կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-02 15:22
Հասարակություն

ՀՀ-ում աուտիզմի համախտանիշով մարդկանց թիվն աճել է

ՀՀ-ում աուտիզմի համախտանիշով մարդկանց թիվն աճել է

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը:

 

Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքը: Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Վերջին 5 տարվա ընթացքում (2008-2012թթ.) հանրապետական մանկական նյարդահոգեբանական դիսպանսերի կողմից մինչև 18 տարեկան տարիքային խմբում արձանագրվել է աուտիզմի 502 նոր դեպք: Հիվանդության ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները և այլն:

 

Աուտիզմով երեխաների կարիքները սննդային կամ դեղորայքային չեն: Ցավոք, գոյություն չունի հրաշք մի մեթոդ, որն ի զորու կլիներ ամբողջովին բուժել այս հիվանդությունը: Սակայն համապատասխան վերականգնողական և կրթական միջամտությամբ, հիվանդության վաղ հայտնաբերմամբ կարելի է օգնել երեխաներին հարմարվելու և ընկալելու իրենց շրջապատող աշխարհը, հնարավորինս նպաստելով հասարակության մեջ նրանց ինքնուրույնության և կյանքի որակի լավացմանը:

 

Հայաստանում աուտիզմով հիվանդ երեխաների պետական պատվերի շրջանակներում բուժումն ու ռեաբիլիտացիան իրականացվում է «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում» և «Օշական» մանկական վերականգնողական կենտրոնում: Սակայն այս հարցում իրապես առաջատար է համարվում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «ԱրԲես» առողջության կենտրոնը` իր 7 «Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն» մարզային մասնաճյուղերով, որտեղ աուտիզմով երեխաները հնարավորություն ունեն ստանալ բազմամասնագիտական վերականգնողական բուժօգնություն տեղում` չհասնելով մայրաքաղաք:

 

Վերջին տարիների մյուս կարևոր ձեռքբերումն է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի Ապարանի առողջարարական ճամբարում աուտիզով 16 երեխայի հանգստի կազմակերպումը իրենց մայրերի հետ` տարեկան երեխա: Այդ կարճատև երկշաբաթյա հանգստի դրական արդյունքը դժվար է գերագնահատել, իսկ գործընթացը կարելի է դիտել որպես 3 ոլորտների (առողջապահական, սոցիալական, կրթական) միահամուռ աշխատանքի արդյունավետության մի մոդել: Իրականացվում են մի շարք վերապատրաստման դասընթացներ` ուղղված առաջնային օղակի մասնագետների գիտելիքների բարձրացմանը, իրազեկման ծրագրեր հանրակրթական և նախադպրոցական կրթական հաստատությունների մանկավարժների, դաստիարակների, աշակերտների և ծնողների համար, որի նպատակն է ներկայացնել աուտիզմի խնդիրը, այդ թվում` աուտիզմով երեխաների կրթության մեջ ներգրավմանը, հասակակիցների հետ հաղորդակցմանը վերաբերող հարցեր:

 

«Արաբկիր» հիմնադրամի և գործընկերների համատեղ ուժերով, Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ սկիզբ է դրվել մի ծրագիր, որի շրջանակներում սկսվել է համայնքային առողջապահական-կրթական նոր պիլոտային մոդելի ստեղծման գործընթացը: Դրա շրջանակներում Երևանի քաղաքապետարանի N9 մանկական պոլիկլինիկայում վերանորոգվել և կահավորվել է տարածք, իրականացվել է վերականգնողական թիմի ձևավորման և կրթության գործընթացը:

 

Աուտիզմի խնդրի հաղթահարումը կարող իրականություն դառնալ միջգերատեսչական համագործակցության և հասարակության լայն շրջանակների` այս կարևորագույն խնդրի շուրջ համատեղ ջանքերի և կոնսոլիդացիայի շնորհիվ: Աշխարհում յուրաքանչյուր 10 000 երեխայից աուտիզմով հիվանդ է ծնվում 15-20-ը: Ամեն 20 րոպեն մեկ տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում: Աշխարհում յուրաքանչյուր 110 երեխայից 1-ը տառապում է աուտիզմով: Հայաստանում այս հիվանդությամբ տառապող երեխաների թիվն անցնում է հազարից: