կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-21 19:44
Առանց Կատեգորիա

Գաղափարն` ինձնից, գործը` Հայկ Մարությանից

Գաղափարն` ինձնից, գործը` Հայկ Մարությանից

Երևանի` արդեն մի քանի ամսական քաղաքապետ Հայկ Մարությանը, որքանով հասկացանք, որոշել է Երևանը թաղել կանաչի մեջ: Ողջունում եմ քաղաքային իշխանության, հուսամ` նաև ՀՀ կառավարության այդ հեղափոխական որոշումը: Սակայն չեմ հասկանում, թե ինչո՞ւ են ՀՀ իշխանություններն այդ հայրենանվեր գործն սկսում` եղածը քանդելով: Ժամանակին ՀՀՇ-ն էր այդպես վարվում. քանդում էին ամեն ինչ` գործարաններ, պետական և հասարակական նշանակության շենքեր… Փակեցին անգամ ատոմակայանը, որ իրենց հեռացումից հետո միայն վերագործարկվեց:

Հայկ Մարությանը, ահա, Երևանի կանաչ տարածքների վերականգնումը որոշել է սկսել Ազատության հրապարակում գտնվող սրճարանները կամ դրանց մի մասը քանդելով: Ինչո՞ւ, երբ բոլորին է հայտնի, որ այդ սրճարանների շնորհիվ էր նաև, որ Ազատության հրապարակի ասֆալտը շուքուշվաքով ծածկվեց, Երևանում վերջապես հայտնվեցին ժամանցի գողտրիկ անկյուններ, ուր սիրով են այցելում ոչ միայն երևանցիները, այլև քաղաքի հյուրերը: Մյուս կողմից էլ` թռիչքաձև զարգացումներ խոստանալուց հետո այնքան էլ խելամիտ չի թվում մայրաքաղաքի ամենաաշխույժ բիզնես հատվածներից մեկի վրա այս գրոհը, ընդհուպ անհասկանալի է: Անհասկանալի է, որովհետև կանաչապատ տարածքների վերականգնումը կարելի է սկսել, օրինակ, Օղակաձև զբոսայգու տարածքում գտնվող լքված սրճարանները ապամոնտաժելուց: Մենք դեռ չենք խոսում Նորքի անտառի վերականգնումից, որովհետև դա հաստատ Հայկ Մարությանի «վրայով» շատ մեծ կլինի: Բայց Խանջյան փողոցի հարակից աջակողմյան տարածքում` մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ, իսկապես շատ գործ կա անելու: Հայտնի ու անհայտ ձեռներեցներին տրամադրված տասնյակ սրճարաններ այդ հատվածում լքված են այսօր և վերածվել են Աստված գիտի, թե ինչի: Բնակիչները վստահեցնում են, որ երբեմնի սրճարանների տարածքներից աղբը չի հավաքվում, ծառերը չեն խնամվում, այդ սրճարանները վերածվել են «հասարակական» զուգարանի, ուր առանց քաշվելու իրենց կարքներն են հոգում տեղանքում նարդի ու շաշկի խաղացող պապիկները:

Պարո'ն Փաշինյան… Վայ, կներեք, պարո'ն Մարության, չսկսե՞նք Օղակաձև զբոսայգուց կամ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր մի առիթով ասել` մեր թռիչքաձև զարգացումը չսկսե՞նք բակերից` աղբը և ավտոկմախքները հավաքելով: Այլապես աշխատող, հարկ վճարող բիզնեսին նեղում եք, ներդրողներին խուճապի եք մատնում, որ ի՞նչ անեք:

Էդիկ Անդրեասյան