍԱՐԳՍՅԱՆ