Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտում ընթացող ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովի ընթացքում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով.
Yerkir.am-ը ներկայացնում է նրա ելույթն ամբողջությամբ.
«Սիրելի հայրենակիցներ,
Ողջունում եմ բոլորիդ մասնակցությունը Հայ դատի հանձնախմբերի խորհրդաժողովին, որը տեղի է ունենում մեր բոլորիս սրտի ամենազգայուն կետում՝ հպարտության, սիրո, պատվի, կամքի ու հաղթանակի առանցքում՝ Արցախում:
Պարտադիր չէ հիշեցնել, թե ինչու խորհրդաժողովի անցակցման վայրը ընտրվեց հենց այստեղ. այդ հարցի պատասխանը բոլորիս մեջ է, որովհետեւ Արցախը բոլորիս մեջ է, մեր ամենօրյա խոհերում, մեր խոսքում և որ ամենակարևորն է՝ գործում: Աշխարհով մեկ սփռված Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների նվիրյալները բոլորից լավ գիտեն, որ Արցախով է անցնում հայի լինելիության մայր ճանապարհը, եւ այդ ճանապարհը միշտ պետք է զերծ պահել օտարածին թափանցումներից ու քաղաքական խարդավանքներից: Այդ ճանապարհը բոլորիս պատվի ուղին է, ու դա այն հստակ սահմանումն է, որ ապացուցելի ու վիճելի չէ:
30 տարի առաջ Դաշնակցությունը, զգալով վերահաս վտանգը, վերադարձավ Արցախ, վերադարձավ զենքով, կամավորի ազնիվ մղումներով, առաջինը նետվեց մարտի դաշտ ու պայքարի կոչ արեց: Դաշնակցությունը կորցրեց իր գաղափարակից մարտիկների մի ամբողջ բանակ, որովհետեւ նրանց համար կուսակցության գաղափարախոսությունը վեր էր ամեն ինչից ու հանուն այդ գաղափարախոսության էլ չխուսափեցին սեփական կյանքը նվիրաբերելու: Զոհաբերության գնով կյանք առան հաղթանակները, Դաշնակցությունն անկախության գաղափարը դարձրեց հավատամք, դարձավ ազատ Արցախի պետականակերտման անտրտունջ շինարարներից մեկը եւ մինչ օրս էլ շարունակում է սկսած գործը:
Հայ Դատի հանձնախմբերը, իրենց գործունեության կիզակետում պահելով Արցախի ճանաչման դժվարին առաքելությունը, նյութական ու մարդկային նվազ միջոցներով, բայց նպատակի գիտակցումով օրինբուն պայքարում են ՝ ամեն պահի զգալով ադրբեջանական եւ թուրքական նենգ քարոզչության հարվածները: Նրանք հարվածներից չեն վախենում, նրանք պատմական ճշմարտությամբ են հակադարձում, նրանք չեն կաշառում մարդկանց, որ վերջիններս ամբիոններից ստեր բարձրաձայնեն, նրանք կաթիլ առ կաթիլ մատուցում են ճշմարտությունը՝ հանուն արդարության:
Սփյուռքում Արցախի մշտական ներկայացուցչությունների, իսկ Արցախում իշխանությունների հետ Դաշնակցությունը պատրաստակամորեն համագործակցում է բոլոր այն աշխատանքներում, որոնք միտված են Արցախի միջազգային ճանաչմանը, նրա զարգացմանն ու շենացմանը: Բնական դաշնակիցներ լինելով տասնամյակներ շարունակ մեզ հաջողվել է ցուցաբերել համագործակցության օրինակելի վարքագիծ, միշտ առաջնորդվելով հանունի գաղափարով:
Այսօր հավաքվել ենք ամփոփելու արվածը եւ խոսելու անելիքների մասին, որովհետեւ Դաշնակցության համար միշտ էլ անելիքները շատ են, հատկապես ներկա փուլում՝ զանազան մարտահրավերների եւ աշխարհում տեղի ունեցող քաղաքական խաղերի թնջուկում:
Ուզում եմ նորից ողջունել բոլորիդ, բարի ընթացք մաղթել խորհրդաժողովին եւ խոսքս եզրափակել Նժդեհի հայտնի խոսքով. «Ոչ մի տեղ առանց Արցախի ու Սյունիքի, առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»:
Շնորհակալություն»: