կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-23 15:51
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիրքերից փախածներն են դավաճան Փաշինյանին բերել իշխանության. Վահագն Վարագյան

Մարդիկ, որոնք փախել են դիրքերից, հենց այդ նույն մարդիկ են, որ դավաճան Նիկոլ Փաշինյանին բերել են իշխանության. ասաց ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

Նա կառավարության շենքի մոտ էր՝ իր զորակցությունը հայտնելու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին, որն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

«Եկել եմ իմ զորակցությունը հայտնելու պարոն Մանուկյանին, որովհետեւ նրա այսօրվա հայտարարած հացադուլը հանուն մեր հայոց պետականության և մեր կորսված հայրենիքի է։ Հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում դավաճանները կհեռանան և կկարողանանք մեր հայրենիքը կառուցել ու շենացնել»,- ասաց Վ․ Վարագյանն ու ցավով պնդեց․ «Մենք դավաճանվեցինք այս իշխանությունների կողմից և այսօր կանգնած ենք փաստի առաջ»։

Yerkir.am-ի հարցին, թե հնարավո՞ր է ինքն էլ որոշի հացադուլով միանալ Գ․ Մանուկյանին, Վարագյանը պատասխանեց, որ չի բացառում։

Yerkir.am-ի հարցին՝ Մայր բուհն օրերս միացավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ինչո՞ւ մյուս բուհերն էլ չհետևեցեին իրենց օրինակին, նա արձագանքեց. «Մայր բուհը կանգնած է եղել Արցախյան շարժման ակունքներում, իր լավագույն զավակներին է զոհաբերել անկախ Արցախի համար։ Մայր բուհը չէր կարող անմասն մնալ և պետք է հստակ գնահատական տար, որովհետեւ սա վերաբերում է մեր պետությանը, մեր հայրենիքին, և միայն անհայրենիքները կարող են անտարբեր մնալ այդ հարցերի նկատմամբ։ Մայր բուհն իր գնահատականը տվել  և պահանջել է, որպեսզի դավաճան Նիկոլը և նրա վարչախումբը հեռանան։ Թե ինչո՞ւ չեն միացել մյուս բուհերը, չեմ կարող ասել, չգիտեմ, թե Արցախյան շարժման մեջ մյուս բուհերն ինչ լումա են ունեցել»։

Անդրադառնալով օրեր առաջ իրեն բերման ենթարկելուն՝ Վահագն Վարագյանը պնդեց․ «Վախենալու ոչինչ չունեմ: Կորցրել ենք մեր հայրենիքը: Բերման ենթարկելով, ձերբակալելով, կալանավորելով՝ այս դավաճանները չեն կարող ինձ որևէ ձևով վախեցնել կամ լռեցնել։ Ես մինչև վերջ պայքարելու եմ, որպեսզի դավաճանները հեռանան և ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Եղիազարյան