Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հերքել է այն տեղեկությունները, թե քաղաքապետարանին ոչ թե ԿԱՄԱԶ ու ԿՌԱԶ են նվիրել, այլ կանխիկ գումար` հայտնում է Yerkir. am-ը։
«Լույս»խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ պնդում է, որ գումարային խոսակցությունները տեղի են ունեցել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի աշխատասենյակում և որ այդ մասին փաստող ձայնագրություն ունի: Մարությանն այսօր կոչ է արել բոլորին՝ ով ինչ ձայնագրություն, տեսագրություն, տեսահոլովակ, փաստաթուղթ ունի, թող հրապարակի:
«Սա հերթական ապատեղեկատվությունն է, բնականաբար ոչ մի կերպ, ոչ մի գումար չի փոխանցվել քաղաքապետարանին, բոլոր նվերները տրվել են նվերների տեսքով»,- հայտարարել է Մարությանն ու ավելացրել՝ նույնպես ապատեղեկատվություն է, թե Աշոտ Արսենյանը քաղաքապետարանին ձնամաքրման 10 մեքենա է նվիրել: Սակայն շրջանառվում է այն տեղեկությունը, թե Արսենյանն այդ նվիրատվությունը կատարել է՝ բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվության դիմաց: Հայկ Մարությանն իրեն ուղղված այս հարցին պատասխանեց. «Չգիտեմ, ճիշտն ասած, ինքը «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ի հետ կապ ունի, թե ոչ, բայց մենք «Ջերմուկ գրուպ»-ի հետ պայմանագիր ունենք 5 մեքենայի նվիրատվության մասին. Այս պահին ստացել ենք երկուսը, իսկ մյուս երեքը կլինեն, թե ոչ, չեմ կարող ասել: Ընդհանրապես նվերներն ու կառուցումներն իրար հետ կապ չունեն: Այո՛, էդ մարդիկ գործունեություն են ծավալում Երևանում, այո՛, սոցիալական պատասխանատվության ծրագրերն իրականացվում են այն ընկերությունների կողմից, որոնք տվյալ վայրում գործունեություն են ծավալում, որը շատ բնականոն է»: