կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-03 10:17
Առանց Կատեգորիա

"Սուրբ տեղը" դատարկ է մնացել

"Սուրբ տեղը" դատարկ է մնացել

Ներկա քաղաքական աշունը դառնում է այն նախընտրական վերադասավորումների գործընթացի սկիզբը, որը առաջիկա գարնանը որոշելու է նոր խորհրդարանի կազմը: Փորձենք հասկանալ՝ ինչպիսի ելակետային հնարավորություններով են մոտենում երկրի հիմնական քաղաքական ուժերը նման կարեւոր իրադարձությանը:

Կարծում ենք, ստեղծված իրավիճակը նման չէ նախորդ ընտրական մարաթոնների մեկնարկին, քանի որ նրանում ինչ-որ բան պակասում է եւ այդ «ինչ-որ բանը» էական նշանակություն կարող է ունենալ քաղաքական պայքարի վերջնամասում: Ուստի՝ ստեղծված իրավիճակը դիտարկենք երկու առանցքային գործոնների մեկտեղմամբ:

Առաջինը երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական ու բարոյահոգեբանական կացության այն չափորոշիչներն են, որոնք մեզանում էական ազդեցություն են ունենում ընտրապայքարների վրա, այսինքն՝ առարկայական գործոնները: Երկրորդը այդ չափորոշիչներն օգտագործելու՝ քաղաքական ուժերի հնարավորություններն են, այսինքն՝ ենթակայական գործոնը: Այս երկու գործոնների համադրական քննության արդյունքում՝ ներկայումս ստեղծված իրավիճակը կարելի է գնահատել որպես զուգահեռաբար ընթացող եւ առայժմ միմյանց չհատվող գործընթացների սկզբնակետ, որոնք գործառում են ամեն մեկն իր համար՝ ավտոնոմ ռեժիմով… Երբ են դրանք հատվելու կամ հատվելո՞ւ են արդյք՝ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ առաջին հարթության վրա արձանագրվում է ընտրազանգվածի տրամադրությունների վրա ազդող բոլոր հիմնական ցուցանիշների զգալի անկումը, ինչն անխուսափելի է դարձնում արմատական տրամադրություններ ունեցողների թվաքանակի մեծացումը 2012 թվականի գարնանը:

Իրավիճակն այս առումով որեւէ նմանություն չունի 2007 եւ 2008 թվականների ընտրապայքարների նախօրյակի հետ, քանի որ այն ժամանակ տնտեսական իրավիճակը ակնհայտորեն բարվոք էր, քաղաքական կացությունը՝ հստակ, հայտնի էին իշխանության եւ ընդդիմության բեւեռները, իշխանությունը շատ ավելի ուժեղ էր ու կոնսոլիդացված, իսկ ընդիմության ճամբարում ուրվագծվում էր խարիզմատիկ առաջնորդի կողմից խաղարկվող «թագավորի վերադարձի» սցենարը, որը ընդամենը մեկ անգամ է հաջողություն բերում: Երկրորդ հարթության վրա ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրապայքարի նախապատրաստվող հիմնական ուժերից եւ ո՛չ մեկը 2012-ի գարնան հետ կապված որեւէ նորություն ու թարմություն չի խոստանում: Դա վերաբերում է թե՛ իշխանությանը, որը շատ ավելի հեղինակազուրկ է եւ, միաժամանակ, ավելի թույլ է, քան իր նախորդը, և թե՛ արմատականից՝ «երկխոսային» ընդդիմություն դարձած ՀԱԿ-ին, որի առաջնորդը ոչ միայն երկրորդ անգամ չի կարող խաղարկել «թագավորի վերադարձը», այլեւ երկխոսության արդյունքում կարող է հայտնվել արմատական ընդդիմության դաշտից «տարած հետ բերած աղջկա» վիճակում:

Դա է պատճառը, որ ՀԱԿ-ը նորից ձգտում է արմատական «խաղեր տալ»՝ փորձելով երկրորդ անգամ մտնել նույն գետը: Մյուս քաղաքական ուժերը նույնպես, գոնե առայժմ, նոր, թարմ խոսք ասելու, սեփական թիմերն ու զինանոցները արդիականացնելու համակարգված փորձեր չեն ձեռնարկել: Ուրեմն՝ առայժմ մենք գործ ունենք քաղաքական պայքարի այն սցենարի հետ, որը գնալով ավելի ու ավելի է կտրվում երկրում տեղի ունեցող սոցիալ-տնտեսական գործընթացներից ու դրանցով պայմանավորվող՝ բարոյահոգեբանական մթնոլորտից եւ աստիճանաբար վերածվում է քաղաքական վերնախավերի (մեզանում ընտրախավեր, դժբախտաբար, չկան) ռազբորկաների: Այսինքն՝ ընտրազանգվածի արմատականացումն ու քաղաքական դաշտում «կառուցողականություն» բեմականացնելու զուգահեռ փորձերը իրարից է՛լ ավելի հեռանալու ու միմյաց հետ անլուծելի հակասության (կոլիզիայի) մեջ մտնելու կայուն միտում են դրսեւորում:

Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում ստեղծվում է այն «քաղաքական վակուումը», որը 2012 թվականի գարնանը կարող է անկանխատեսելի զարգացումների ճանապարհ բացել: Նման վակուումը լցնելու համար պակասում է միայն սուբյեկտիվ գործոնը, որը վաղ թե ուշ գիտակցվելու է «քաղաքական խաղի» բոլոր մասնակիցների կողմից: Ակնհայտ է, որ այս իրավիճակը երկար չի կարող տեւել, եւ որքան էլ իշխանությունն ու ՀԱԿ-ը փորձեն մի կողմից «երկխոսել», մյուս կողմից՝ վերահսկելի պահել ընդդիմադիր ընտրազանգվածը, այնքան մեծանալու է վերջինիս ապատիան, քանի որ նրա տրամադրությունները որսալու համար անհրաժեշտ «սուրբ տեղը» դատարկ է մնացել:

Հայաստանում հասունանում են նոր ընդդիմության ձեւավորման անհրաժեշտ օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախադրյալները, եւ առայժմ բացակայում է միայն այն քաղաքական դեմքը, որը կարող է իր շուրջը համախմբել իշխանության ապաշնորհությունից ու ցինիզմից եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի «խաղերից» զայրացած արմատական ընտրազանգվածը՝ երկրի սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական իրավիճակի արմատական բարեփոխման կոնկրետ ծրագրերի միջոցով:

Գաբրիել ԵՐԶՆԿՅԱՆ