կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-14 15:58
Քաղաքական

Ադրբեջանի ագրեսիան Փաշինյանին մտահոգում է զուտ այնքանով, որքանով դա կարող է հանգեցնել ներքին ցնցումների. քաղաքագետ

Ադրբեջանի ագրեսիան Փաշինյանին մտահոգում է զուտ այնքանով, որքանով դա կարող է հանգեցնել ներքին ցնցումների. քաղաքագետ

Yerkir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

-Պարո՛ն Մելիք-Շահնազարյան, Ն. Փաշինյանը փորձում է խաղաղություն ակնկալել մի երկրից, որի բռնապետը սպառնում է Հայաստանին նոր պատերազմով։  Արդյո՞ք մենք ապրում ենք խաղաղության դարաշրջանում, և  սա՞ է Փաշինյանի պատկերացրած խաղաղությունը։ 

-Հայտնի ճշմարտությունն այն է, որ խաղաղություն չեն մուրում, խաղաղություն պարտադրում են։ Ունե՞ն, արդյոք, օրվա իշխանությունները թշնամուն խաղաղություն պարտադրելու կարողություն։ Ցավոք՝ ո՛չ։ Մինչ 2018-ի հեղաշրջումը մենք ունեինք նման ռեսուրս։ Հիմա այլևս չունենք։ Հետևաբար, Փաշինյանի՝ խաղաղության դարաշրջանի մասին բոլոր խոսքերը ոչ այլ ինչ են, քան սովորական դատարկախոսություն։ Միակ բանը, որի մասին այսօր պետք է մտածի հայ ժողովուրդն ու հայկական պետությունը, դա մեր կարողությունների վերականգնումն է։ Կունենանք ազգային իշխանություն, ներքին միասնականություն, ուժեղ տնտեսություն և ուժեղ բանակ, կունենանք նաև խաղաղություն։ 

- Փաշինյանը  այդպես էլ չի ցանկանում  դիմել ՀԱՊԿ-ին. չդիմեց 2021 թ. մայիսի 12-ին, երբ թշնամին ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք, չդիմեց նույն տարվա նոյեմբերի 16-ին, չդիմեց  2022 թ. հունվարի 11-ին։ Փաստորեն, փողոցից եկած իշխանությունը թյուրքական ագրեսիայի պայմաններում  համառորեն չի դիմում ՀԱՊԿ-ին: Ձեր կարծիքով՝ ՀՀ-ից ՀԱՊԿ կդիմեն միայն  սեփական իշխանությունը պահելու նպատակո՞վ, քանզի Փաշինյանի շրջապատում լավ են գիտակցում, որ ինչ ուղիով եկել են իշխանության, այնպես էլ  հեռանալու են։ 

-Մինչ ՀԱՊԿ-ին դիմելը՝ հայկական պետությունը նախ ինքը պետք է փորձեր կանգնեցնել դեպի երկրի խորքերն առաջ եկող թշնամուն։ Որպես պետություն՝ նույն 2021-ի մայիսին մենք մեր անելիքը չենք արել։ Դրա համար էլ Ալիևը այսօր ծաղրում է մեզ՝ ասելով, որ իրենց զորքերն այնքան են առաջ եկել, քանի դեռ ճանապարհին հայ զինվոր չեն հանդիպել։ Հայաստանի իշխանությունները, Արցախի տարածքները թշնամուն հանձնելուց բացի, անպաշտպան են թողել նաև ՀՀ տարածքները։ Նրանք ոչինչ չեն արել մեր երկիրը պաշտպանելու համար, և հենց դրանով է  բացատրվում ՀԱՊԿ անդամ երկրներին չդիմելու փաստը։ 

Ինչ վերաբերում է սեփական իշխանությունը պահելու նպատակով ՀԱՊԿ-ին դիմելու՝ Փաշինյանի հավանական քայլին, ապա, եթե անկեղծ, ես նման սցենար չեմ բացառում։ Փաշինյանն ամեն ինչի ընդունակ անձնավորություն է, և մենք մեկ անգամ չէ, որ համոզվել ենք դրանում։ Բայց այդ պարագայում, մինչ ՀԱՊԿ-ին դիմելը, նա ստիպված կլինի այլ արտաքին ուժերի դիմել։ Նրանց, ովքեր ի վիճակի կլինեն Հայաստանում կրակել հայ ժողովրդի վրա։ Եվ միայն այդ դեպքում Փաշինյանը կկարողանա ասել, թե Հայաստանի ներքին կայունությանն ու անվտանգությանը արտաքին սպառնալիք կա, հետևաբար, անհրաժեշտ է ՀԱՊԿ աջակցությունը։ Կասեք՝ անհավանական սցենա՞ր է։ Իհարկե՝ ոչ։ Ես արդեն ասացի՝ նա ամեն ինչի ընդունակ անձնավորություն է։

- Ադրբեջանը շարունակում է շարժվել մեկօրյա պատերազմների  տրամաբանությամբ, Թուրքիան էլ իր անվերապահ աջակցությունն է հայտնում կրտսեր եղբորը։ Այս ամենի ֆոնին` Մոսկվայում սպասվում է Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը։ Այս համատեքստում` Հայաստանը ի՞նչ կարող է ակնկալել սպասվող հանդիպումից։

-Ցավոք, դժվարանում եմ պատասխանել այս հարցին։ Նման դեպքերում ես չգիտեմ, թե ի՞նչ պետք է հասկանալ «Հայաստան» անվան տակ։ Որովհետև ՀՀ փաստացի իշխանությունների և հայ ժողովրդի ու մեր պետական շահը շատ տարբեր բաներ են։ Ակնհայտ է՝ Փաշինյանի կառավարությունն ակնկալում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, սահմանների բացում և այլն։ Դրա համար նրանք պատրաստ են վճարել ցանկացած գին՝ ընդհուպ մինչև Հայոց ցեղասպանության հարցի իսպառ մոռացում։ Մինչդեռ մեր ժողովրդի և պետության շահերը միանգամայն այլ են։ Դրա համար կարող եմ ասել, որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ իշխանությունների ակնկալիքները շատ շուտով կյանքի կկոչվեն, իսկ իրական Հայաստանի, այն է՝ մեր ժողովրդի՝ ոչ։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի շարունակվող ագրեսիային ու դրա թուրքական աջակցությանը, ապա հավատացնում եմ, որ դա շատ քիչ է մտահոգում Փաշինյանի կառավարությանը, զուտ այնքանով, որքանով դա կարող է ներքին ցնցումների պատճառ դառնալ։ Իսկ հետպատերազմյան ողջ շրջանը ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանական դաշինքը չի հատում այն սահմանը, որը կարող է լուրջ սպառնալիք դառնալ Փաշինյանի իշխանության համար։ Նրանք դանդաղ իրենց գործն են անում, և քանի դեռ Հայաստանում շարունակում է իշխել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, շտապելու որևէ առիթ չունեն։ 

- Թվում էր` Արցախն է հայ ժողովրդի  «կարմիր գիծը», և Հայաստանի այն ղեկավարը, որը կփորձի հատել այդ «կարմիր գիծը», կարժանանա ժողովրդի պարսավանքին և կհեռացվի: Պարզվեց՝ ո՛չ, ավելին՝ հիմա էլ այդ անձնավորությունն ամեն ջանք ու եռանդ գործադրում է` փորձելով իրականացնել թուրք-ադրբեջանական տանդեմի ծրագրերը։ Ըստ Ձեզ` որո՞նք են հայ-թուրքական հարաբերություններում՝ մի կողմից հայ ժողովրդի, մյուս կողմից՝ այս իշխանության «կարմիր գծերը»։ Եվ այդ գծի հատման դեպքում հայ ժողովուրդն ինչպիսի՞ խնդիրների առջև կկանգնի։ 

-Արդեն չգիտեմ։ Իմ խորին համոզմամբ՝ բոլոր գծերը վաղուց հատված են։ Ինչո՞ւ է մեր ժողովուրդը շարունակում հանդուրժել իր իսկ պետության ու անկախության ոչնչացման պրոցեսը, դժվար է ասել։ Պատճառները, թերևս, շատ են՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ։ Բայց, ամենակարևորը, կարծում եմ, սեփական արժեքներից հեռանալն է։ Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմը մեր պարտության վերջին ակտն էր։ Ցավոք, մինչ այդ մենք արդեն իսկ պարտվել էինք բազում տեսանելի և անտեսանելի ճակատներում։

 

                     

                                                                       Լենա Կարապետյան