կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 20:58
Քաղաքական

Պարգեւավճարն իրականում պետք է լիներ լավ աշխատանքի, այլ ոչ թե կոռուպցիայով չզբաղվելու համար. «Թրանսփերենսի ինթերնեշնլի» փորձագետն արձագանքել է Հրանտ Բագրատյանին

Պարգեւավճարն իրականում պետք է լիներ լավ աշխատանքի, այլ ոչ թե կոռուպցիայով չզբաղվելու համար. «Թրանսփերենսի ինթերնեշնլի» փորձագետն արձագանքել է Հրանտ Բագրատյանին

«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը հերքում է, թե իրենց կազմակերպությունը Հայաստանում Կոռուպցիայի համաթվի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ է ներկայացրել կամ թաքցրել է ինչ- ինչ տեղեկություններ:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի համակարգողն արձագանքել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառմանը,առ այն, որ հայկական Transparensy International-ը մայր կազմակերպություններից «թաքցրել» է բյուջեի միջոցների գրպանումը պարգևավճարների տեսքով, չի զեկուցվել երկրի առաջին տիկնոջ կողմից ֆոնդերի բացումը։

Վարուժան Հոկտանյանն ասաց, որ զարմացել է այն հանգամանքից, որ, լինելով գիտնական, Հրանտ Բագրատյանը չի ծանոթացել Կոռուպցիայի համաթվի հաշվարկի մեթոդաբանությանը: «Եթե մեթոդաբանությանը ծանոթանար, կտեսներ, որ մեր միջազգային կազմակերպությունը՝ բեռլինյան գրասենյակը, որը հաշվարկում է այդ համաթիվը, ելնելով գիտական էթիկայի եւ անկողմնակալության սկզբունքներից, երբեք իր ՝ որեւէ երկրի ներկայացուցիչներից տեղեկություններ չի վերցնում, որ հետո չասի, որ սխալ է, մենք ուռճացնում ենք կամ հակառակը, ինչպես պարոն Բագրատյանն է գրում՝ թաքցնում ենք»:

Վարուժան Հոկտանյանի խոսքով, Կոռուպցիայի համաթիվը հաշվարկվում է 1995 թվականից ի վեր եւ այդ ժամանակից ի վեր երբեք նման տեղեկություններ չեն ստացել տեղական կազմակերպություններից:

«Դա գրված է մեր մեթոդաբանության մեջ, այն ուղարկվել է 91 լրատվամիջոցների, ես դրա մասին ասել եմ մամլո ասուլիսի ժամանակ՝ հունվարի 23-ին, որ վերցվում է 12 կազմակերպությունների 12 հետազոտություններ՝ հիմնականում հանրային կառավարման, կոռուպցիային վերաբերյալ: Այնուհետեւ մաթեմատիկական վիճակագրության մեթոդներով մշակվում են եւ հաշվարկվում : Կոնկրետ Հայաստանի դեպքում այդ 13-ից 6 աղբյուրն է օգտագործվել՝ ՀԲ, Համաշխարհային տնտեսական ֆորում, Ֆրիդոմ Հաուս, Քաղաքական եւ տնտեսական ռիսկերի կոնսուլտացիա, Ժողովրդավարության բազմազանություն»,-շեշտեց մեր զրուցակիցը: Վարուժան Հոկտանյանն ասաց, որ նախկին վարչապետը նախընտրել է առանց ծանոթանալու մեթոդաբանությանը, ուղղակի դատողություններ անել:

Հիշեցնենք, ներկայացնելով իր վերլուծությունը , նախկին վարչապետը գրել էր. «Ի վերջո, «տեղական» Transparensy International-ը ներկայումս պատգամավորներ ունի, «համագործակցում» է ՀՀ բյուջետային միջոցների հետ։ Այսինքն՝ նա շահառու է և ուրեմն չեզոք չէ գործող իշխանություններին։ Բայց ի՞նչն է հետաքրքիր. այդ ամենից հետո ՀՀ 77-րդ տեղում է. չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում»:

Արձագանքելով «Փաստինֆո»-ի հարցին, թե այսուհանդերձ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը արդյոք կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում Հրանտ Բագրատյանի մատնանշած երեւույթների՝ պետբյուջեից վճարվող հսկայական պարգեւավճարների ու նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամների հետ կապված, Վարուժան Հոկտանյանը ասաց.«Դուք կարող եք նայել մեր կայքը եւ կտեսնեք, թե որքան հարցազրույց է այդ մասին տրվել, նույնիսկ կտեսնեք, որ կամազների հետ կապված եղել է պաշտոնական հայտարարություն: Եղել են իմ հարցազրույցները, որտեղ ասվել է, որ դա կոռուպցիոն ռիսկ է, որ բարեվարքության խնդիր է, որ պարգեւավճարը, իրականում պետք է լիներ լավ աշխատանքի, այլ ոչ թե կոռուպցիայով չզբաղվելու համար»:

Վարուժան Հոկտանյանը շեշտեց՝ ի պաշտոնե որեւէ պաշտոնյա չպետք է զբաղվի կոռուպցիայով եւ անհասկանալի համարեց, թե ինչ է նշանակում պարգեւավճար վճարել, որ պաշտոնյան չզբաղվի կոռուպցիայով:
«Մոտավորապես նման բացատրություն է եղել, որը քննադատության չի դիմանում եւ մոտավորապես մեկ տարի այդ մասին ասվել է»,-ասաց Վարուժան Հոկտանյանը ՝ շեշտելով, որ պետք է լուծվի առհասարակ աշխատավարձերի բարձրացման խնդիրը: