Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գեներալ Սոլէյմանիի զոհւելուց յետոյ Իրանում խոր ցասումի ու սգոյ պայմաններում, ահա, ադրբեջանական մամուլը իւրայատուկ քստմնելիութեամբ «տեղեկատւութիւն» է տարածում ու պահի չարաշահմամբ՝ հակահայ քարոզչութիւն իրականացնում, թէ իբր ՀՀ վարչապետը շնորհաւորել է ԱՄՆ նախագահին՝ Բաղդադում վերջին գործողութիւնների կապակցութեամբ…
Ճիշտ է, ՀՀ վարչապետն իր «ֆէյսբուք»-եան էջում անմիջապէս հերքել ու դատապարտել է այդ կարգի լրատւութիւնը, քաջ գիտակցելով, որ հարեւան ու բարեկամ Իրանի պետական-կառավարական այրերը խելամտօրէն զանազանում են իրականը՝ կեղծից, տեղեկատւութիւնը՝ ապատեղեկատւութիւնից…
Բարոյական նւազագոյն օրինաչափութիւններից զուրկ ադրբեջանական քարոզչամեքենաներին ու սրանց լծակից՝ Իրանի հողային ամբողջականութեան դէմ «Հարաւադրբեջանական»-ամէտ խրտւիլակներին, սակայն, յիշեցման կարգով յայտնենք.
1.Ո՞ւր էիք դուք, երբ տարիներ շարունակ ՄԱԿ-ին կից, թէ՛ միջազգային այլեւայլ ատեաններում հակաիրան բանաձեւերին նոյնինքն Ադրբեջանն ու իր աւագ եղբայր Թուրքիան թեր էին քւէարկում, իսկ Հայաստանը՝ դէմ: Վերջին, այդ կարգի քւէարկութիւն կայացել է հէնց սրանից 10 օր առաջ, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը ձեռնպահ, իսկ Հայաստանը դէմ էր քւէարկել:
2.Ո՞ւր էիք դուք, երբ ձեր իսկ ջատագովող Ադրբեջանից իսրայէլական անօդաչու թռչող սարքերը իրանական երկնքում «հետախուզական» թռիչքներ էին իրականացնում…
3.Եւ վերջապէս, ո՞ւր էիք դուք, երբ Ձեր աւագ եղբայր՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը նոյնինքն՝ գեներալ Սոլէյմանիի Սիրիայում ու Իրաքում հակա-ԴԱԷՇ-ական յաղթարշաւի օրերին իսկ, ի լուր աշխարհի «ահազանգում» էր, թէ՝ «Իրանը շիիզմ է արմատաւորում տարածաշրջանում»…:
4.Եւ այսօր, ձեր երկրպագող Թուրքիայի նախագահն ու վերջնիս կրտսեր եղբայր Ադրբեջանի արտգործնախարարը մեծ աճապարանքով ցաւակցում են հակա-ԴԱԷՇ եւ կարեւորը՝ Իրանի հողային ամբողջականութեան անվտանգութեան ու պահպանման առաջամարտիկի ու խորհրդանիշի՝ գեներալ Սոլէյմանիի կորուստը…
Ցաւակցութիւնը՝ ցաւակցութիւն, պրոտոկոլն ու արարողակարգը՝ տեղին, բայցեւայնպէս՝ բարոյականութիւնն ու անկեղծութիւնը ապացուցելի չէ սուտ լրատւութեամբ ու քարոզչական սադրանքով, իսկ դրանք երբեւէ չեն վրիպելու հանրային եւ տւեալ դէպքում սգակիր իրանցու խորաթափանց գիտակցութիւնից…:
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ