կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-15 09:39
Քաղաքական

Խեղկատակների շքահանդես

Խեղկատակների շքահանդես

«Հրապարակի» խմբագիրը գրում է. «Մեր հիշողության մեջ էլի են եղել զավեշտալի ընտրություններ, երբ թեկնածուներից ոմանք ավելի շատ կրկեսի ծաղրածուների դերին էին սազական, քան ՀՀ նախագահի աթոռին, բայց այսպիսի իրավիճակ, որ ամաչես ու զզվես երկրիդ ամենակարևոր պետական միջոցառումից ու նրա մասնակիցներից, թերևս, երբեք չի եղել: Եվ դրա մեղավորը միայն այն անձինք չեն, ովքեր որոշել են ծիծաղելի դառնալու գնով հայտնի դառնալ, էկրաններին երևալ, սրան-նրան «կերցնել», էքստրավագանտ հայտարարություններ անել ու ինչ-ինչ անձնական հարցեր լուծել:

 

Դրա մեղքն այն անձանց ու ինստիտուտների ուսերին է, որոնք տարիներ շարունակ հետևողականորեն արժեզրկեցին ՀՀ նախագահի աթոռն ու ընտրական համակարգը: Այդ նշաձողն այնքան իջեցրին, որ տեղից ելնող խեղկատակ ու ավանտյուրիստ իրեն ՀՀ նախագահ պատկերացնի և կասկածելի ճանապարհով 8 միլիոն դրամ հայթայթելով՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվի: Եվ հետաքրքիրն այն է, որ բանը միայն նախագահական ընտրություններին հայտ ներկայացնելը չէ, նրանցից յուրաքանչյուրը վստահ է, որ ոչ պակաս հաջողությամբ կզբաղեցնի ազգի ու պետության ղեկավարի աթոռը, քան արել են նախորդները:

 

Որ այդ աթոռը բացառապես հաճույքներ ու արտոնություններ, փող ու իշխանություն, հեղինակություն ու վայելք բերող կարգավիճակ է նշանակում: Որ ոչ մի բարդ բան չկա Հայաստան երկրի նախագահ լինելու մեջ՝ քիչ թե շատ տառաճանաչ ու ֆիզիկապես առողջ մեկը կարող է այն զբաղեցնել: Ինչպե՞ս կատարվեց այս արժեզրկումը: Ո՞ւմ ջանքերով: Ի՞նչ պրոցեսների արդյունքում: Սա բարդ ու խորը վերլուծությունների նյութ է, որ յուրաքանչյուր իրեն հարգող հասարակություն պարտավոր է անել: Միայն այս վիճակի պատճառները հասկանալուց հետո է հնարավոր ինչ-որ բան շտկել ու առաջ գնալ»: