Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների առկա իրավիճակի և կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև հանրակրթական հաստատություններում ուսումնական բնականոն գործընթացի վերականգնման վերաբերյալ, այսօր՝ մարտի 6-ին, Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել ԱՀ կրթության, գիտության և սպորտի և առողջապահության նախարությունների համատեղ խորհրդակցություն, որին մասնակցում էին Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների, միջին մասնագիտական և բուհական ուսումնական հաստատությունների տնօրեններ, կրթության ու առողջապահության ոլորտի պատասխանատուներ:
Խորհրդակցությանը, կրթության գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ սուր շնչառական վարակների տարածումը կանխելու նպատակով հանրակրթական հաստատություններում դասերի ժամանակավոր դադարը չի կարող երկար շարունակվել, ինչը բացասական է ազդեցություն է ունենալու ուսումնական ծրագրերի ամբողջական իրագործման ու յուրացման վրա: Նրա խոսքով, վերջին ժամնակահատվածում կրթական հաստատություններում իրականացվել են մի շարք կանխարգելիչ և ախտահանիչ միջոցառումներ, ընդ որում ստուգվել են ջրիծորակներիառկայությունը, հիգիենիկ պայմանների ապահովումը, բացի այդ կրթօջախներին տրամադրվել է ուղեցույց՝ շնչուղիների սուր վարակներից խուսափելու միջոցների ծանուցմամբ: Նախարարընաև կարևորել է մանկավարժական անձնակազմի կողմից իրազեկման համապատասխան աշխատանքերի իրականացումը՝ ինչպես աշակերտների, այնպես էլ՝ ծնողների հետ: Ըստ Ն. Աղաբալյանի, դպրոցական դասաժամերը կլինեն 40 րոպե տևողությամբ, ինչը հնարավորություն կտա ժամանակ խնայելու միջոցով մինչև ուսումնական տարվա ավարտը ամբողջապես իրագործել ծրագրերի ուսուցումն ու յուրացումը:
«Մանկավարժները պետք է բացատրական աշխատանքներ տանեն երեխաների հետ՝ հիգիենայի կանոնների պահպանման և կանխարգելիչ միջոցների վերաբերյալ: Աշակերտներն անպայման պետք է ապահովվեն խմելու ջրով: Բացի այդ, պետք է ուշադրության կենտրոնում պահել և խստորեն հետևել, որպեսզի հարբուխով կամ բարձր ջերմություն ունեցող ուսուցիչներն ու աշակերտները չհաճախեն դպրոց»,- ասել է ԿԳՍ նախարարը՝ միաժամանակ հորդորելով ծնողներին դպրոց ուղարկել երեխաներին, ովքեր արդեն առողջ են:
Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում, մանկապարտեզներում նաև ստուգվել է ժամկետանց մթերքի առկայությունը՝ որպես սնունդ դրանց օգտագործումը բացառելու նպատակով:
Իր խոսքում, Առողջապահության նախարար ԱրայիկԲաղրյանը հավաստիացրեց, որ համաճարակաբանական իրավիճակը վերահսկելի է՝ կոչ անելով ձեռնպահ մնալ ավելորդ խուճապային տրամադրություններ ստեղծելուց:
«Ստեղծված օպերատիվ շտաբի և մեր բուժհաստատությունների մասնագետները մշտապես վերահսկողության ներքո են պահում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ժամանում են այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել: Բուժաշխատողների մի խումբ այցելել է Երևան և ծանոթացել համապատասխան աշխատանքների իրականացման ձևերին»,-մանրամասնեց Ա. Բաղրյանը՝ հավելելով, որ Հանրապետության բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքի ու պարագաների խմբաքանակով: Բացի այդ, Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ընկերության հետ կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ արտադրվում և նախարարությանն է տրամադրվում օրական շուրջ 1000 պաշտպանիչ դիմակ: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներին, ապա առողջապահության նախարարի խոսքով, դրանք գրեթե չեն տարբերվում սեզոնային գրիպի կանխարգելիչ միջոցառումներից:
Խորհրդակցության մասնակիցներին, կորոնավիրուսի կանխարգելման միջոցների և ախտանշանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ հաղորդեց «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի սանիտարական բժիշկ Էռնա Բաղրյանը:
Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Օֆելյա Գրիգորյանը և ԱՆ Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը ներկայացրել են սուր շնչառական վարակների կանխարգելիչ միջոցառումները: Նրանք մանկավարժներին, տնօրեններին և կրթօջախների պատասխանատուներին հորդորել են պատշաճ ուշադրություն և օբյեկտիվ հետևողականություն ցուցաբերել՝ հանրակրթական հաստատություններում հիվանդերի ներկայության բացառման և հիգիենիկ միջոցառումների ապահովման գործընթացում:
Վան Նովիկով