Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կորոնավիրուսի պանդեմիան փոխում է միջազգային շփումների ձևաչափը. «Մեծ յոթնյակի» առաջնորդների հերթական գագաթնաժողովն անցկացվում է տեսակոնֆերանս միջոցով: Հիմնական թեման COVID-19-ն է, քննարկվելու են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի տնտեսական և ֆինանսական միջոցառումները: Մնացած` սուր թվացող հիմնախնդիրները երկրորդ, նույնիսկ` երրորդ պլան են մղվել. ըստ Yerkir.am-ի` Regnum-ում տպագրած հոդվածում նշում է քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:
«Դա նկատելի էր նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կազմակերպած` հարավային Ասիայի տարածաշրջանային համագործակցության ասոցիացիայի երկրների ներկայացուցիչների հետ արտակարգ տեսակոնֆերանսի ընթացքում. ուշադրության կենտրոնում աշխարհի ամենախիտ բնակեցված տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելուն ուղղված համատեղ ջանքերն էին: Ուշագրավ է, որ, չնայած Դելիի ու Իսլամաբադի հակամարտային հարաբերություններին, տեսակոնֆերանսին մասնակցել էր նաև Պակիստանի ներկայացուցիչը»,- գրում է քաղաքագետը` հավելելով, որ նման տեսակոնֆերանս է նախատեսում անցկացնել նաև Անկարան: Դրան մասնակցելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
Սակայն, ըստ Տարասովի, այստեղ ամեն ինչ միանշանակ չէ: Բանն այն է, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե Մերկելը, Մակրոնը և Ջոնսոնը պետք է գան Թուրքիա` թուրք-հունական սահմանին փախստականների հարցը և Իդլիբի իրավիճակը Անկարայի ու Բրյուսելի հարաբերությունների լույսի ներքո քննարկելու: Դեպի Եվրոպա միգրանտների ու փախստականների ալիք ուղղելով` Էրդողանը պահանջների «բարձր նշաձող» դրեց` վերսկսել Թուրքիայի եվրակողմնորոշման վերաբերյալ բանակցությունները, կոնկրետ քայլեր անել առանց վիզայի ռեժիմի ուղղությամբ, թարմացնել Մաքսային միության մասին համաձայնագիրը, ավելացնել մոտ 4 մլն սիրիացի փախստականների պատսպարման համար տրվող գումարը: Սակայն կորոնավիրոսը կտրուկ փոխեց ամեն ինչ: Թեև Թուրքիայի իշխանությունները չկամորեն են տարածում երկրում կատարվողի մասին տեղեկությունները, այն , այդուհանդերձ, ինքն է մեկուսանում արտաքին աշխարհից: Այսպես` հյուրանոցներին առաջարկվել է զբոսաշրջային շրջանը տեղափոխել ապրիլի վերջ: Առողջապահության նախարարությունն արձանագրում է երկրի տարածքում կորոնավիրուսով հիվանդացության փաստեր, և ոչ ոք չգիտի, թե ինչպես կտարածվի վարակը փախստականների ճամբարներում ու արդեն Հունաստանի և Բուլղարիայի սահմանների մոտ հասածների շրջանում: Պարզ է նաև, որ եթե Եվրոպան նախկինում փախստականներին չէր ընդւնում այլ պատճառներով, ներկայումս դա անելու լուրջ հիմնավորում ունի:
Ի դեպ, ավելի վաղ Անկարան էր այցելել Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Նա առաջարկում էր Թուրքիայի ու Հունաստանի առաջնորդների գագաթնաժողով անցկացնել Սոֆիայում: Էրդողանը հրաժարվեց, նրա համար դա այն «քաղաքական տրամաչափը» չէր: Իսկ հիմա ձախողվում է նրա անձնական հանդիպումը Մակրոնի ու Մերկելի հետ, չնայած Էրդողանի հայտարարություններին, թե եվրոպական առաջնորդները «հերթ են կանգնում» իր հետ հանդիպելու համար: Հիմա արդեն էրդողանի` հերթ կանգնելու ժամանակն է, քանի որ ակնհայտ է` եվրոպացիների հետ փախստականների ու միգրանտների հարցը քննարկվելու է բացառապես պանդեմիայի համատեքստում:
Դժվար թե Անկարայում պատրաստ էին իրադարձությունների այսպիսի զարգացմանը, որտեղ մտահոգված են ավելի շատ սեփական խնդիրներով, քան «մարդկության փրկության» գաղափարներով: Փախստականների մասին նոր սյուժեն բումերանգով վերադառնում է Թուրքիա, իսկ Իդլիբի խնդիրը Եվրոպայի համար դառնում է երկրորդական: Եթե Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ վերջերս խոսելիս ասում էր, որ «Սիրիայի ճգնաժամը սպառնալիք է մեր տարածաշրջանին ու ամբողջ Եվրոպային ինչպես անվտանգության, այնպես էլ հումանիտար ոլորտում», ապա ինչի՞ մասին է նա խոսելու Մակրոնի և Մերկելի հետ, ի՞նչ են նրանք պատասխանելու: Եվրոպայի հետ նախկին խաղը թուրքերը կարող են վարել միայն այն դեպքում, եթե կարողանան պատսպարվել պանդեմիայից: Սակայն դա քիչ հավանական է` հաշվի առնելով Մերձավոր Արևելքի հարևան երկրներում հիվանդության տարածվածությունը, ընդ որում` ամերիկյան The National Interest-ն էլ կասկածի տակ էր առնում թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալները երկրի ներսում համաճարակի վերաբերյալ: Անկարան տեղեկատվական փակ քաղաքականություն է վարում, սակայն մարտի13-ին առնվազն մինչև ամսվա վերջը փակվեց Թուրքիայի խորհրդարանը: Կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է Թուրքիայում անցկացվելիք ` Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի գավաթի խաղերը: Պանդեմիայի հետագա զարգացման դեպքում իրադարձությունները Թուրքիայում կարող են զարգանալ անսպասելի սցենարով: Համենայն դեպս, ըստ Տարասովի, կորոնավիրուսի պատճառով Էրդողանի` «փախստականներով արդյունավետ հարված Եվրոպային» ծրագիրը ձախողվել է: