Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խոսենք Սահմանադրության 213-րդ հոդվածից, որն ուզում են փոփոխել: Շատ է խոսվել այն մասին, որ անցումային հոդվածները հիմնականում ենթակա չեն փոփոխության, հատկապես այնպիսիք, որոնք սպառվել են: Այս դեպքում 213-րդ հոդվածն իր գործառույթն իրականացրել է և այպիսով ավարտել իր առաքելությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբյանը։
«Բայց դրա մասին չէ, որ հիմա պիտի խոսեմ: Եկեք դիտարկենք 213-րդ հոդվածի բացակայությունը 2015 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխություններում:
Սահմանադրության 213-րդ հոդվածը գրելիս որևէ մեկի մտքով էլ չէր անցնում, որ երեք տարի անց Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենա իշխանափոխություն: Իսկ այդ հոդվածի բացակայությունը նախկին իշխանությանը, ՀՀԿ-ին, հնարավորություն կտար մեկ քայլով վերցնել ՀՀ սահմանադրական դատարանը: Պետք է հիշենք, որ ՍԴ-ն կազմված է առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ նշանակված դատավորներից»:
Ըստ իրավապաշտպանի՝ եթե չլիներ 213-րդ հոդվածը, ապա «ՀՀԿ-ն պարզապես շատ արագ կիրականացներ ՍԴ-ի դատավորների փոփոխություն և կնշանակեր իր համար ցանկալի դատավորների, որոնք էլ կդակեին բոլոր այն ցանկություններ, որոնք ուներ կամ կունենար հենց ՀՀԿ-ն: Ասեմ ավելին, եթե չլիներ Սահմանադրության 213-րդ հոդվածը, ապա ներկայիս քաղաքական իշխանությունը որևէ հնարավորություն չէր ունենա անգամ այսպիսի ապօրինություններով փոխել ՍԴ դատավորներին: Գործող իշխանությունը պարզապես պիտի աշխատեր ՀՀԿ-ի կողմից նշանակված ՍԴ մեծամասնության հետ:
Ի՞նչ է ստացվում․ Սահմանադրությունը կազմվել և ընդունվել է այնպես, որ նույնիսկ ՀՀԿ-ն հնարավորություն չունենա ՍԴ-ն զավթելու, սակայն այսօր, գործող քաղաքական իշխանությունը, անտեսելով սահմանադրական բազմաթիվ սկզբունքներ, միջազգային հորդորներ, որոշել է ՍԴ-ն դարձնել իր կամակատարը:
Հետո էլ ասում են, թե հեղափոխություն է տեղի ունեցել: Սուտ է, չկա որևէ հեղափոխություն:
Մեզ իրական հեղափոխություն է պետք, որի շնորհիվ եկած քաղաքական իշխանությունը կունենա բարձր արժեքներ: Որի համար Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը, պետության իրավական անվտանգությունը կլինեն ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐ», գրել է Արսեն Բաբայանը: