Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայր բուհը իշխող քաղաքական ուժի կողմից տոտալ հսկողության ներքո վերցնելու պրոցեսը շարունակվում է՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում մտահոգություն հայտնեց ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը։
«Հատկապես երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո ԵՊՀ գիտխորհուրդը պահանջեց գործող իշխանության հրաժարականը, դա իրենց համար ազդանշան եղավ ու, օգտվելով ընտրություններում իրենց «հաղթանակից», որոշեցին վերջնականացնել Մայր բուհի գրավումը՝ իրենց կամակատար մարդուն, քաղաքական թիմի անդամին՝ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, նշանակել ԵՊՀ ռեկտոր, որը կապահովի համալսարանում իշխանությունների հանդեպ լոյալությունը»,-փաստեց նա։
Սա գործընթացի գլխավոր նպատակն էր, որն իրականացնելու համար դիմել են հակասահմանադրական և հակաօրինական մեթոդների։
Համալսարանի գլխին իրենց ցանկալի մարդուն դնելով՝ իշխող թիմը այժմ էլ համալսարանականների շրջանում իրենց արժեքները, քաղաքական կուրսը և Արցախյան հարցի իրենց տեսլականը քարոզելու գործընթաց է սկսում, որի մասին շատ համալսարանականներ ահազանգում են, քանի որ վտանգված են համարում ազգային արժեքները, և հատկապես, Արցախի հարցի մասին հայանպաստ դիրքորոշումը։
Բանն այն է, որ ռեկտորի նոր ԺՊ-ն «Թրանսփերենսի ինթերնեյշընըլի» հետ համատեղ ծրագրով կազմակերպել է դասախոսությունների շարք Արցախում՝ Արցախյան հիմնահարցի, միջազգային իրավունքի, մարդու իրավունքների թեմաներով։ Այս մասին համալսարանականներին եկել է հաղորդագրություն ԵՊՀ ռեկտորատից։ Սա շատ համալսարանականներ գնահատում են որպես «Թրանսփերենսի ինթերնեյշընըլի» սահուն մուտքը համալսարան․ ենթադրում են, որ համագործակցության առաջին ծրագիրը երբ հաջողվի, դրանից հետո արդեն այլ թեմաներ, այլ ծրագրեր էլ կլինեն։
«Սա մտահոգիչ է՝ նկատի ունենալով, թե «Թրանսփերենսի ինթերնեյշընըլի» նման ՀԿ-ները ինչ օրակարգ են առաջ քաշել և տարել երկրում, որոնք իրենց սուր ծայրով ուղղված են եղել ազգայինի դեմ, կոռուպցիայի դեմ պայքարը վերցնելով որպես լոզունգ՝ իրականացրել են ծրագրեր, որոնց բովանդակությունը ազգայինի դեմ է ուղղված և որոնց բովանդակությունն է պատրաստել այնպիսի արժեհամակարգով երիտասարդություն, որոնք մերժում են ազգայինը»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։
ԱԺ իմքայլական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը և այլք, ովքեր առնչություններ ունեն ապազգային կառույցների հետ և մեծաթիվ ծրարեր են իրականացրել Սորոսի հիմնադրամով, սկսել հայտնվել համալսարանում։
«Հերիքնազ Տիգրանյանը ելումուտ է անում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատասենյակ, երեկ Դանիել Իոաննիսյանն էր համալսարանի ուսանողների հետ խմբերով կանգնում, հանդիպում, խոսում։ Սա ուղղակի առաջին ծաղիկներն են՝ արտաքին կողմն է, իսկ այս ամենը թույլատրելու պարագայում շատ ավելի խորքային պրոցեսներ տեղի կունենան»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։
Նա համոզված է, որ ԵՊՀ-ում անցանկալի մարդկանց հետ հաշիվները մաքրելու են, որովհետև արդեն այդ պրոցեսն սկսվել է․ արդեն իսկ անհիմն մեղադրանքներով պաշտանից ազատվել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գևորգ Էմին-Տերյանը, նրա համար, որն իրավացիորեն քննադատել է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին և այն գործընթացը, որի արդյունքում այդ մարդը հայտնվել է համալսարանում որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Որոշ այլ մարդկանց ևս հորդորներ եղել են, որ դուրս գան ԵՊՀ-ից։
Մենուա Սողոմոնյանը փաստեց, որ այս գործընթացն արդեն իսկ իրագործվել է Տնտեսագիտական համալսարանում, որտեղ մի խումբ դասախոսներ, ովքեր ուսանողների շրջանում շատ հարգված, սիրված դասախոսներ են եղել, բավական գիտակ մարդիկ, պարզապես ռեկտորի կողմից ցուցում ստանալով՝ պրոֆեսորադասախոսական կազմի մրցույթի արդյունքում գիտխորհուրդների միաձայն քվերակությամբ ազատվել են աշխատանքից։
«Այնպիսի մարդը, ինչպիսին է, օրինակ, Տիգրան Մնացականյանը, որը հայտնի է Տնտեսագիտական համալսարանում իր ակադեմիական ունակություններով և իր մարդկային հատկանիշներով, դուրս է մնացել։ Նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն է դուրս մնացել, Արմինե Հարեյանը։ Այդ նույն բաները եթե ՀՊՏՀ-ում արվում են, ինչո՞ւ պետք է ԵՊՀ-ում չարվեն, երբ մենք թույլ ենք տալիս, որ այս քաղաքական ուժը իր դիրքերն ամրապնդի»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը դեռ չի ձևավորվել։ Իշխանությունների ստեղծած՝ ժամանակավոր կառավարման խորհրդի ձևավորման փաստը ՄԻՊ-ը վիճարկվել է ՍԴ, բայց ՍԴ նիստը այդ հարցի վերաբերյալ, որը պետք է լիներ սեպտեմբերի 23-ին, անհայտ պայմաններում հետաձգվել է, ու մեկ էլ շատ արագ հայտարարվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ընտրություններ։
«Պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական կազմի ներկայացուցիչների մեջ իշխանական թևից իրենք կունենան մարդիկ՝ անկախ նրանից նշված պատգամավորը կլինի, թե ոչ, քաղաքական դեմքեր կլինեն, թե ոչ քաղաքական, բայց կլինեն մարդիկ՝ ամբողջապես լոյալ իշխանություններին, որ իրենց համար կանխատեսելի ընթացքով ընտրություն անեն»,-ասաց Մենուա Սողոմոնյանը։
Շատ դառը, դառը իրավիճակ է, նշեց նա, որովհետև այս նույն սուբյեկտները ժամանակին իրենց կոկորդներն էին պատռում բուհերի ազատության, ինքնավարության լոզունգներով, իսկ այժմ շատ ավելի կոպիտ, լկտի պահվածք են դրսևորում օրենքի, ինքնավարության, կարգի, ավանդույթի, ամեն ինչի նկատմամբ։
Աննա Բալյան