Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինական կառավարությունն իշխանության ղեկին է ընդամենը կես տարի, սակայն արդեն ճգնաժամի մեջ է: Վարչապետ Գոնչարուկը քիչ էր մնում հրաժարական տար ձայնագրությունների պատճառով, որոնցում նա քննադատում է նախագահ Զելենսկիին: Երիտասարդ բարեփոխիչներին քննադատում են խորհրդարանում ու մամուլում: Լուրեր են շրջանառվում, թե որոշ նախարարներ հնարավոր է շուտով ազատվեն աշխատանքից ՝ KPI-ին՝ արդյունավետության հիմնական ցուցանիշներին չհամապատասխանելու համար: Այդ փոթորիկների մեջ անխռով է միայն ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը, թեև նրա ընդգրկումը նոր կառավարության մեջ ժամանակին ամենաշատ վեճերը հարուցեց. ըստ yerkir.am-ի՝ վերլուծական հոդվածում նշում է Carnegie Moscow Center-ը:
Կես տարի առաջ Զելենսկին քննադատության կրակի տակ խոստացավ, որ նախկին կառավարության ներկայացուցիչ Ավակովը ժամանակավոր է նշանակվել: Սակայն օդիոզ նախարարին հատկացված 6 ամիսներն արդեն անցել են, իսկ նրա դիրքերը միայն ամրացել են: Ուկրաինական իշխանության երկարակյացի կարգավիճակին նա հետզհետե ավելացնում է դրա կայունության գլխավոր երաշխավորի կարգավիճակը:
Կայունության երաշխավորը
«Բատկիվշչինա» կուսակցությունից պատգամավոր Արսեն Ավակովին ՆԳ նախարար նշանակեցին 2014-ի սկզբին՝ հետհեղափոխական կադրային փոխատեղումների ընթացքում: Այն ժամանակ ոչ ոք չէր կարծում, որ նա այդքան երկար կմնա այդ պաշտոնում՝ հաջողությամբ աշխատելով բոլոր վարչապետերի ու նախագահ Պորոշենկոյի օրոք: Առավել ևս, որ նշանակումից որոշ ժամանակ առաջ Ավակովը ստիպված էր բնակվել Եվրոպայում, որտեղ թաքնվում էր Յանուկովիչի հետապնդումներից: Հին հակառակորդի տապալումը նրա համար ճանապարհ բացեց դեպի իշխանական բարձունքները:
ՆԳՆ նոր ղեկավարը կարողացավ գերատեսչությունը դարձնել իր անձնական քաղաքական նախագիծը: Նա համագործակցություն առաջարկեց ազգայնական ակտիվիստներին, որոնք Մայդանից հետո դարձել էին ազդեցիկ ուժ: Նախարարը հաշտեցրեց ոստիկանությանը և սպորտային թիմերի երկրպագուներին, որոնք հեղափոխության ժամանակ դաժան բախումներ էին ունեցել: Արդյունքում ստեղծվեց Ավակովին նվիրված և գաղափարապես կոփված Ազգային գվարդիան: Երբ նախագահ Զելենսկին փորձեց Ազգային գվարդիան դուրս բերել ՆԳՆ-ի ենթակայությունից, բախվեց նախարարի հարգալից, բայց վճռական դիմադրությանը և ստիպված եղավ նահանջել:
Միաժամանակ, Ավակովը դաժանորեն ճնշում էր նույն ազգայնական ակտիվիստներին, երբ նրանք գործում էին չարտոնված և ուժեղացնում քաոսը հետմայդանային Ուկրաինայում:
Ավակովին հաջողվեց մի շարք լուրջ բարեփոխումներ իրականացնել ՆԳՆ-ում, օրինակ՝ Սահակաշվիլիի բարեփոխած վրացական ոստիկանության ոճով (թեև Վրաստանի նախկին նախագահի հետ Ավակովի հարաբերությունները այնքան էլ լավ չէին), մաքրեց կադրային կազմը կոռուպցիոներներից:
Նա առաջիններից էր, որ սկսեց ակտիվորեն կիրառել «Ֆեյսբուքը» հասարակության հետ շփումներում՝ ձեռք բերելով բլոգեր-նախարարի համբավ և խթանելով սոցցանցերի դերի բարձրացումը ուկրաինական քաղաքականության մեջ:
Անկասկած, իշխանության ամրապնդման համար Ավակովը կիրառել է նաև հին, փորձված մեթոդներ՝ վարկաբեկող նյութեր է հավաքել՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը: Ուկրաինական իշխանության կուլուարներում խոսում են, որ նախարարը յուրաքանչյուրի մասին մի թղթապանակ ունի:
Նախարարի հեղինակությանը չկարողացան վնասել ո՛չ ընտանեկան ընկերությունների կողմից ինքնավար տարածքային միավորների գոտու համար բարձր գներով ուսապարկերի գնման հետ կապված սկանդալը, ո՛չ լրագրողական հետաքննություններն այն մասին, որ երկրի գլխավոր ոստիկանը շարունակում է ակտիվորեն զբաղվել գործարարությամբ և տանիք է անօրինական հանքերի համար: 2016-ին գլխավոր դատախազությունը նույնիսկ քրեական գործ հարուցեց Ավակովի դեմ, սակայն 2 օր անց այն փակվեց:
Սկանդալներից Ավակովը դուրս էր գալիս ավելի ուժեղացած, կուտակած ոչ պաշտոնական ազդեցությունն էլ ապահովում է նրա անձեռնմխելիությունը: Բացի դրանից՝ նա չի ձգտում հրապարակային քաղաքական գործչի կարիերայի՝ մնալով ուժեղ ու խորամանկ ապարատային խաղացող, որի կարիքը կա քաղաքական շրջադարձներում:
Նախորդ նախագահի օրոք Ավակովը «Ժողովրդական ճակատ» կուսակցության կողմից վերահսկվող կառավարության հենասյուներից մեկն էր: Կուսակցությունը չդիմացավ Պորոշենկոյի «հնգամյակին»՝ քայքայվեց 2019-ին, սակայն Ավակովը մնաց ջրի երեսին, քանի որ Պորոշենկոյի ժամանակաշրջանի մայրամուտին իշխանության ժառանգականության երաշխավորի կարևոր դերը խաղաց. ընտրարշավի ժամանակ չեզոք դիրք գրավեց ու կարողացավ երկիրը տանել բարդ ընտրությունների միջով՝ չթույլատրելով, որ քաղաքական կրքերը վերահսկողությունից դուրս գան: Այդ արժանիքների շնորհիվ Ավակովը պահանջարկ ունեցավ նաև նոր իշխանության կողմից, թեև նրան ընդգրկել են կառավարության կազմում փորձաշրջանով՝ Զելենսկիի անձնական պատասխանատվությամբ:
Ժամանակավորից՝ անփոխարինելի
Զելենսկիի հաղթանակից հետո Ավակովը շատ արագ ժամանակավոր նախարարից դարձավ անփոխարինելի: Նա արագորեն հարաբերություններ հաստատեց նոր նախագահի մերձավոր շրջապատի հետ և դարձավ անվտանգության ու նույնիսկ արտաքին քաղաքականության հարցերով ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: ՆԳՆ ղեկավարին նույնիսկ ընդգրկեցին «նորմանդական քառյակի» փարիզյան գագաթնաժողովի պատվիրակության կազմում, որտեղ նա հաջողությամբ ելույթ ունեցավ և մամուլին ներկայացրեց բանակցությունների մանրամասները:
Ավակովը վճռականորեն հետ մղեց նոր թիմի՝ իր «տարածքը» մուտք գործելու բոլոր փորձերը. կասեցրեց Ազգային գվարդիայի փոխանցումը ՆԳՆ-ի ենթակայությունից նախագահի ենթակայությանը, չթույլատրեց, որ նոր փոխնախարարներ նշանակվեն նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներից, ինչը պնդում էր աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանը: Նրա հետ Ավակովի հարաբերություններն այնքան էլ հաջող չեն:
«Ուկրաինսկայա պրավդա»-ն, վերլուծելով Ավակովի կապերը նախագահի մերձավոր շրջապատի հետ, նշում է, որ նախարարը լավ հարաբերություններ է հաստատել նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի՝ «95-րդ թաղամաս»-ի նախկին համասեփականատիրոջ հետ, որը քաղաքական հավակնություններ չունի, սակայն մեծ ազդեցություն ունի նախագահի վրա:
Ավակովը գործնական հարաբերություններ ունի նաև նախագահի՝ արտաքին հարցերը համակարգող օգնական Անդրեյ Երմակի հետ, որի ազդեցության մեծացման մասին գրում են ԶԼՄ-ները:
ՆԳ նախարարը ազդեցություն ունի ենթակառուցվածքների նախարարությունում, որը գլխավորում է նրա հովանավորյալ Վլադիսլավ Կրիկլին, նաև՝ հավատարիմ մարդիկ այլ գերատեսչություններում՝ «Նաֆթոգազ»-ում, ԿԸՀ-ում, խորհրդարանում:
Իսկ իշխանությանը ամենամոտ օլիգարխի՝ Իգոր Կոլոմոյսկիի հետ Ավակովի առանձնահատուկ հարաբերությունները ՆԳ նախարարի ամենաուժեղ կողմն են: Դա երկու համազոր դեմքերի միություն է: «Մերը մարտական ընկերակցություն է»,- հարցազրույցներից մեկում ասել է օլիգարխը:
Ավակովը չի մոռանում նաև հայրենի Խարկովի շրջանը, որտեղ սկսել է քաղաքական գործչի ու գործարարի կարիերան, իսկ նախագահ Յուշչենկոյի օրոք եղել է նահանգապետը: Նոր նահանգապետը՝ երիտասարդ իրավաբան Ալեքսեյ Կուչերան, Ավակովի հովանավորյալն է: Խարկովում ՆԳ նախարարի հիմնական խնդիրը աշնանն անցկացվելիք ընտրություններում Խարկովի երկար տարիների քաղաքապետ Գենադի Կերնեսին հեռացնելն է, որի հետ թշնամանքը տարիների պատմություն ունի. Կերնեսը Յանուկովիչի թիմում ակտիվորեն մասնակցել էր ընդդիմադիր Ավակովի հետապնդումներին, իսկ հետագայում նախարարին մեղադրել իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ:
Պուտինի համախտանիշով նախարարը
Ավակովը կառավարության գլխավոր ուժայինն է, և նրա ազդեցությունը շարունակում է աճել: Ներկայումս, երբ կառավարությունը նախապատրաստում է հասարակության համար անընդունելի հողային բարեփոխումը, ՆԳՆ-ի դերը՝ որպես ներքին քաղաքական կայունության երաշխավորի, մեծանում է: Դա հաշվի առնելով՝ Ավակովը ծրագրում է ընդլայնել իր լիազորությունները (ներկայումս ՆԳ նախարարին, բացի Ազգային գվարդիայից ու ոստիկանությունից, ենթարկվում են սահմանապահները, միգրացիոն ծառայությունը, արտակարգ իրավիճակների դեմ պայքարի ծառայությունը): Օրինակ՝ Գերագույն ռադայի քննարկմանն է դրվելու օրինագիծ, ըստ որի՝ Ազգային գվարդիային տրվում է սեփական ռազմական հետախուզությունն ունենալու հնարավորություն՝ գաղտնի բյուջեով և երկրի սահմաններից դուրս հատուկ գործողություններ իրականացնելու լիազորություններով: Եթե օրենքն ընդունվի (օրինագիծն արդեն արժանացել է խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի հավանությանը), Ավակովը կունենա անձնական հատուկ ծառայությունը, որը կընդլայնի նրա ազդեցությունը երկրի տարածքից դուրս: Ի դեպ, նա նաև ձգտում է իր վերահսկողության տակ վերցնել անկախ հակակոռուպցիոն մարմինները:
Այն, որ Ավակովը սկսել է իր ձեռքում կենտրոնացնել այդքան լիազորություններ ու ուժային պաշարներ, շատերի մտահոգությունն է առաջացնում: Նախկին պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն 2016-ին նրան անվանել է «ուկրաինական Պուտինի համախտանիշով նախարար», որը պատրաստ է երկրում քաոսին ի պատասխան իր դիկտատուրան սահմանել: Սակայն եթե նույնիսկ Ավակովը նման հավակնություններ ունի, աշխատում է դրանք չցուցադրել: Ներկայումս նա աշխատում է նախագահական երկու հանձնարարություն կատարել՝ պայքարել ապօրինի խաղային բիզնեսի դեմ և հետաքննել լրագրող Պավել Շերեմետի սպանությունը: Երկրորդը նոր նախագահի նախընտրական խոստումն է, գործը մեծ հանրային արձագանք ունի, և ըստ Գերագույն ռադայի իրավական գործերի հանձնաժողովի նախագահ Դենիս Մոնաստիրսկիի՝ եթե Շերեմետի գործը տապալվի, Ավակովը կարող է զրկվել պաշտոնից:
ՆԳ նախարարի համար «թունավոր» թեմա է նաև այն, որ նրա անունը հիշատակվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի նյութերում: Արևմուտքում Ավակովի վարկանիշին վնասում է նաև նրա հովանավորությունը «Ազով» ծայրահեղ աջ կազմակերպությանը. ԱՄՆ 39 կոնգրեսական պահանջում է կազմակերպությունը ճանաչել որպես ահաբեկչական:
Այնուամենայնիվ, Ավակովի դիրքերը մնում են ամուր, նույնիսկ խոսում են նրան վարչապետ նշանակելու հնարավորության մասին: Դա ձեռնտու կլինի Կոլոմոյսկիին, որը վատ հարաբերություններ ունի վարչապետ Գոնչարուկի հետ, սակայն Ավակովն ինքը դժվար թե հեռանա «փորձարկված» պաշտոնից, որն ինչպես պաշտոնական, այնպես էլ ստվերային մեծ հնարավորություններ է տալիս: Վարչապետի պաշտոնը ուժեղ նախագահական իշխանության պայմաններում գրավիչ չէ, բացի դրանից, հարցումների համաձայն, Ավակովի վարկանիշն այնքան էլ բարձր չէ, որ կարողանա ինքնուրույն քաղաքական կարիերա անել:
Բայց Ավակովը վայելում է նախագահի վստահությունը, որն ավելի ու ավելի միայնակ է զգում իրեն՝ սեփական թիմում խժդժությունների ֆոնին: Զելենսկին ունի Ավակովի կարիքը՝ մարդու, որը կապված է ուկրաինական խորքային պետության ստվերային կողմի հետ. դրա առջև անզոր են երիտասարդ բարեփոխիչները: Իսկ ամենազոր նախարարը կհրաժարվի անձնական հավակնություններից, որպեսզի դառնա իշխանության ոչ պաշտոնական, բայց գլխավոր պատվարը: Անշուշտ, մինչև այն պահը, քանի դեռ երիտասարդ նախագահը երկրում վստահություն ու հեղինակություն ունի: