Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունն իր գործունեության մասին հասարակությանը հաշվետու լինելիս հաճախ (նույնիսկ կարելի է ասել նաև՝ առավելապես) ներկայացնում է վիճակագրական թվային տվյալներ (արձանագրված արդյունքներ) տարբեր ոլորտների վերաբերյալ՝ գրում է 168․am-ը։
Միշտ չէ, որ որևէ հարցում արձանագրված վիճակագրական շարժը (թե դրական, և թե բացասական) ուղիղ կապ ունի կառավարության կողմից իրականացված քայլերի հետ։
Կարծում եմ՝ ավելի կարևոր է քննարկել, թե կառավարությունն ինչ է արել տվյալ ոլորտում իրավիճակը բարելավելու համար, քան ուրախանալ կամ տխրել ստացվող դրական կամ բացասական ցուցանիշներով։
Իսկ ինչպե՞ս գնահատել և ինչի՞ հետ համեմատել իրականացվող աշխատանքը։ Անշուշտ, կան տեսություններ, մասնագիտական գիտական մոտեցումներ, միջազգային փորձ և այլն։ Սակայն նման քննարկումները միգուցե տեղին են քաղաքական ուժի կամ կառավարության գործունեության ծրագրավորման, գործունեության մոտեցումների մշակման փուլում, իսկ հաստատված ծրագրի պարագայում կառավարության գործունեությունը կարևոր է գնահատել «քաղաքական խոստումներ – իրականում կատարվող աշխատանք – աշխատանքով պայմանավորված արդյունքներ» համատեքստում։ Այս շրջանակի մեջ, իհարկե, կարելի է նաև դիտարկել կատարված քայլերի ճիշտ կամ սխալ լինելը։
Ուրեմն. որոշակի կոնկրետ ոլորտում ի՞նչ է խոստացել իշխող քաղաքական թիմը՝ իր նախընտրական ծրագրով, քաղաքական թիմի կառավարությունը՝ իր գործունեության ծրագրով, և ի՞նչ է անում իրականում։
Մասնագիտական գնահատման ընթացքում կարելի է վեր հանել որոշակի պատկեր։ Ստորև փորձենք կարճ անդրադարձ կատարել վերոհիշյալ մոտեցմամբ։
Այս անգամ՝ արտահանման մասին
«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը արտահանման մասով ունի նման ձևակերպումներ.
– Մենք նախատեսում ենք ընդլայնել արտահանման ծավալները,
– Նվազեցնելու ենք խտանյութի և չվերամշակված հումքի արտահանումը՝ այն փոխարինելով վերամշակված հանքանյութի արտահանմամբ,
– Մեր առաջնահերթությունն աշխատանքի և ներդրումների խրախուսմամբ գործազրկության կրճատում և տնտեսական աճ ապահովելն է, …արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան:
Կառավարության գործունեության ծրագիրը՝
– Մեր կազմակերպությունների կողմից արտաքին շուկաներ ներթափանցելու կարողությունների ուժեղացման ուղղությամբ պետական աջակցության ավելացում։
– Արտահանման աճի խրախուսումը պետք է իրագործվի մի քանի ուղղություններով, որոնցից առաջնահերթն արտահանմանն առնչվող մաքսային ընթացակարգերի և դրանցով պայմանավորված վարչարարության պարզեցումն է:
– Հիմնական արտահանման շուկաներում համապատասխանության հավաստման հայաստանյան փաստաթղթերի ճանաչելիության ապահովումն այն հիմնական զարգացումներն են, որոնք պետք է չափեն նշված ուղղությամբ իրականացվող քաղաքականության արդյունքները և այլն։
Ի՞նչ է արվել, կամ ի՞նչը չի արվել 2018-19 թվականներին
Ապրանքների և ծառայությունների արտահանման խրախուսմանն ուղղված հայեցակարգ կամ ռազմավարություն մշակված չէ։
Չկան էական կամ կտրուկ փոփոխություններ մաքսային ընթացակարգերի պարզեցման կամ բարելավման առումով։
Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալի կատարելագործմանն ուղղված աշխատանքների իրականացման ընթացքը դեռևս հստակ չէ, իսկ համակարգը տարածված չէ և ամբողջությամբ չի կիրառվում արտահանում իրականացնողների կողմից։
Համապատասխանության գնահատման հայկական փաստաթղթերը ներկայումս ճանաչվում են միայն ԱՊՀ անդամ պետություններում։ Այլ երկրներում համապատասխանության գնահատման հայկական փաստաթղթերի ճանաչման ուղղությամբ նորություններ չկան։
Խտանյութի և չվերամշակված հումքի արտահանումը 2019 թվականին չի նվազել, այլ հակառակը. ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2019թ. հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած, այն ավելացել է 12 %-ով։ Հետևաբար՝ խտանյութի արտահանումը վերամշակված հանքանյութի արտահանմամբ դեռևս չի փոխարինվել։
2019 թվականի ամենաթարմ պաշտոնական տվյալներով չունենք նաև արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի բարելավում։ Հիմնականում հակառակը՝ աճել է կախվածությունը ռուսական շուկայից, նվազել է դեպի ԵՄ արտահանումը, և այլն։
Արտահանման խթանմանն ուղղված բուն միջոցառումների համար 2019 թվականին նախատեսված էր հատկացնել ավելի քիչ գումար, քան 2018 թվականին։ Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման համար 2019թ. նախատեսված է 1 մլրդ 72 մլն ՀՀ դրամ, որը գերազանցում է 2018 թվականի բյուջեն։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե պետությունը ավելացրել է արտահանման խթանմանը հատկացվող աջակցությունը, սակայն.
ա/ այս գումարից առնվազն 240 մլն ՀՀ դրամ, ըստ առկա տեղեկատվության՝ հատկացվել է նորաստեղծ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին, որի գործողությունները անմիջականորեն ուղղված չեն արտահանման խթանմանը։
բ/ մնացած մոտ 832 մլն դրամ գումարի առնվազն 50%-ը նախատեսված է տրամադրել արտահանման խթանման միջոցառումներն իրականացող կազմակերպության (կազմակերպությունների) պահպանման ծախսերի ֆինանսավորմանը, այն դեպքում, որ կառավարությունը 2019 թվականի մարտին հրաժարվել է արտահանման խթանման միջոցառումների համար միակ պատասխանատու պետական կառույցից՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամից, այն թողնելով մասնավորին։
Արդյունքում, արտահանման խթանմանն ուղղված բուն միջոցառումների համար 2019 թվականին նախատեսվում էր հատկացնել մոտ 416 մլն ՀՀ դրամ, որը ամբողջ ծավալով իրականացնելու պարագայում նույնիսկ ավելի քիչ է, քան 2018 թվականի գումարը։
Արդյունքում՝
Իշխող քաղաքական թիմը և կառավարությունը արտահանման հարցին իր ծրագրային դրույթներում իրավամբ տալիս է մեծ կարևորություն՝ այն նույնիսկ դիտելով՝ որպես «տնտեսական աճի հիմնական շարժիչ»։ Կան և՛ կոնկրետ, և՛ ընդհանուր ձևակերպված անելիքներ։
Սակայն, եթե արտահանման խթանման համար պետք է առնվազն բարելավվեն ընթացակարգերը և պայմանները, ավելացվի արտահանման խրախուսման գործիքակազմը և միջոցառումները, հզորացվի դրանով զբաղվող կառույցը, ավելացվի խրախուսման միջոցառումների համար տրամադրվող ֆինանսավորումը, ապա ստացվում է, որ տրված որևէ խոստում ըստ էության չի կատարվել,
– պատկան մարմինների կողմից ընթացակարգերի բարելավման մասով կտրուկ և շոշափելի քայլեր չկան,
– խրախուսմամբ զբաղվող պետական մարմինը (Բիզնես Արմենիա հիմնադրամ), հզորացվելու փոխարեն, ըստ էության լուծարվել է՝ փոշիացնելով տարիների ընթացքում պետական համակարգում քիչ թե շատ ձևավորված կարողությունները,
– ներկայումս չկա որևէ պետական կառույց, որ զբաղվի ընդհանուր բնույթի արտահանման խրախուսման միջոցառումներով,
– ի տարբերություն նախորդ շրջափուլերի, այլևս այս նպատակով տրամադրվող պետական ֆինանսավորման կեսը գոնե 2019 թվականի մասով նախատեսվել է ծրագիր իրականացնող /մասնավոր/ մարմնի պահպանման ծախսերի համար, իսկ բուն միջոցառումների ֆինանսավորումը պակասեցվում է և այլն։
Այս պարագայում ինչի՞ հիման վրա սպասել արտահանման կտրուկ աճ։ Եվ ավելին. նույնիսկ աճ գրանցվելու պարագայում հնարավո՞ր է արդյոք այն համարել պատկան մարմինների կողմից ճիշտ իրականացվող քայլերի արդյունք, թե՞ այն ընդամենը զուտ մասնավոր հատվածի գործունեության կամ կառավարությունից անկախ այլ հանգամանքների ազդեցության հետևանք է։
Գարեգին ՄԵԼՔՈՆՅԱՆ
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ,
Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան