Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեծ Բրիտանիան սկսել է պայքարը հանցավոր կապիտալների՝ երկիր ներմուծման դեմ: Առաջինը բրիտանական իշխանությունների հարվածի տակ է ընկել Ադրբեջանի Միջազգային բանկի նախկին ղեկավարի կինը՝ Զամիրա Հաջիևան, որին Լոնդոնի Բարձրագույն դատարանը պարտավորեցրել է բացատրություն տալ տասնյակ միլիոնների հասնող (ֆունտ ստերլինգով) եկամուտների մասին: Թե ինչպե՞ս նոր օրենքը կազդի աշխարհի բազմաթիվ երկրների վերնախավերի վրա, որոնք նախընտրում են իրենց խնայողությունները պահ տալ Մեծ Բրիտանիային, ըստ yerkir.am-ի, Regnum-ում ներկայացնում է միգրացիոն հարցերով փորձագետ Յուրի Մոշան:
Նրա խոսքով՝ բրիտանական նոր օրենքը, ըստ էության, հեղաշրջում է, քանի որ Մեծ Բրիտանիան մշտապես համարվում էր «խաղաղ նավահանգիստ» աշխարհի հարուստների համար: Իրենց երկրներում հետապնդվող խոշոր ձեռնարկատերերի ու պաշտոնյաների մոտ 70 տոկոսը նախընտրում է ապաստան գտնել հենց այդ երկրում:
Ինչո՞ւ է բրիտանական խորհրդարանը գնացել այդ քայլին: «Նախևառաջ՝ չեն ցանկանում երկրի վարկանիշին հարված հասցնել: Բոլորը շատ լավ են հասկանում, որ այդ գործարարների մոտ 50 տոկոսն իր հարստությունը ձեռք է բերել ամենևին ոչ ազնիվ ճանապարհով, այսինքն՝ նրանք քաղաքական փախստականներ չեն, այլ ինչ-որ բան գողացել են, ինչ-որ մեկին՝ խաբել: Ինչ վերաբերում է պաշտոնյաներին, ապա նրանց 99, նույնիսկ ՝ 99,9 տոկոսն է պարզապես գողության մեջ բռնվել: Հասկանալի է, որ բրիտանացիները չեն ցանկանում նման մարդկանց տեսնել իրենց երկրում»,- նշում է փորձագետը:
Ըստ նրա՝ գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը նույնպես բաղձալի նպատակ է այդ կատեգորիայի քաղաքացիների համար: Հավանորեն, նրանցից շատերն արդեն ԱՄՆ կմեկնեն, որտեղ այդպիսի օրենք մոտ ժամանակներս չեն ընդունի, քանի որ հիմա այլ խնդիրներ ունեն, այդ թվում՝ միգրացիայի հետ կապված: Բացի դրանից՝ երկիրն ավելի մեծ է, այնտեղ ինչ-որ բան կարգավորելն ավելի դժվար կլինի, քան Մեծ Բրիտանիայում:
«Տեսականորեն, ԱՄՆ-ում էլ հնարավոր է նման դատավարություն, այնտեղ էլ է գործում անգլո-սաքսոնական նախադեպային իրավունքը, և մի լուրջ գործով վճիռը կարող է հիմք լինել նմանատիպ այլ գործերի համար: Պայմանականորեն՝ մարդը որոշել է իր գումարները պահել ամերիկյան Chase, Bank of America, Wells Fargo և այլ խոշոր բանկերում: Դատարանը կարող է պարզապես կալանք դնել այդ ակտիվների վրա և դրանք բռնագրավել հօգուտ պետության: Այդ գործընթացը նման է ամերիկյան իշխանությունների՝ փողերի լվացման նպատակով բացվող լվացքատների դեմ պայքարին: Հենց բանկը զգա, որ փողերը կեղծ են կամ «լվացված», կարող է անմիջապես այդ մասին հայտնել Հետաքննությունների դաշնային բյուրոյին կամ Գաղտնի ծառայությանը և բռնագրավել ակտիվը»,- նշում է Յուրի Մոշան, նաև հանգստացնում՝ նման բան ԱՄՆ-ում դեռ չի սպասվում, և այդ երկրի դռները փախստական գործարարների ու պաշտոնյաների համար բաց են: