Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սույն թվականի հունիսի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հարցով, Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների` Կազանում կայանալիք հանդիպման կապակցությամբ հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.
- գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում խաղաղության պահպանման գործընթացում.
- ողջունելով բանակցային գործընթացում կողմերին առաջարկված միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքները` ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը, և բացառելով այդ երեք սկզբունքների հիման վրա որեւէ քայլի ճշտում` առանց ԼՂՀ-ի` բանակցային գործընթացում ուղղակի ներգրավման.
- գնահատելով բանակցային գործընթացում ՀՀ դերակատարությունը, հատկապես` որպես ԼՂՀ անվտանգության երաշխավորի. - տեղեկացված լինելով Մինսկի խմբի համանախագահների միջոցով ԵԱՀԿ-ին փոխանցված ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումներին.
- գիտակցելով, որ փաստացի (դե ֆակտո) կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմամբ` որպես ինքնուրույն և անկախ պետություն, տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն, որը փաստվեց Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջազգային ճանաչմամբ.
- անընդունելի համարելով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում` այն դիտարկելով որպես ուղղակի միջամտություն ինքնիշխան և անկախ պետության ներքին գործերին.
- անընդունելի համարելով արդեն իսկ 17 տարիներ պահպանվող խաղաղության իրական երաշխիքներից հետքայլը.
- համոզված լինելով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում առանց ԼՂՀ լիիրավ մասնակցության` որպես բանակցող կողմ, անհնարին է առաջընթացի արձանագրում, իսկ խախտված ձևաչափով բանակցային գործընթացը չի կարող ամբողջական և վերջնական լուծում առաջարկել.
- առաջնային համարել և բանակցային գործընթացի հիմք ընդունել Արցախի ժողովրդի հանրաքվեներով արտացոլված ազատ կամքի արտահայտությունները.
- անհրաժեշտություն համարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և այլ միջնորդական առաքելությունները պետք է իրենց ջանքերը ներդնեն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ոչ թե հետևանքների, այլ հրահրված պատերազմի հիմնական պատճառների վերացման ուղղությամբ, որը առանցքային հարց չի դիտվել մինչ այժմ տեղի ունեցած գործընթացներում.
- հավատացած լինելով, որ ԼՂՀ ժողովուրդը ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, իրավունք ունի ինքնուրույն տնoրինելու իր ճակատագիրը և իր երկրի ապագան.
- վստահ լինելով, որ իրավունքի համար արդարացի պայքարի հաղթանակը կանխորոշված է, իսկ մեր երկրի անկախության ճանաչման գործընթացը անշրջելի. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն, վերոնշյալ բոլոր հիմնավորումներից ելնելով,
ա) վերահաստատում է արցախյան ազատագրական պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու իր վճռականությունը,
բ) կոչ է անում համանախագահներին ու միջնորդական առաքելություն իրականացնող բոլոր կողմերին` զերծ մնալ ստեղծված հավասարակշռությունը և խաղաղությունը խաթարող քայլերից:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե 22.06.2011թ.