կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-06 14:06
Մշակույթ

Նրանք պարզապես ուզում են խաղաղ ապրել, ինչպես՝ դարերով․ SOAD ռոք խումբը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

Նրանք պարզապես ուզում են խաղաղ ապրել, ինչպես՝ դարերով․ SOAD ռոք խումբը միջազգային հանրությանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

15 տարվա դադարից հետո առաջին անգամ System Of A Down ռոք խումբն Արցախին նվիրված երկու նոր երգ է թողարկել՝ «Protect The Land» և «Genocidal Humanoidz» անվանումներով։ Yerkir.am-ն այդ մասին տեղեկացավ System Of A Down ռոք խմբի պաշտոնական կայքից։  

«Որպես միասնական ձայն՝ մենք այս պահին կարևոր ասելիք ունենք, դրա համար 15 տարվա լռությունից հետո թողարկեցինք միանգամից 2 երգ, որոնք խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որն իրականացվում է Արցախի և Հայաստանի՝ մեր մշակութային հայրենիքների դեմ»,- թողարկված երկու երգերին կից հայտարարության մեջ ասում են խմբի անդամներն ու մանրամասնում.․ «Ադրբեջանում՝ Ալիևի, Թուրքիայում Էրդողանի ներկայիս կոռումպացված վարչակարգերը ոչ միայն ուզում են Արցախն ու Հայաստանն իրենցը հռչակել, այլև իրենց նպատակին հասնելու համար մարդկության և բնության հանդեպ անպատիժ կերպով իրականացնում են ցեղասպանական գործողություններ: Նրանց հաշվարկներով՝ իրենց վայրագություններին արձագանքնելու ժամանակ աշխարհը չունի՝  զբաղված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով, քաղաքական անհնազանդություններով։ Նրանք ցեղասպանական, բարբարոսական նպատակը քողարկելու համար ունեն բավականաչափ դրամական միջոցներ, ռեսուրսներ: Այս երկու բռնապետություններում կան  չափից շատ ապատեղեկատվություն և լռեցված ձայներ: Մենք այստեղ ենք ՝ պաշտպանելու մեր հողը, պաշտպանելու մեր մշակույթը և պաշտպանելու մեր ազգը: Աչք փակելու ժամանակը չէ»։

Ի դեպ, երկու երգն էլ հնարավոր է ներբեռնել խմբի պաշտոնական կայքից. ստացված հասույթը կտրամադրվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ պատերազմից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

«Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի միավորված ուժերը Սիրիայից  ԻՊ ահաբեկիչների հետ հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա, որը մենք՝ որպես հայեր, անվանում ենք Արցախ: Վերջին մեկ ամսվա ընթացքում երիտասարդ ու ծեր քաղաքացիական անձինք օր ու գիշեր արթնանում են հրթիռային հարվածների, ռումբերի պայթյունների, հրթիռների, անօդաչու թռչող սարքերի ու ահաբեկչությունների սարսափելի տեսարաններից ու ձայներից: Նրանք ստիպված են պատսպարվել ապաստարաններում՝ փորձելով խուսափել անօրինական կլաստերային ռումբերից, որոնք անձրևի նման թափվում են փողոցներում, տների, հիվանդանոցների և աղոթատեղիների վրա: Թշնամին մեկ այլ արգելված զենքով՝ սպիտակ ֆոսֆոր օգտագործելով, հրդեհել է նրանց անտառներն ու վտանգել բնությունը»,- ասում են խմբի անդամներն ու մանրամասնում, որ ամեն ինչ սկիզբ է առել 30 տարի առաջ. «1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հայերը (որն այն ժամանակ ինքնավար մարզ էր ԽՍՀՄ կազմում) հոգնել էին որպես երկրորդ կարգի քաղաքացի լինելուց և որոշեցին օրինական անկախանալ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից, որը որոշել էր կուլ տալ հայերի սեփական սահմանները։ Դա էլ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղում հանգեցրեց հայերի ինքնորոշման պատերազմի՝ ընդդեմ Ադրբեջանի, որն ավարտվեց 1994 թվականին՝ զինադադարով»:

Իրենց միլիոնավոր  երկրպագուների համար փոքրիկ պատմական ակնարկ ներկայացնելով՝ խմբի անդամները հավելել են. «Մեր ժողովուրդն այնտեղ ապրել է հազարամյակներ, և այնտեղ ապրող ընտանիքների մեծամասնության համար դա միակ տունն է, որը նրանք և նրանց նախահայրերն ու նախամայրերը ունեցել են երբևէ: Նրանք պարզապես ուզում են խաղաղ ապրել, ինչպես ապրել են դարերով»:

Խմբի անդամները կոչ են արել միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը․ «Անհապաղ անհրաժեշտ է, որ համաշխարհային հանրությունն իրենց համապատասխան կառավարություններին կոչ անի ոչ միայն դատապարտել այդ ծուռ բռնապետերի գործողությունները, այլ նաև պնդի, որ համաշխարհային առաջնորդները գործեն տարածաշրջանում շտապ կերպով խաղաղություն հաստատելու և  իրավամբ Արցախը որպես անկախ պետություն ճանաչելու ուղղությամբ: Խաղաղություն՝ Շավո, Տարոն, Ջոն և Սերժ»։

Ներկայացրեց Լիլիթ Եղիազարյանը