կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 20:06
Քաղաքական

Պետության հերթական հեղինակազրկումը

Պետության հերթական հեղինակազրկումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելիս անդրադարձել էր քաղավիացիայի ոլորտում տիրող իրավիճակին՝ հայտարարելով, որ երկար տարիներ հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, այդ թվում՝ զենքի վաճառքի մեջ:

Պատասխան հայտարարությամբ՝ ՀՀ-ում գրանցված «Տարոն-Ավիա» ավիաընկերությունն արդեն փաստել է, որ իր կողմից շահագործվող օդանավերը երբևէ ներգրավված չեն եղել Աֆրիկայում ապօրինի գործունեության, զենքի և թմրանյութերի վաճառքի մեջ։ Այդ հայտարարությունը չեն մեկնաբանել կամ իրենց պաշտոնավարման շրջանի հետ չեն կապել նաև ՀՀ քաղավիացիայի նախկին ղեկավարներ Արտյոմ Մովսեսյանը և Սերգեյ Ավետիսյանը։ 

Ապրիլի 14-ին տեղի ունեցած տեսակապով ասուլիսի ժամանակ Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ եվրոպական վերահսկող կազմակերպությունը ՀՀ ՔԱԿ-ին ասել է՝ եթե պաշաճ չեք կարողանում տեսչական ստուգումներ անել Հայաստանում, ապա ինչպես եք դա անելու Աֆրիկայում։  

«Հաշվի առնելով, որ մենք, իրոք, չենք կարող դա պատշաճ անել, քայլեր ենք ձեռնարկել, որ չկարողանան էլ ավիաընկերությունները գրանցվեն Հայաստանում, բայց չվերթներ իրականացնեն Աֆրիկայում։ Արտահերթ ստուգումներ ենք արել և դրանց արդյունքում «Տարոն ավիա» ընկերության գործունեությունը կասեցվել է, հետո՝ փակվել։ Հիմա «Մարս ավիան» է, որը եթե չլուծի իր առջև դրված խնդիրը, մայիսի 1-ով փակվում է։ Դա նշանակում է՝ մենք այլևս չենք ունենալու ավիաընկերություն, որը թռիչքներ իրականացնի Աֆրիկայում»,-ասաց Ռևազյանը։

Ըստ ՔԱԿ-ի՝ դրանք եղել են լուրջ քայլեր և որոշումներ, ինչի համար անգամ մասնագետ են ներգրավել Հոլանդիայից։

Այս օրերին մամուլում հրապարակում եղավ առ այն, որ ՀՀ հաշվեքննիչ պալատից և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ծառայողների առնչությամբ հարուցվել է 2 քրեական գործ, որոնցից մեկը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով՝ Կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից 2016-2019 թվականների ընթացքում պաշտոնական փաստաթղթերում՝ տեսչական ստուգումների վերաբերյալ փաստաթղթերում, համապատասխան ստուգաթերթերում իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու դեպքի առթիվ:

Երկու քրեական գործով իրականացվում են դեպքերի լիարժեք բացահայտմանն ուղղված ակտիվ քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական ակտիվ միջոցառումներ, որոնց շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում ստուգելու նաև այլ երկրների տարածքում հայկական ավիափոխադրողների կողմից ապօրինի գործընթացներում ներգրավված լինելու հնարավոր հանգամանքները: Քրեական գործը հարուցվել է 2020թ. տարեսկզբին:

Տրամաբանորեն՝ խոսքն այն մասին է, որ ՔԱԿ-ի նախագահը տեղյակ չի եղել կամ, առնվազն, իրեն չեն զեկուցել որոշ գործընթացների մասին, ինչի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք։ Ի դեպ, տեսակապով ասուլիսի ընթացքում այդ մասին խոսեց նաև ՔԱԿ-ի նախագահը՝ պատմելով, որ եվրոպացիների՝ հայկական ավիաընկերություններին ուղարկված նամակի (որում նշվել են այդ ավիաընկերություններին առնչվող խնդիրները) մասին իրեն չի զեկուցվել, և ինքն այդ մասին լսել է Մոնրեալում՝ եվրոպացի գործընկերներից։

Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող քննչական և այլ միջոցառումներին, որոնց շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում ստուգելու նաև այլ երկրների տարածքում հայկական ավիափոխադրողների կողմից ապօրինի գործընթացներում ներգրավված լինելու հնարավոր հանգամանքները, ապա, հավանաբար, խոսքը աֆրիկյան տարածքներում թռիչքներ իրականացնող հայկական ավիաընկերությունների մասին է (այդ դեպքում՝ ինչպե՞ս հասկանալ ՀՀ վարչապետի հաստատումները, երբ դեռ իրավապահները նոր-նոր են ուսումնասիրում «ներգրավվածության հնարավոր հանգամանքերը»)։

Այս առիթով վերևում արդեն նշեցինք «Տարոն-Ավիա» ավիաընկերության հայտարարությունը։

Դառնալով Աֆրիկայում թռիչքներ իրականացնող մյուս՝ «Մարս ավիա» ընկերության թռիչքների կասեցման խնդրին՝ փաստենք, որ այս պարագայում խոսքը գնում է 2019 թ. աշնանը տեղի ունեցած ավիավթարի մասին, երբ վայրէջքի ժամանակ չեն բացվել Ան-74 բեռնատար օդանավի անվադողերը, և օդանավը նստել է փորի վրա։ Դեպքը տեղի է ունեցել Սոմալիի «Մոգադիշո» օդանավակայանում։ Անգամ ռուսական զլմ-ները հատուկ գովեստով են ներկայացրել օդաչուների այս պրոֆեսիոնալիզմը, որոնք եղել են հայկական հավաստագրում անցած այլազգիներ։

Որպես տվյալ երկրում տեղի ունեցած միջադեպ՝ Սոմալիի իշխանությունները սեփական օրենքներին համահունչ հետաքննություն են իրականացրել։ Վերջիններս այդ առթիվ նաև պատասխանել են «Մարս ավիայի» նամակին, որ իրենք կանեն հետաքննություն, քանի որ վթարը ծանր չէ։ Այսպիսով՝ Սոմալիում տեղի է ունեցել  հետաքննություն, և հարցը փակվել է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ այս խնդրի առնչությամբ ՀՀ ՔԱԿ-ը նամակ է գրել Սոմալիի գործընկերներին, ովքեր չեն պատասխանել։ Սա է, հավանաբար, ակնարկել Տ. Ռևազյանը՝ տեսակապի միջոցով ասելով, որ հարցը տեղում ուսումնասիրվել է և պարզվել, որ, իսկապես, լուրջ խնդիր կա, քանի որ ՀՀ ՔԱԿ-ը որևէ ժամանակահատվածում չի ունեցել ուղիղ կապ այդ երկրների (խոսքը աֆրիկյան երկրների մասին է՝ խմբ.) քաղավիացիաների հետ։

Իրականում՝ հարկ էր, որ այս խնդրում ՔԱԿ-ը ներգրավեր միջազգային ավիացիոն կազմակերպություններին և նրանց միջոցով պահանջեր նշյալ հարցերի վերաբերյալ  պարզաբանումներ, կամ, առնվազն, ՔԱԿ-ի համապատասխան մասնագետներին գործուղեր Սոմալի՝ տեղում հարցը քննելու համար։ 

Այս ամենը տեղի չունենալու արդյունքում՝ ՔԱԿ-ը ս/թ փետրվարի 1-ից ժամանակավորապես կասեցնում է ընկերության շահագործողի վկայականը։

Զուգահեռ ներկայացնենք, որ, երբ 2019 թ. աշնանը ռուսական ինքնաթիռը հարկադրված վայրէջք կատարեց եգիպտացորենի դաշտում (ՌԴ տարածքում), անձնակազմին տրվեց ՌԴ հերոսի կոչում, և նման դեպքերը եզակի չեն։

Ի դեպ, թռչելով աֆրիկյան երկրներում, տվյալ ավիաընկերությունը լրջորեն օժանդակում է տվյալ երկրի ազգաբնակչությանը՝ սոցիալ-տնտեսական հարցերում՝ փոխադրելով պարեն, դեղորայք և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ։ Այսինքն՝ բարեկեցության ցածր ցուցանիշներ ունեցող աֆրիկյան որոշ երկրների ազգաբնակչության շրջանում ինչ-որ տոկոսով նվազում է դեպի եվրոպական երկրներ արտագաղթելու ցանկությունները։ Հետևաբար՝ նշյալ ավիափոխադրողների և աֆրիկյան էմիգրանտների դեմ պայքարող Եվրոպայի շահերը խորքի մեջ նույնական են։ 

Ստացվում է, որ, ՔԱԿ-ը, չունենալով ավիաընկերություններին պատշաճորեն վերահսկելու համապատասխան մասնագիտական, կադրային, հայեցակարգային և այլ կարողություններ և հիմքեր, չի օժանդակում ավիաընկերություններին՝ այդ խնդիրները հաղթահարելու և վերստին արտասահմանում փոխադրումներ իրականացնելու գործում, փոխարենը՝ հերթով փակում է դրանք։ Առնվազն աֆրիկյան երկրներում թռիչքներ իրականացնող երկրների պարագայում դա ակնհայտ է։

Փաստենք՝ աշխարհի բազմաթիվ երկրների իշխանություններ, որոնց ղեկավարած երկրները տարբեր միջազգային կազմակերպությունների և պետությունների տվյալներով համարվում են ահաբեկչության, զենքի, թմրանյութերի ապօրինի վաճառքի և այլ բազմապիսի հանցագործությունների օջախներ, ամեն ինչ անում են՝ քողածածկելու այդ ամենը։ Բացառվում է՝ ինչ-որ մի երկրի ղեկավար խոստովանի կամ հայտարարի, որ սեփական երկիրը լայնորեն ներքաշված է նման հանցանքների մեջ։ 

ՀՀ վարչապետի՝ իբր հին իշխանություններին վարկաբեկող վերոնշյալ հայտարարությունը, որն անգամ հիմնված չէր դատարանի որոշումների, աշխարհին հայտնի փաստերի և հստակ ապացույցների վրա, ոչ միայն լրջագույնս խաթարեց երկրի հեղինակությունն աշխարհում, այլև ծայրաստիճան վտանգեց հայկական ավիացիայի ապագան՝ հասցնելով այնպիսի ծանր հարվածներ, որոնց դառը հետևանքները դեռ իրենց շատ երկար են հիշեցնելու։ 

Այսուհետ ցանկացած երկիր սեփական ավիաշուկա հայկական որևէ ավիաընկերության մուտքը քննարկելիս հիշելու կամ հիշեցնելու է ՀՀ ղեկավարի այս չմտածված հայտարարությունը, և պարզորոշ է, թե ինչպիսի դժվարություններ է ստեղծել Ն. Փաշինյանը ոլորտի ներկայացուցիչների համար։ 

Փաստորեն՝ վարչապետը և Տ. Ռևազյանը  նույնական ուղեգծի վրա են, և առաջինն իր հայտարարություններով, երկրորդն իր գործողություններով և անգործությամբ, հեղինակազրկում, որակազրկում, փակում և ոչնչացնում են ՀՀ ավիացիոն ոլորտը և ավիաընկերություններին։

Ահա թե ինչու է ՔԱԿ-ի նախագահն այդքան դեմ նաև ազգային ավիափոխադրող ունենալուն. արդեն պարզորոշ է, վերջինս առաջնորդվում է «չկա ավիաընկերություն, չկա խնդիր» սկզբունքով և հենց այս տրամաբանության արդյունքում է, որ իր գործունեության մոտ երկու տարիները նվիրել է ոչ թե ռազմավարությունների և հայեցակարգերի մշակմանը, այլ բյուջետային ավիաընկերություններին հայկական ավիաշուկա ներգրավելուն։

Կարճ ասած՝ տիկին Ռևազյանի տրամաբանությունը մեծ հաշվով չի տարբերվում, այն գործարարների վարքագծից, ովքեր հաճույքով ներկրում են շաքարավազ, քան քայլեր ձեռնարկում շաքարի ճակնդեղի դաշտեր ստեղծել և հիմնել շաքարի գործարան։ Առաջինը՝ հեշտ է և առաձնակի միտք պետք չէ ներդնել, երկրորդը՝ դժվար և միտք պահանջող։

Ավիացիոն այս քաղաքականությունը նույնն է, ինչ սեփական տնտեսությունը զարգացնելու, տեղական ընկերություններին խթանելու փոխարեն խթանել ներկրումը՝ պաշտպանելով օտարերկրյա տնտեսվարողների շահերը։ Այս քաղաքականությունը շատ բնորոշ էր նախկին իշխանություններին և հենց իրենց նեոլիբերալ մոտեցումների հետևանքն էր, որի պատճառով նվազեց մեր երկրի մրցունակությունը։ Փաստորեն, այս ոլորտում հերթական անգամ քաղաքականության ու մոտեցումների առումով որևէ փոփոխություն փաստացի չի կատարվում։ Իսկ մնացածն ինչ տեսնում ենք, փաստորեն, ընդամենը որոշ մարդկանց պայքար է հանուն պաշտոնի ու իշխանության։

Հ.Գ. Նյութը արդեն պատրաստ էր, երբ տեսանք, որ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետը հերթական անգամ կրկնեց Աֆրիկայում ապօրինի գործունեության մեղադրանքը...

Վահե Սարգսյան