կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 20:17
Քաղաքական

«Ժլատության» ռեկորդ Հանրային ռադիոյում. ընդամենը 16.700 դոլար պարգևավճար՝ Փաշինյանի օրոք

«Ժլատության» ռեկորդ Հանրային ռադիոյում. ընդամենը 16.700 դոլար պարգևավճար՝ Փաշինյանի օրոք

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:    

Ստացված գրավոր պատասխանից (կցվում է) տեղեկանում ենք, որ Հայաստանի հանրային ռադիոյի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը նշված շրջանում կազմել է 7.983.090 (յոթ միլիոն ինը հարյուր ութսուներեք հազար իննսուն) դրամ (շուրջ 16.700 դոլար): Նամակում նաև նշված է, որ վերոնշյալ գումարով պարգևատրվել են թվով 238 աշխատակիցներ:  

Yerkir.am-ի՝ պարգևավճարների և աշխատակիցների թվի վերաբերյալ մի շարք պետական հիմնարկություններից ստացված  տեղեկությունների համադրումից կարելի է փաստել, որ Հանրային ռադիոյի պարագայում գրանցվել է պարգևավճարների ռեկորդային ցածր թիվ:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Ֆինանսների նախարարության աշխատակիցներին, որոնց ընդհանուր թիվը նշված ժամանակահատվածում տատանվել է (նվազել է) 556 - 390-ի միջև, պարգևատրման ֆոնդից վճարվել է 1.223.510.236 դրամ (շուրջ 2 մլն. 562 հազ. դոլար):

Իսկ, օրինակ, տարբեր տվյալներով շուրջ 150 աշխատակից ունեցող ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում, որն առավել հայտնի է «ֆեյքերի ֆաբրիկա» կամ «ֆեյքերի ՊՈԱԿ», վճարված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 131.602.325 դրամ (շուրջ 376 հազար դոլար): Այսինքն՝ տասնյակներով  ավելի քիչ աշխատակից ունեցող հիմնարկում պարգևավճարները ուղիղ 360 հազար դոլարով ավելի են, քան Հանրային ռադիոյում: