Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մանթաշով» գործարարների միությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, ըստ որի՝ վերջինս առաջարկներ է ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իրականացվող և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:
Ներկայացված խնդիրներին և առաջարկներին կարող եք ծանոթանալ ստորև.
«Խնդիրներ և առաջարկներ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի վերաբերյալ
• Առաջարկում ենք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վարկային ծրագրերի ժամկետները երկարաձգել և սահմանել առնվազն 5-10 տարի` պահապնելով սուբսիդավորման 24 ամիս ժամկետը: 36 ամսով տրամադրվող վարկի ժամկետը հատկապես կարճ է սարքավորումների ներմուծման կամ արտադրության կազմակերպման պարագայում, քանի որ ներմուծման ու արտադրության կազմակերպման գործընթացն ինքնին պահանջում է առնվազն 3-8 ամիս, իսկ դրանց գործարկումն ու արտադրություն ապահովելը կարող է տևել ավելի քան մեկ տարի: Իսկ նոր արտադրությունը դեռ չգործարկած այդքան մեծ գումարներ վճարելը, թեկուզ միայն մայր գումարը հաճախ ուղղակի անհնար է կազմակերպել։
• Ապրիլի 20-ը նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետն է: Պրակտիկայում բիզնեսը նախորդ տարվա շահութահարկը վճարում է ընթացիկ եկամուտից, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս բիզնեսը անորոշ ժամկետով մատնված է անգործության, իսկ մի մասը հարկադիր դադարեցրել է գործունեությունը անհրաժեշտություն կա միջոցները պահպանել որպես ռեզերվ կամ կատարել ընթացիկ պարտավորությունները՝ առաջիկա բարդություններին դիմակայելու համար: Ուստի, առաջարկում ենք աջակցության ծրագրերում ներառել շահութահարկի վճարման համար նախատեսված վարկային միջոցներ և շահութահարկի վճարման վերջնաժամկետը ապրիլի 20-ից հետաձգել մինչև տարվա վերջ կամ գոնե արտակարգ դրության ավարտից 3 ամիս անց՝ հնարավորություն տալով օգտվել ծրագրերից կամ համապատասխան միջոցներ ներգրավել:
Մյուս կողմից խնդրահարույց է 2020 թվականի դեռևս չստացված շահույթի շահութահարկի պարտավորության պարտադիր կանխավճարների վճարումները: Չաշխատելու կամ անորոշ ժամկետում նման տեմպերով աշխատելու պարագայում, շահութահարկի կանխավճարի վճարումը բիզնեսի մի մասին կանգնեցնում է բարդությունների առաջ՝ հատկապես հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում բիզնեսը գործունեության պահպանման խնդիր ունի:
• Ի թիվս մի շարք պարտավորությունների, վճարման ենթակա են նաև տարածքի վարձակալության վճարները, անկախ այն հանգամանքից, որ արտակարգ դրությամբ պայմանավորված, տվյալ տարածքների գործունեությունը կասեցված է և եկամուտ չի ապահովում: Ուստի առաջարկում ենք կասեցնել համայքային սեփականություն հադիսացող տարածքների կամ հողի համայնքային բյուջե վճարվող վարձակալության վճարները, առնվազն այն ոլորտների համար, որոնց գործունեությունն արգելված է:
• Բիզնեսի մի մասի գրանցած գործունեության դասակարգիչը տարբերվում է փաստացի իրականացվող գորրծունեությունից կամ ամբողջապես չի արտացոլում և շատ դեպքերում անկախ փաստացի իրականացվող գործունեությունից ընկերությունները չեն կարողանում օգտվել Կորոնովիրուսի տնտեական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման տրամադրած հնարավորություններից, որն այս պահին ընկերություններին այդքան անհրաժեշտ է: Ուստի առաջարկում ենք ըստ անհրաժեշտության ուսումնասիրել և աջակցության տրամադրման համար հիմք ընդունել 2019 թվականի շահութահարկի հաշվարկում ընկերությունների կողմից ավելի մանրակրկիտ վերլուծման արդյունքում արտացոլված տնտեսական գործունեության դասակարգիչները իրենց տոկոսային արտահայտությամբ:
• Առաջարկում ենք արտակարգ դրության ժամանակահատվածում ներմուծում կատարած ընկերությունների համար հետաձգել մաքսային վճարումները և ԱԱՀ-ն, առնվազն այն ընկերությունների համար, որոնք ունեն հաշվանցման ենթակա ԱԱՀ: Այս կարգավորումը կարևոր է հաշվի առնելով այն հագամանքը, որ նեմուծող ընկերությունները այս ժամանակահատվածում ունեն սպառման խնդիր և ներմուծված ապրանքների սպառումը հնարավոր է իրականացնել արտակարգ դրության ավարտից հետո:
• Առաջարկում ենք կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վարկային ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի հետագա մարումներն իրականացնել հարկերի մարումների միջոցով, այսինքն՝ պետության կողմից անտոկոս տնտեսությանը տրամադրած գումարները հարկերի միջոցով հետ վերադարձվեն պետությանը: Այդ փորձը կիրառվում է Եվրոպական մի շարք երկրների կողմից։ Շահում են բոլոր կողմերը, պետությունը ետ է ստանում անտոկոս վարկի տեսքով բիզնեսին բաժանած գումարը, բանկերը ստանում են իրենց տոկոսները լրացուցիչ սուբսիդավորման արդյունքում, իսկ բիզնեսը ստիպված չի լինում այս դժվարին ժամանակահատվածում բացի հարկերից լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների համար վճարել, և հարկերի չափով գումար վճարելով բանկին պակասում է նաև պետության կողմից տրամադրված անտոկոս վարկի գումարը։ Նշենք, որ այդ փորձը բարեհաջող կիրառվել է Եվրոպական մի շարք երկրներում։
• Առաջարկում ենք օրենսդրորեն սահմանել, որ արտակարգ դրության պայմաններում Կառավարության որոշմամբ ինքնամեկուսացված և ժամակավոր աշխատանքը կորցրած աշխատողներին պետք է անաշխատունակության թերթիկ տամադրել, որպեսզի այն գործատուները, որոնք իրենց հնարավորության սահմաններում փորձում են օգնություն տրամադրել աշխատողներին, հնարավորություն ունենան վճարել և հետո նվազեցնել հարկերից: Ներկայումս այն գործատուները, որոնք փորձում են օգնություն տրամադրել աշխատողներին պետք է վճարեն առնվազն 23% եկամտային հարկ և ևս 18% էլ, որպես շահութահարկ, որովհետև աշխատողին տված օգնության գումարից, ըստ հարկային օրենսգրքի, գործատուն կարող է շահութահարկից նվազեցնել տարեկան շրջանառության միայն 0,25% ը։ Իսկ դա մեկ կամ երկու, լավագույն դեպքում՝ երեք աշխատողի տրվող օգնության գումար կարող է ծածկել: Արդյունքում՝ օրենսդրությունը կամա, թե ակամա, գործատուներին մղում է կեղծիքի։ Այսինքն՝ փաստացի ստիպում է գործատուին, որ համապատասխան օգնությունը ձևակերպի որպես աշխատավարձ, պարգևավճար կամ որևէ այլ եղանակով, բայց ոչ երբեք օգնություն, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Կարճ ասած՝ պետությունը հավելյալ հարկում է այն գործատուին, ով ցանկանում է չխաբել և ճիշտ ձևակերպել իր և իր աշխատակիցների հարաբերությունները:
• Արտակարգ դրության պայմաններում Կառավարության որոշմամբ գործունեությունը դադարեցրած ընկերությունների կամ ինքնամեկուսացված և ժամակավոր աշխատանքը կորցրած քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները ներառված չեն մինչ այժմ ներկայացված որևէ աջակցության սոցիալական ծրագրում: Ուստի առաջարկում ենք հաջորդ սոցիալական ծրագրերում ներառել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող, արտակարգ դրությամբ պայմանավորված աշխատանքը կորցրած և Կառավարության որոշմամբ կամ արտակարգ դրությունով պայմանավորված հարկադիր աշխատանքը դադարեցրած անձանց»։