Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականի մարտի 1-ից «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները ևս միացան մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սննդի ապահովման նոր համակարգին։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ սննդի ապահովման գործընթացը 2019 թվականի հոկտեմբերից, «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում մեկնարկած փորձնական ծրագրի արդյունքում, պատվիրակվեց բաց մրցույթում հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ին։
Այսօր արդեն շահառու քրեակատարողական հիմնարկների թիվը 4-ն է, իսկ մինչև 2020 թվականի հունիսն այս համակարգը ներդրված կլինի Հայաստանում գործող բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում։
«Աբովյան» ՔԿՀ-ում մարտի 1-ից գործող սննդի ապահովման նոր ծրագրի ներգրավման մանրամասներն ուսումնասիրելու նպատակով Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը և առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն այցելել են ՔԿՀ, որտեղ հիմնարկի վարչակազմի հետ ծանոթացել օրվա ճաշացանկին և սննդի մատուցման որակին։
ՔԿԾ պետ Արթուր Գոյունյանն ուրախությամբ փաստել է, որ սննդից օգտվում են բոլոր դատապարտյալները։ «Ինչպես խոստացել ենք, մինչև 2020 թվականի հունիս բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները կօգտվեն այս համակարգից»,-նշել է ՔԿԾ պետը։
«Ռեդի-Սթեդի» ընկերության տնօրեն Բակուր Մելքոնյանի խոսքով՝ Քրեակատարողական ծառայության հետ նաև քննարկվում է ծրագիր դատապարտյալներին խոհարարական դասընթացում ներգրավելու վերաբերյալ, որպեսզի ՔԿՀ-ից հետո տիրապետելով խոհարարական հմտությունների՝ աշխատանքի տեղավորման հետ կապված ունենան այլընտրանքային հնարավորություններ։
Հարկ է նշել, որ մասնավոր ընկերության կողմից առաջարկվող ճաշացանկը տարբեր է, իսկ օրական պատրաստվող սննդակարգում ներառված են նախաճաշը, ճաշը և ընթիքը։ Օրվա համար նախատեսված սնունդը պատրաստվում է տեղում բարձր որակավորում ունեցող փորձառու խոհարարների կողմից։ Սնունդը տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախօրոք կազմված ճաշացուցակի, որը ներկայացնում է մատակարարող ընկերությունը, և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից։ Ճաշացանկը փոխվում է յուրաքանչյուր շաբաթ՝ սննդի բազմազանությունն ապահովելու համար։
Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։