կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-14 22:23
Իրավական

Սևանի դատարանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով առաջադրվել է մեղադրանք

Սևանի դատարանի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի գործով առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի դիմաց Ռ.Հակոբյանին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել դատակոչված վկա Բորիկ Հակոբյանի որդուն:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, «ձախ ազդրի և սրունքի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Ռ.Հակոբյանը՝ ծնված 1955թ.:

Պարզվել է, որ Ռ.Հակոբյանը հրազենային վնասվածքներն ստացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի դիմաց՝ «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի միջից արձակված կրակոցների հետևանքով: 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, դատակոչված վկա Բորիկ Հակոբյանը՝ ծնված 1951թ., որդու ուղեկցությամբ գնացել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մասնակցելու 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի սպանության գործով հերթական դատական նիստին: Բ.Հակոբյանը սպանության գործով մեղադրյալի ազգականն է։

Դատարանի շենքի մոտ վիճաբանություն է առաջացել վերջիններիս և սպանության գործով տուժողի հարազատների միջև, որի ժամանակ բռնություն է գործադրվել վկայի նկատմամբ: Դեպքին միջամտել են տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները, ովքեր Բորիկ Հակոբյանին և նրա որդուն նստեցրել են նրանց ավտոմեքենան, որից հետո վերջինս, շրջադարձ կատարելով մեքենայով, հեռացել է, այնուհետև կանգնեցրել ավտոմեքենան և վարորդի դռան բաց պատուհանից «ՄՑ-21-12» տեսակի որսորդական ողորկափող հրացանից, շուրջ 15 մետր հեռավորությունից կրակել է Ռաֆիկ Հակոբյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Բ.Հակոբյանի որդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: