կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-30 15:35
Արցախ

«Դա չափազանց վտանգավոր քայլ է, որի կապակցությամբ ահազանգեց նաև Բակո Սահակյանը». քաղաքագետ

«Դա չափազանց վտանգավոր քայլ է, որի կապակցությամբ ահազանգեց նաև Բակո Սահակյանը». քաղաքագետ

168.am-ի զրուցակիցն է ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը

– Պարոն Մարգարյան, ամփոփելով վերջին մեկ տարին, Հայաստանն արտաքին քաղաքական ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունեցավ։

– Մինչև հարցին պատասխանելը, նախ՝ պիտի ճշտել, թե արտաքին քաղաքականություն ասելով՝ ի՞նչ ենք հասկանում, որից հետո կարելի է կարծիք հայտնել այդ ոլորտում ձեռքբերումների և բացթողումների մասին: Եթե խոսքը վերաբերում է տարբեր մակարդակի փոխայցելություններին ու համագործակցության փաստաթղթերի ստորագրմանը, պետք է ասել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ վարչապետը պաշտոնական այցերով եղավ տարբեր երկրներում՝ սկսած ԱՄՆ-ից, Իտալիայից ու Ֆրանսիայից, և վերջացրած Իրանով, Սինգապուրով ու Վիետնամով: Այդ ընթացքում, ի դեպ, կարևոր տեղ էր զբաղեցնում Ռուսաստանը: Այդ այցերից շատերի ընթացքում ստորագրվեցին համագործակցության փաստաթղթեր: Սակայն այդ այցերը չեմ կարող արտաքին քաղաքականության ոլորտում ձեռքբերում կամ «թավշյա իշխանափոխությունից» հետո Հայաստանի հանդեպ միջազգային վերաբերմունքի կամ հետաքրքրությունների փոփոխություն համարել:

Այդ այցերի գրեթե խոշոր մասը, բացառությամբ (եթե չեմ սխալվում) փետրվարին Իրան կատարած այցի, որը կատարվեց իրանական կողմի պաշտոնական հրավերով, կամ ՀՀ վարչապետի անձնական նախաձեռնությամբ ու առանց պաշտոնական հրավերի ուղևորություններ էին, որոնք ներկայացվում էին՝ որպես պաշտոնական այցեր, և կամ դրանց նպատակը որևէ միջազգային կամ տարածաշրջանային նստաշրջանին մասնակցությունն էր:

Հոկտեմբերի սկզբին Հայաստանը հյուրընկալեց մի քանի երկրների ղեկավարների, որը նույնպես ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջագծում էր: ԵՄ-ի դեպքում էլ վերջին մեկ տարվա ընթացքում այցերը գրեթե միակողմանի են եղել:

Վերջին մեկ տարվա գլխավոր ձեռքբերումը, անշուշտ, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և Սենատում Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունումն էր, որը ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ Հայ Դատի հանձնախմբի երկար տարիների տքնաջան ու հետևողական աշխատանքի արդյունքն էր:

Իսկ արտաքին քաղաքականության ոլորտում գլխավոր բացթողումն ու ձախողումը կարելի է համարել Արցախի բանակցային գործընթացի ներկա փակուղային վիճակը, ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների ոչնչացումը և նոր ու վտանգավոր բաղադրիչ տարրերի՝ բանակցային գործընթացի մեջ հայտնվելը:

– Վարչապետը հեղափոխությունից հետո հայտարարել էր, որ Հայաստանն արտաքին քաղաքականության մեջ չի փոխելու իր ուղեգիծը, ըստ Ձեզ՝ փոխե՞լ է, թե՞ ոչ։

– Կարելի է հաստատել, որ արտաքին քաղաքականության ուղեգիծը Հայաստանում իշխանափոխությունից հետո չի փոխվել: Սա կարելի է այն եզակի խոստումներից համարել, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հարգել ու գործադրել է: Իհարկե, դա ոչ թե իր կամքով է, այլ աշխարհաքաղաքական պայմանների թելադրանքով: Եթե ԵԱՏՄ (Ռուսաստան)-Հայաստան հարաբերությունները փորձենք համեմատել ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետ՝ կնկատենք, որ վերջին 1,5 տարվա ընթացքում ռուսական կողմի նժարն անհամեմատելիորեն ծանր է եղել: Իրավիճակը նույնն է ՀԱՊԿ-Հայաստան և ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների դեպքում: Այլ խոսքով՝ այն հավասարակշռությունը, որ նախորդ իշխանությունների օրոք ստեղծվել էր ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններում, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք խախտվել է՝ հօգուտ ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի: Դրա համար, իհարկե, գոյություն ունեն հստակ պատճառներ, այդ թվում՝ ռուսական կողմին հաճոյանալով՝ Հայաստանում «թավշյա իշխանության» հիմքերի երաշխավորումն ու նաև հենց այնպես էլ իրականություն չդարձած եվրոպական խոշոր  ներդրումներն ու օժանդակությունները:          

– Հայաստանում արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմության աշխատանքն այս մեկ տարվա ընթացքում ինչպե՞ս կգնահատեք։

– ՀՀ ԱԺ-ում այսօր խորհրդարանական այնպիսի ընդդիմություն, որն ընդունակ կլինի հակակշռելու ղեկավարող ուժի կամայականությունները, գոյություն չունի: Խորհրդարանական ընդդիմությունը սահմանափակված է ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներով, որոնք իրենց ելույթներով հաճախ թեժացնում են խորհրդարանական քննարկումները: Վերջին մեկ տարվա ընթացքում «թավշյա իշխանությունների» դեմ պայքարի գլխավոր բեռն իրենց ուսերին են վերցրել արտախորհրդարանական ուժերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները և…: Եթե բացառենք դատական նիստերի օրերին դատարանների դիմաց Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ցույցերը, վերջին մեկ տարվա ընթացքում արտախորհրդարանական միակ ընդդիմադիր ուժը, որ հրապարակային բողոքի ակցիաներ կազմակերպելու համարձակություն է դրսևորել, եղել է ՀՅԴ-ն, որն իր երիտասարդական միության նախաձեռնած քայլերով շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Այս ընթացքում ՀՀԿ-ն ու նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Միքայել Մինասյանը, տարբեր թեմաների շուրջ իրենց տեսակետներով հանրության հետ կիսվելու և նրանց իրազեկելու համար գերադասել են հարցազրույցների ու հայտարարությունների, նաև ֆեյսբուքյան ստատուսների ձևաչափը: Իհարկե, այս ձևաչափը ժամանակավոր բնույթ է կրում: Կարելի է ենթադրել, որ առաջիկա ամիսներին, երբ լրանա կառավարության գործունեության մեկ տարին, նրա հանդեպ անվստահություն հայտնելու և արտահերթ ընտրությունների գնալու պահանջ ներկայացնելու օրինական հիմքեր են ստեղծվելու, որոշակի փոփոխություններ են մտցվելու նաև հիշյալ ուժերի աշխատանքի ձևաչափերում:

– Արցախի հարցի վերաբերյալ իրադարձություններն ինչպե՞ս կարող են զարգանալ, հարցի հետ կապված ի՞նչ մարտահրավերներ են սպասվում Հայաստանին։

– 2020 թվականի ապրիլին Արցախի Հանրապետությունում սպասվող ընտրությունները վճռորոշ են լինելու: Կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը՝ տարբեր միջոցների դիմելով, փորձելու է նախ՝ Արցախում իշխանության բերել իր համախոհ ուժերին, ու հաջորդ փուլում գործադրել Արցախի հարցի կարգավորման համար մշակված ու վտանգավոր զիջումներ պարունակող պլանը, որի հանդեպ լուրջ ընդդիմություն է ցուցաբերվելու՝ ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլ նաև՝ Սփյուռքում:

Իսկ եթե դա չհաջողվի, չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի թավշյա հեղափոխությունն Արցախ արտահանելով՝ իրագործել իր պլանները: Ի դեպ, եթե հիշեք, Հայաստանում «թավշյա իշխանափոխությունից» հետո մեկ անգամ նման փորձ կատարվեց, սակայն իրավիճակի սրացումից խուսափելու համար Նիկոլ Փաշինյանը գերադասեց սպասել մինչև նախագահական առաջիկա ընտրությունները: Կարիք չկա բացատրելու, որ հայկական երկու պետությունների միջև հարաբերությունների ցանկացած սրացումից շահելու է միայն թշնամի Ադրբեջանը:

– Ի՞նչ վտանգավոր պլանի մասին է խոսքը: Արդյո՞ք դա որևէ առնչություն ունի  Արցախի «ադրբեջանական համայնքին» բանակցային գործընթացին մասնակից դարձնելու հետ:   

– Վերջին օրերին պարզվեց, որ այդ պլանի մեջ է մտնում Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքին բանակցային գործընթացի մեջ ներգրավելը: Դա այն գինն է, որ Նիկոլ Փաշինյանը պարտավորվելու է վճարել Արցախին բանակցության սեղանին վերադարձնելու իր ձախողած թեզն իրականացնելու համար: Դա չափազանց վտանգավոր քայլ է, որի կապակցությամբ Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների վերջին համատեղ նիստի ժամանակ ահազանգեց նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Դա իր մեջ լուրջ վտանգ է պարունակում: Նախ՝ այն, որ 1988 թվականին Արցախի անկախության շարժման ձևավորումից ի վեր մինչև այսօր Արցախի ժողովրդի պայքարի հիմքում ընկած է եղել միջազգային իրավունքի միջոցով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այլ խոսքով՝ ԼՂ-ի աշխարհագրական տարածքում ապրող Արցախի ժողովուրդը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվեի մասնակցելով և միջազգային իրավունքի շրջագծում իրեն տրված ինքնորոշման իրավունքից օգտվելով՝ հռչակել է իր անկախությունը:

Մշակված պլանը ենթադրում է՝ «Արցախի ժողովրդի» իրավական կարգավիճակն իջեցնել «Արցախի հայկական համայնքի» մակարդակի, ու դրան զուգահեռ՝ ասպարեզ հանել ժամանակին նույն տարածքում բնակված «Արցախի ադրբեջանական համայնքին», որը նույնպես ինքնորոշման հավասարազոր իրավունքի տեր է դառնալու: Սա լրջորեն վտանգելու է Արցախյան գոյամարտի իրավական հիմնավորումները:

Հաջորդ փուլում բանակցային գլխավոր կողմերը լինելու են ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանը, այլ Արցախի հայկական ու ադրբեջանական համայնքները: Եթե նկատի առնենք դեկտեմբերի 4-ին Երևանում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կատարած այն հայտարարությունը, թե ժամանակին թշնամիներ համարվող եվրոպական ժողովուրդներին հաջողվել է լավ բարեկամներ դառնալ, չի բացառվում, որ նույն օրինակով փորձ է կատարվելու Արցախի դեպքում կիրառել այն մոդելը, որը 1995 թվականին գործադրվեց Արևելյան Եվրոպայում Հարավսլավիայի փլուզումից հետո բռնկված պատերազմում խաղաղություն հաստատելու համար: