կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-06 19:02
Հասարակություն

Սփյուռքահայ ուսուցչուհին հեռավար դասընթացի համար ստացած պարգևը փոխանցել է արցախցի գործընկերուհուն

Սփյուռքահայ ուսուցչուհին հեռավար դասընթացի համար ստացած պարգևը փոխանցել է արցախցի գործընկերուհուն

Դպրոցական ավանդական դասավանդմանը վերջին շրջանում փոխարինելու է եկել նոր մեթոդ՝ հեռավար ուսուցում: Ուսուցիչները նոր մեթոդներով են շարունակում կրթել աշակերտներին՝ հաճախ կիրառելով յուրօրինակ մոտեցում:

Ապրիլի 19-ին ֆեյսբուքի հայկական տիրույթում տարածվել է Արցախի Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի ուսուցչուհու դասի նկարը՝ դասվարը դասը անց էր կացնում ցանկապատից այն կողմ նստարանին նստած աշակերտի հետ: Նկարն անտարբեր չի թողել նաև Սփյուռքում ապրող հայերին, այդ թվում նաև՝ Եգիպտոսի Կահիրե քաղաքում գործող Ազգային Գալուստյան-Նուբարյան վարժարանի Հայոց լեզվի ուսուցչուհի Սոսի Չիլինգարյանին: Հայերենի ուսուցչուհին որոշել է հեռավար դասընթացի համար իր ստացած պարգևը՝ 500 դոլարը նվիրել Արցախի Վերին Հոռաթաղի գյուղի ուսուցչուհուն:

Այս մասին ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնաթերթ «Ապառաժ»-ը տեղեկացել է Եգիպտոսում բնակվող դաշնակցական ընկեր Վարուժ Չիլինգարյանից: Նրա կինը հայերենով հեռավար դասավանդման համար արժանացել էր Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժնի մրցանակին:

Լիբանանի Համազգայինի Հայագիտական բարձրագույն հիմնարկում կրթություն ստացած Սոսի Չիլինգարյանը մագիստորսի աստիճան է ստացել Երևանի պետական համալսարանում, իսկ այժմ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայցորդ է:

«Իբրև ուսուցչուհի շատ եմ գնահատում հայրենիքում գտնվող մեր բոլոր ուսուցիչ-ուսուցչուհիների աշխատանքը, որոնք այս դժվարին օրերին անում են ամեն հնարավորը Հայ ուսուցչի կոչմանը արժանի մնալու համար»,- ֆեյբուքյան իր էջում գրել է Սոսի Չիլինգարյանը՝ կարևորելով համաճարակի պայմաններում իր առաքելությունը կատարող ուսուցչի ջանքերը:

«Ապառաժ»-ի հետ զրույցում Վերին Հոռաթաղի դպրոցի դասվար Իրա Ասրյանը նշել է, որ աշակերտը հարևանությամբ բնակվող Միքայել Թադևոսյանն է:

Ուսուցչուհին ներկայումս 11 աշակերտ ունի, որոնց հետ հեռավար է անցկացնում պարապմունքները: Նրա խոսքով՝ Միքայելի ընտանիքում երեք ուսուցիչ ու երեք աշակերտ կան. հեռավար դասընթացին նա չի կարողացել լիարժեք մասնակցել: Այդ իսկ պատճառով էլ 36 տարվա աշխատանքային փորձ ունեցող ուսուցչուհին որոշել է դասապրոցեսը կազմակերպել բացօթյա: Հենց այդ ժամանակ էլ արված լուսանկարները մեծ տարածում են գտել համացանցում:

Իրա Ասրյանը հեռավար դասերն անց է կացնում հեռախոսով, իսկ իրեն փոխանցված դրամական պարգևը որոշել է ծախսել նոր համակարգիչ ձեռք բերելու համար՝ ուսուցումն ավելի հեշտ կազմակերպելու համար: