կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-30 11:01
Առանց Կատեգորիա

Սիրիայի քրդերի ինքնակառավարումը եւ թուրքական զգուշացումները

Սիրիայի քրդերի ինքնակառավարումը եւ թուրքական զգուշացումները

Հյուսիսային Սիրիայում քրդական իրողական ինքնավարությունը  հետզհետե ձեւավորվում է ու կայանում: Ներքրդական բանակցություններն արդեն խոսում են իրողական ինքնավարությունը իրավական հարթություն տեղափոխելու մասին: Եվրոպական կառույցներին այս առումով դիմումներ են կատարվում եւ ներկայացուցչական հաստատություններ առաջացնելու ուղղությամբ բարձրաձայն քննարկումներ են տեղի ունենում: Իբրեւ թե փակ խորհրդակցություններից արտահոսքի ձեւով դուրս եկած տեղեկություններ են հրապարակվում՝ այս բոլորը հաստատող: Նույնիսկ ինքնավար Քուրդիստանի սահմանադրության նախագիծը հրապարակային քննարկման ենթակա է: Այս բոլորը, անշուշտ, հանրային կարծիքը պատրաստելու համար է, թե Սիրիայում քրդական ինքնավարությունը կայացման ընթացքի մեջ է եւ իբրեւ քաղաքական միավոր ճանաչման հրամայական պիտի առաջադրի: 

 

Առաջատար ուժը «Ժողովրդավարական միությունե կուսակցությունն է, որ այս ուղղությամբ քրդական տարբեր խմբավորումների հետ  է բանակցում: Առաջադրանքները, որոնք հայտարարվում են «Ժողովրդավարական միությունե կուսակցության կողմից, փորձում են զգուշավորություն պահել: Նրանք խնդրո առարկա չեն դարձնում Սիրիայի տարածքային ամբողջականությունը եւ ավելի օգտագործում են «ինքնակառավարումե բառակապակցությունը: Զգուշավորությունը, սակայն, երկկողմանի է. եւ հակառակ սիրիական տարբեր ճակատների հետ արձանագրված սահմանափակ միջադեպերին, թե՛ կառավարական եւ թե՛ հակակառավարական ուժերը քրդերի նկատմամբ զգուշավորության սահմանագիծը, թվում է՝ հարգում են:

 

Խնդիրը, սակայն, սիրիական կողմերի նկատմամբ եւ փոխադարձաբար կիրառվող քաղաքականություններին չի վերաբերում, որքան այս զարգացումներով հիմնական մտահոգ եւ անհանգիստ վիճակ ցուցաբերող Անկարային:
Թե՛ թուրքական եւ թե՛ միջազգային մամուլը խոսում է անցնող ուրբաթ Անկարայից հնչած ազդարարության մասին: Վարչապետ Էրդողանը զգուշացրել էր քրդերին հյուսիսային Սիրիայում Թուրքիայի անվտանգությանը սպառնացող քայլեր անելիս՝ ակնարկելով ինքնավար Քուրդիստանի հայտարարության հավանականությանը: Նման ոճով, կիսասպառնական հայտարարություններով Անկարան միայն Սիրիայի վարչակարգին եւ Սիրիայի քրդերի հետ չէ, որ խոսում է: Եգիպտոսում ծայր առած շարժումը, իսլամական վարչակարգի տապալումը հայտնապես խոր անհանգստության է մատնել Թուրքիայի իսլամական վարչակարգի ղեկավարներին: Կահիրեի եւ Անկարայի իշխանությունների երեւութական դիմագծերը, անշուշտ, տարբեր հանգամանքներով ու պայմաններով զուգահեռներ ունեն (ունեին): Իսլամական վարչակարգերը, որոնց հակակշիռը զինվորականությունն է, որ երկրի ու պետության շահերից մեկնած միջամտություն կատարելու մղձավանջի տակ  է պահում գործող իշխանություններին:

 

Իսլամական վարչակարգի տապալումը Կահիրեում կշարունակի անհանգիստ վիճակում պահել նույն բնութագիրը ունեցող թուրքական իշխանություններին: Առանց մոռանալու, անշուշտ, որ Եգիպտոսը, Թուրքիան  եւ Սաուդյան Արաբիան հիմնական մրցակիցներ են արաբական աշխարհի եւ հատկապես սուննի զանգվածի վրա ազդեցություն բանեցնելու առաջնային գործոնի դիրքը գրավելու մրցավազքում: Սակայն, եթե Եգիպտոսում գաղափարակից վարչակարգի տապալումը անհանգստացնում է Անկարայի վարիչներին, Սիրիայում քրդական ինքնավարության կայացումով համաքրդական միավորման ուրվականը շատ ավելի խոր տագնապի  է առաջնորդում Էրդողանին ու իր վարչախմբին: Այս մեկը, արդեն, Թուրքիայի տարածքային ամբողջականությանը սպառնացող լրջագույն վտանգ է, որը օր-օրի ավելի տեսանելի  է դառնում:

 

Հիմա նայենք ընդհանուր համապատկերին՝ Անկարայից դիտված: Վայրիվերումներով հատկանշվող եւ հաճախ մրցակցային լարվածությամբ դրսեւորվող հարաբերություններ Իրանի հետ. ոչ միայն խզված, այլ թշնամական հարաբերություններ Դամասկոսի հետ, սպառնական մոտեցումներ հյուսիսային Սիրիայում ստեղծված ինքնավար Քուրդիստանի հետ: Եւ փակ սահմաններ՝ Հայաստանի Հանրապետության հետ:

 

Հիշե՞նք, որ ոչ հեռու անցյալում Անկարայի արտգործնախարարությունը հոխորտում էր «զրո խնդիրներ հարեւանների հետե կարգախոսով:

 

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր