Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս գործողությունը պարունակում է քրեական հետապնդման էլեմենտներ անձեռնմխելի պաշտոնատար անձի նկատմամբ. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին ՍԴ-ում լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։
Նա նշեց.
«Այս գործընթացը խիստ մտահոգիչ է, որովհետև այն իր մեջ կարծես թե արդեն պարունակում է փաստացի քրեական հետապնդման էլեմենտներ մի պաշտոնատար անձի նկատմամբ, որն անձեռնմխելի է։ Նույն մտահոգություններս հայտնել եմ նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքի հետ կապված։ Այստեղ ինձ համար որևէ նշանակություն չունի անձը, ինձ համար մտահության և անհանգստության առիթ է տալիս այս շենքը։ Աշխատել եմ այս շենքում 2 տարի, եղել եմ ՍԴ նախկին նախագահի խորհրդականը, ունեմ տասից ավելի գիտական հոդվածներ ՍԴ-ի դերի, գործառույթների վերաբերյալ, այդ թվում՝ երաշխիքների, իսկ այսօր այդ երաշխիքները չեն պահպանվում։ Այստեղ առնվազն անձեռնմխելիության տեսանկյունից ունենք խնդիր։ Լսե՞լ եք, որ անձեռնմխելիության հետ կապված քննարկում լինի։ Արդյոք նկատե՞լ եք, որ պահպանվի այն զսպվածությունը, առավել զգոնությունը ՍԴ դատավորի նկատմամբ՝ քննչական գործողություն կատարելու դեպքում. դա օրենքի պահանջն է։ Օրենքն է ասում, որ պետք է լինի այնքան զուսպ ու զգոն, որ որևէ կերպ հանկարծ չդիպչի դատարանի կամ դատավորի հեղինակությանը։ Երբ ՍԴ-ի մասին, ըստ էության հակասահմանադրական օրենքի ստորագրումից անմիջապես հետո, մամուլում հրապարակումներ են լինում, որ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն ՍԴ-ում են։ Եվրոպական երկրների քանի՞ դեպք գիտեք, երբ ՍԴ մուտք են գործում ՀՔԾ-ի և ԱԱԾ-ի ներկայացուցիչներ։ ՍԴ-ն վերիշխանական մարմին է, այն բարձր է նույնիսկ ցանկացած պետական իշխանության ճյուղից։ Երբ ՀՔԾ-ն կարող է այսպես դյուրին ներս մտնել ՍԴ»:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքին, Վարդևանյանն ասաց, որ այդ օրենքում բացակայում է կամայականության սկզբունքը.
«Այն, որ մեկ ամիս ժամանակ ունեն, դա արդեն վկայում է կամավորության սկզբունքի ակնհայտ բացակայության մասին։ Պետք է լիներ բարձր դատարան, ցանկության դեպքում կարող եք օգտվել նաև այս հնարավորությունից։ Երբ այդ նախագիծն ուղարկվում է Վենետիկի հանձնաժողով, այնտեղ հստակ արձանագրում են՝ խնդրում եմ, խմբագրեք և հետ ուղարկեք, բայց հետ չի ուղարկվում։ Վենետիկի հանձնաժողովն էլ էր այդ մտահոգությունը հայտնել, բա որ յոթն էլ հրաժարական տան ու բոլորը որոշեն չաշխատել և հարկատուների հաշվին ստանալ գումար։ Վահե Գրիգորյանին ընտրելը տևեց մի տարի, պատկերացնո՞ւմ եք 7 դատավորի ընտրությունն ինչպես կլինի։ Սա ուղղակի ՍԴ դատավորների արժանապատվությանն ու ինքնասիրությանը միջամտող երևույթ է»։
Ավելի վաղ տեղեկեցարել էինք, որ ՍԴ-ում ՀՔԾ ներկայացուցիչները քննեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որից հետո մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Խոսքն նույն քրեական գործի մասին է, որով մեղադրանք էր առաջադրվել Թովմասյանի սանիկին՝ Նորայր Փանոսյանին։ ՍԴ-ի բակում ընթանում է բողոքի ակցիա։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Դրանից անմիջապես հետո ՀՔԾ քննիչները գնացել էին ՍԴ։ Ավելի ուշ տեղեկություն էր ստացվել, որ ՀՔԾ-ն եւս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ դարձյալ դիմել դատարան՝ Փանոսյանին կրկին կալանավորելու համար։