կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-29 19:49
Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն այցելեցին Արամ Մանուկյանի հուշարձանին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն այցելեցին Արամ Մանուկյանի հուշարձանին

«Արամն իր ապրած ողջ կյանքով դաստիարակեց հայությանը, թե ինչպես է պետք սիրել հայրենիքը, ինչպես է պետք սիրել ժողովրդին, և նույնիսկ իր մահով այդ դաստիարակչական աշխատաքը չդադարեցրեց», - այսօր՝ հունվարի 29-ին, Արամ Մանուկյանի հիշատակի արարողության ժամանակ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր հայոց պատմության ամենապայծառ դեմքերից մեկի՝ ականավոր պետական, հասարակական գործիչ, Վանի ինքնապաշտպանության կազմակերպիչ-ղեկավար, Վանի նահանգապետ, Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, նույն հանրապետության կառավարության անդամ (Ներքին գործերի նախարար), Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Արամ Մանուկյանի հիշատակի օրն է: 1918 թվականի դեկտեմբերին նա վարակվեց բծավոր տիֆով և 1919 թ. ճիշտ այս օրը՝ հունվարի 29-ին, կնքեց իր մահկանացուն։

Մեծանուն գործչի հիշատակի օրվա կապակցությամբ նրա հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ Երևանի  Քաղաքային կոմիտեի, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:

Արժևորելով Արամ Մանուկյանի կյանքի և գործունեության դրվագները՝ Բագրատ Եսայանն առանձնացրեց Արամի գործունեությունը Վանում, երբ Հայոց ցեղասպանության ամենադաժան շրջանում նրան հաջողվեց համախմբել բոլոր ուժերին, ստանձնել ինքնապաշտպանական ուժերի ղեկավարումը և կերտել «նախապետական» միավորումը՝   մինչև ռուսների գալը:

Արամի գործունեության հաջորդ և ամենակարևոր շրջանը, ըստ Բագրատ Եսայանի, 1917 թ. վերջերից մինչև վաղաժամ մահն ընկած հատվածն է, որտեղ Արամի պետականամետ մտածողությունն ստացավ իր ամենավառ արտահայտությունը:

«Երբ օրհասական պահին թուրքական զինված ուժերը,  ցեղասպանելով և հայրենազրկելով արևմտահայությանը, մի քանի ուղղություններով ներխուժել էին՝ ոչնչացնելու նաև Արևելյան Հայաստանը և հայության մնացած բեկորներին, Արամը ուղղակի կազմակերպեց Երևանի պաշտպանությունը, կազմակերպեց ժողովրդին, և Արարատյան դաշտավայրի քաոսը վերածվեց հաղթանակի, վերածվեց պետականության», - նշեց նա:

Բ. Եսայանը փաստեց նաև, որ դիկտատոր հասկացությունը սովորաբար բացասական իմաստով է ընկալվում, բայց 1918 թ. մարտին ժողովրդի կողմից Արամին դիկտատոր հռչակելը բոլորովին այլ փիլիսոփայություն ուներ իր մեջ:

«Դա ժողովրդի ներքին ձայնի, ներքին կանխազգացողության պոռթկումն էր՝ Արամը պետք է դառնար դիկտատոր, նրա կազմակերպական ունակությունները պիտի հանգեցնեին  Մայիսյան հաղթանակներին, և պիտի ծնվեր հայոց պետականությունը: Եվ ժողովրդի ներքին ձայնը չսխալվեց», - եզրափակեց Բագրատ Եսայանը:  

Արամ Մանուկյանի հուշարձանին այցի եկած ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Անի Ազատյանը նշում է՝ նախկինում բացասական էր վերաբերվում իր այն սերնդակիցներին, ովքեր չէին ճանաչում Արամ Մանուկյանին: Այժմ այլ կերպ է նայում այդ երևույթին:

«Մենք այժմ ոչ թե նախատում ենք բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչում մեր Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանին կամ անտարբեր են նրա ունեցած ավանդի հանդեպ, այլ ամենօրյա աշխատանքների միջոցով փորձում ենք մեր սերնդակիցների շրջանում տարածել ինչպես Արամ Մանուկյանի դավանած գաղափարներն ու արժեքները, այնպես էլ նրա և մյուս մեր մեծերի թողած անգնահատելի ժառանգությունը», - նշեց Անի Ազատյանն՝ ավելացնելով, որ եթե այսօր աշխարհի քարտեզի վրա առկա է Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, և իրենք հպարտորեն ծածանում են Եռագույնը՝ որպես պետականության խորհրդանիշ, ապա այդ ամենի համար պետք է խոնարհվել Արամի և նրա զինակիցների կյանքի ու գործի առջև: