կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-21 19:16
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ, ՍԱՏՄ + 12 մլն. 281 հազար դոլար պարգևավճար = 410 սպանդանոց

Եթե մեկը «5-րդ ձևը» ձեռքին գա, ո՞ վ կարող է երաշխավորել, որ այդ փաստաթուղթը նա ստացել է անասունների ոչ թե բակային, այլ սպանդանոցային մորթի արդյունքում»,- ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը խոր կասկածներ ունի, թե «5-րդ ձև» ասված փաստաթուղթը տեսչությունը  մի գեղեցիկ օր չի սկսի վաճառել:  Yerkir.am-ը գրում է՝ հունվարի 15-ից բողոքի ակցիաներ իրականացնող մսավաճառներն ու գյուղացիներն էլ նույն մտավախությունն ունեն: Անգամ նախնական գին են սահմանել «5-րդ ձևի» համար, օրնակ՝ 5000 դրամ: «Ես եզդի եմ, քիչ թվով անասուններ ունեմ, բայց ամեն ամառ սարերում եմ լինում, հիմա որ կովիս փորն ուռչի, ես էլ ուզենամ շուտ մորթեմ, որ չսատկի, միսն անպետքանա, ի՞նչ անեմ, ասեմ՝ կով ջան, հոգիդ մի փչի, մինչև էս սարերից զանգեմ, ավտո կանչեմ, քեզ սպանդանոց հասցնե՞մ: Եթե իմանամ, որ իմ բակում իմ կովին մորթելու համար ինձ տուգանելու են, միևնույն է մորթելու եմ, բա թողնեմ տարիների իմ չարչարանքը փչանա՞»,- վրդովվեց զովունեցի եզդի անասնապահը:  

Չուսումնասիրված շուկա, կոռուպցիոն ռիսկեր

Փաստաթղթային հավաստիացումը, թե կենդանու մորթը կարգուկանոնի համաձայն՝ կատարվել է սպանդանոցում, ոչ թե որտեղ պատահի, կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. Գրիգոր Գրիգորյանի կարծիքն է:  Շուկան ուսումնասիրված չէ. որոշումն արհեստական բնույթ է կրում: Սպանդանոցային մորթի անցնելու համար պետք էր առաջին հերթին ամեն համայնքում մեկ սպանդանոց կառուցել: Գյուղացին պարտավոր չէ իր հաշվին կենդանուն հասցնել սպանդանոց: Տեխնիկական ռիսկեր կան, ճանապարհին կենդանին կարող է վնասվել, և արդյունքում սպանդանոցն այլևս նախապես պայմանավորված գնով չի ընդունի անասուններին: ՍԱՊԾ առաջին պետը հետևյալ մեխանիզմն է առաջարկում՝ սպանդանոցի աշխատողները պետք է իրենք գան գյուղացու մոտ ու նրանից կենդանի քաշով անասուններին գնեն: Դրանից հետո գյուղացին էլ անելիք չունի: Թե միսը հետո ինչպես կվաճառվի, իրեն չի վերաբերում: Բայց գյուղացու ուսերին այսօր հավելյալ բեռ է դրված՝ նա  նաև պետք է մորթի, տեղափոխման համար վճարի:

Ես գյուղացիներին եմ հավատում, ոչ թե ՍԱՏՄ ղեկավարին

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանն ասել է, որ սպանդանոցային մորթի, անասուններին սպանդանոց տեղափոխելու ծախսերը գյուղացիները չեն վճարելու: Գրիգոր Գրիգորյանը նրա հայտարարությանն ի պատասխան ասաց. «Ես չեմ հավատում մի մարդու ասածների, որն ապօրինի նշանակվել է պաշտոնի ու հայտարարություններ է անում: Ես նրան հավատալու հիմք չունեմ, բայց  հիմք չունեմ չհավատալու այն գյուցաղիներին, որոնք բողոքի ցույցերի ժամանակ պնդում են, որ այդ ծախսերն իրենք են վճարում:  Թող կառավարությունից իջնեն ու ՍԱՏՄ ղեկավարի ասածները բողոքի ցույցի մասնակիցներին ասեն»:

Երբ պայմաններ ստեղծվեն, գյուղացին սպանդանոցը կնախընտրի

Այն, որ ամեն համայնք իր սպանդանոցը պետք է ունենա, դեռ 2000-ականների սկզբների նախագիծ է: Փող չկար, չարեցին: Գրիգոր Գրիգորյանն էլ է կողմ, որ համայնքները սպանդանոցներ ունենան, բայց այս փուլն ու այս իրավիճակը նկարագրելու համար նա այսպիսի համեմատություն արեց. «Դա  նույնն է, որ կնոջը պարտադրես՝  3 ամսվա մեջ կենսունակ երեխա լույսաշխարհ բերի: Դա հնարավոր չէ: Երբ նախապայմաններն ստեղծվեն, գյուղացիներն ինքանակամ սպանդանոց կտանեն կենդանիներին, որովհետև իրենք էլ չեն ուզի իրենց տնտեսության տարածքը կողտոտվի կամ արյունոտվի»:

310-410 սպանդանոցի արժեքով պարգևավճարներ

«ՊԵԿ-ի և ՍԱՏՄ-ի միայն նախորդ տարվա պարգևավճարները կազմել են 12 մլն. 281 հազար դոլար. հաշվի առնելով ՍԱՏՄ այսօրվա ղեկավարի հայտարարությունը, որ մեկ սպանդանոց կառուցելը 30-40 հազար դոլար արժե, այս գումարով կարելի էր 310-410 համայնքային սպանդանոց կառուցել,  և այս հարցը կլուծվեր»,- նկատեց Գրիգոր Գրիգորյանը: Նա պաշտոնապես հայտարարեց՝  մի երկրում, որտեղ անասունների համարակալում և հաշվառում գոյությունհ չունի, բայց  մասնագետը պնդում է, թե 100 տոկոսանոց սպանդանոցային մորթ կլինի, նշանակում է  նա կոմպետենտ չէ: Նույնիսկ այն երկրներում, որտեղ կենդանիների հաշվառումը  և համարակալումը կարգ ու կանոնով է իրականացվում, դարձյալ 100 տոկոսանոց սպանդային մորթ չի իրականացվում:

Հ.Գ.

Գրիգոր Գրիգորյանը կանխատեսում է՝ անասնապահներն ու մսավաճառները կամ բիզնեսը դադարեցնելու և արտագաղթելու են,  կամ փորձելու են մսի գինը բարձրացնել, ինչը խփելու է  սպառողի գրպանին:

Նաիր Յան

 

Մանրամասները՝ տեսանյութում