կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-28 18:28
Առանց Կատեգորիա

ԿԳՄՍՆ-ի պարգևավճարային ֆոկուսները կամ ինչպես է փաշինյանական թիմը ծաղրում հանրությանը

ԿԳՄՍՆ-ի պարգևավճարային ֆոկուսները կամ ինչպես է փաշինյանական թիմը ծաղրում հանրությանը

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այդ թվում՝ մինչև վերակազմավորումը:  

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ 09.05.2018 – 31.12.2018 թթ. ՀՀ ԿԳ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունների ընդհանուր աշխատավարձի ֆոնդը միասին կազմել է 1.500.590.900  դրամ, որից պարգևավճարները՝ 172.887.280 ՀՀ դրամ կամ ավելի քան $ 360.000։ 

2019 թ. ԿԳՄՍՆ-ի ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմել է 1.754.225.600 դրամ, որից պարգևավճարները՝ 456.208.974 ՀՀ դրամ կամ ավելի քան $ 955.000 պարգևավճար, որն ամսական կտրվածքով կազմում է շուրջ $ 80.000:

Այսպիսով՝ 20 ամիսների համար ԿԳՄՍՆ-ում վճարված պարգևավճարների հանրագումարային թիվը կազմում է 629.096.254 դրամ կամ շուրջ $ 1.318.000:  

Ինչպես տեսնում ենք՝ ԿԳՄՍՆ-ն իր տարեկան պարգևավճարների մասով ռեկորդակիրների թվում է և այս ոլորտում մրցակցում է պարգևավճարների «հսկաների»՝ Ֆինանսների նախարարության (միջինացված թվով շուրջ 473 աշխատակիցներին նույն 20 ամիսների համար վճարել է 1.223.510.236 դրամ պարգևավճար), Արդարադատության նախարարության (300 աշխատակիցներին 20 ամիսների համար վճարել է 783.246.900 դրամ պարգևավճար) և այլոց հետ:

Հետաքրքրական մեկ փաստ ևս. ինչպես տեսանք՝ երեք նախարարությունների ընդհանուր աշխատավարձի ֆոնդը միասին վերցրած 2018 թ. 8 ամիսների համար կազմում էր 1.500.590.900 դրամ, որը ողջ տարվա համար կազմում է շուրջ 2.250.886.350 դրամ։ 2019 թ. ԿԳՄՍՆ-ի աշխատավարձի ֆոնդը կազմել է 1.754.225.600 դրամ կամ կրճատվել է շուրջ 496.660.750 դրամով։ 

ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի աշխատողների առավելագույն թիվը համեմատաբար այնքան էլ մեծ չէ՝ 357: 

ՀՀ վարչապետի աշխատակազմից Yerkir.am-ի մեկ այլ նամակին ի պատասխան՝ 03.02.2020 թ. նամակով հայտնել են, որ ԿԳՄՍՆ-ում կրճատվել է ընդամենը 12 հաստիքային միավոր, որից 5-ը՝ քաղաքական պաշտոն, 7-ը՝ հայեցողական։ 

Ստացվում է, որ վերոհիշյալ 12 հաստիքների համար տարեկան վճարվել է 496.660.750 ՀՀ դրամ, ինչը մի փոքր տարօրինակ է։   

Ինչպես արդեն նշեցինք՝ երեք նախարարություններին 2018 թվականի 8 ամսավա համար վճարվել է պարգևավճար 172.887.280 դրամ, որը 12 ամսվա համար կկազմի միջինը 259.330.920 (172.887.280 : 8 x 12): Նախարարությունների միավորումից հետո՝ 2019 թ. համար ԿԳՄՍՆ-ի 1 տարվա պարգևավճարի թիվը ավելացել է 196.878.054 դրամով (456.208.974 – 259.330.920)՝ կազմելով 456.208.974 դրամ։ 

Փաստորեն, միավորման արդյունքում 12 աշխատակցի կրճատման պայմաններում՝ ԿԳՄՍՆ-ի աշխատավարձի ֆոնդը կրճատվել է 496.660.750 ՀՀ դրամով, իսկ պարգևավճարի ֆոնդը ավելացել է 196.878.054 դրամով։ Ընդհանուր բյուջեի տնտեսումը կազմել է մոտ 300 մլն դրամ: 

Փաշինյանական իշխանությունները, իհարկե, կարող են այս ամենի համար նշել, որ նախորդ իշխանությունների համեմատ իրենք տարեկան գրեթե 200 մլն դրամ ավելի պարգևավճար են շռայլել, քանի որ ԿԳՄՍՆ-ն արտառոց ծրագրերով զարկ է տվել հայ մշակույթի, կրթության և սպորտի զարգացմանը։ Այդուհանդերձ՝ փաստենք, որ, բոլոր այն նորարարությունները, հաջողությունները կամ առաջընթացը, որոնց ականատես է եղել հանրությունը, ընդհանուր առմամբ նախորդ նախարարների օրոք մեկնարկած լայնածավալ ծրագրերի՝ իներցիոն բնույթով իրականացման արդյունք են (փաստերը բազմաթիվ են, և դրանք բազմիցս մատնանշվել են նախորդ նախարարների կողմից)։  

Իրականում՝ տարեկան շուրջ 456.208.974 ՀՀ դրամ կամ ավելի քան $ 955.000 պարգևավճար (ամսական՝ $ 80.000) մսխող Արայիկ Հարությունյանի հիմնարկը իր գործունեությամբ աչքի է ընկել միայն հակազգային, հակամշակութային, հակապետական և քայքայիչ մի շարք «նորարարություններով», որոնք գիտակից հանրության շրջանում տեղիք տվեցին լրջագույն հուզումների։ 

Գիտությունների ազգային ակադեմիայի դերի նվազում կամ իսպառ վերացում, ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայագիտական առարկաների ուսուցման պարտադիր պայմանի վերացում, «ՀուԶանք ու Զանգ» հակազգային և հակամշակութային ներկայացման համար 2,7 մլն դրամի դրամաշնորհի տրամադրում,  հասարակության և, հատկապես, նոր սերնդի համար չափազանց վտանգավոր, սեռափոխված, ՀՀ քաղաքացիությունից հրաժարված, հայոց դրոշի և պետական խորհրդանիշերի վրա թքած, սպորտային աշխարհում ամոթալի վարքագիծ դրսևորած ոմն հանցագործի մասին պատմող «Մել» ֆիլմի համար 20 մլն դրամի հատկացում, Վրաստանի (Ջավախքի) հայկական դպրոցներին դասագրքերով ապահովման ծրագրի վերստին ձախողում՝ սա Արայիկ Հարությունյանի «ձեռքբերումների» ոչ ամբողջական շարքն է, ինչի համար էլ, մեծամտության և ամբարտավանության բարդույթներով տառապող սուպերնախարարի հիմնարկը  նախարարությունների շարքում պարգևավճարների թվով առաջնային «պատվավոր» տեղերում է։   

Հ.Գ. Հակառակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրապարակային հայտարարության, թե նախարարության համակարգի բոլոր աշխատողներն ստանում են եռամսյակային լրավճարներ, ԿԳՄՍ նախարարության Լեզվի կոմիտեի աշխատակիցները 2019 թ. դեկտեմբերի 17-ին, 2020 թ. հունվարի 10-ին և փետրվարի 6-ին նամակներով դիմել էին վարչապետին՝ բարձրաձայնելով, որ կոմիտեի աշխատակիցները լրավճար չեն ստացել ո՛չ երրորդ, ո՛չ չորրորդ եռամսյակներում, չեն ստացել նաև, ինչպես ընդունված է ասել, տասներեքերորդ աշխատավարձ։ Նրանք հայտնել էին նաև, որ Լեզվի կոմիտեի (նախկին Լեզվի տեսչության) գոյության ողջ ընթացքում նման բան չէր եղել 2003 թվականից։ ԿԳՄՍՆ-ում այսպիսի ճոխ պարգևավճարների պայմաններում նախարարությունը հրաժարվել էր անգամ տրամադրել կոմիտեի աշխատակիցների ամենամյա արձակուրդները և առաջարկել էր  արձակուրդ գնալ «իրենց հաշվին»՝ պատճառաբանելով, թե գումարը հազիվ բավականացնում է աշխատավարձերին։

Ըստ Լեզվի կոմիտեի ունեցած տեղեկությունների՝ լրավճարների համար նախատեսված  գումարը (միայն երրորդ եռամսյակինը շուրջ 4 միլիոն) դուրս է գրվել, սակայն կոմիտե չի հասել։ 

Այդպես էլ հրապարակային կերպով լուր չտարածվեց՝ տրվե՞լ են, արդյոք, կոմիտեի աշխատակիցների լրավճարները, թե՞ վերջիններիս «ձայնն այլ կերպ է լռեցվել», այդուհանդերձ, Yerkir.am-ի նամակին ի պատասխան, ԿԳՄՍՆ-ից գրավոր հայտնել են (պատասխանը կցվում է), որ 01.01.2018 - 31.12.2019 թթ. համար ՀՀ լեզվի կոմիտեի՝ մի քանի հոդվածներով գոյացող պարգևավճարների ֆոնդը կազմել է 33.822.900 դրամ, որից 18.953.500 դրամը` 2019 թ. համար։ Ի դեպ, ԿԳՄՍՆ-ի գլխավոր քարտուղարը նույն նամակով Yerkir.am-ին է տրամադրել նաև Լեզվի կոմիտեին 2020 թ. հատկացվելիք պարգևավճարների ֆոնդի մասին տեղեկությունը, ըստ որի՝ այն կազմում է 19.573.100 դրամ։     

Վահե Սարգսյան