կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-18 17:56
Հասարակություն

Չի կարելի ազգային տարր չունեցող հագուստն ազգային-ավանդական կոչել. ազգագրագետները Դայանա Դավթյանի տարազի մասին

Չի կարելի ազգային տարր չունեցող հագուստն ազգային-ավանդական կոչել. ազգագրագետները Դայանա Դավթյանի տարազի մասին

«Կանայք այնպես էինք հագնվում, կրծքավանդակի հատվածում այնքան շորի շերտ կար, որ կրծքերը չընդգծվեն, էլ ուր մնաց բացվածքով շոր հագնելը, ինչի՞ մասին է խոսքը: Նման բան երբեք չի եղել, հայ կնոջ հագուստը մշտապես մինչև սրունքը փակ է եղել, նույնիսկ գլուխն է փակ եղել»- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Միս տիեզերք - 2019»-ի հայաստանյան մասնակցի հագուստին, ասաց ազգագրագետ Խորեն Գրիգորյանը:

Հիշեցնենք` «Միսս տիեզերք - 2019» միջազգային մրցույթի հայ մասնակից Դայանա Դավթյանի հագուստը, որն ընտրվել և ցուցադրվել է իբրև ազգային տարազ, ազգագրագետների շրջանում քննադատության տեղիք է տվել. այն թե՛ կրծքավանդակի, թե՛ ոտքերի մասում զգալի բացվածքներ է ունեցել: Բացի այդ, ձևվածքի ու նախշերի առումով որևէ կերպ չի համապատասխանել հայկական տարազի նորմերին:    

Ըստ ազգագրագետի՝ մարմին ցուցադրելը համարվել է անբարոյականություն.  «Որևէ մեկը չէր համարձակվի ցուցադրել իր մարմնի որևէ հատվածը: Այլ բան է, եթե ավանդական տարազի որոշակի տարրեր են վերցվում, բայց բացվածքի մասին խոսելն արդեն ավելորդ է: Տարազը մեր ավանդական հագուստն է, իսկ մեր որևէ բնակավայրում մենք բացվածքով տարազ չենք ունեցել երբեք: Նույնիսկ մի քանի շերտ իրար վրայից շոր էին հագնում: Այն ինչ ներկայացվել է հայկական տարազի անվան տակ, կապ չունի հայկական տարազի հետ»,- եզրափակեց Խորեն Գրիգորյանը:

Անվանի ազգագրագետ, տարազների մեծ գիտակ Սվետլանա Պողոսյանը նույնպես հաստատում է, որ այդ հագուստը հայկական որևէ էլեմենտ չէր կրում իր մեջ: 

«Գլխի հարդարանքը վատը չէր, ազգային ոճի մեջ էր, իսկ հագուստը ոչ մի հատուկ առնչություն չուներ հայկականի հետ: Այն եվրոպական ձևվածք ուներ և բոլորովին էլ Այրարատի տարազ չէ, ինչպես պնդում են ոմանք, Այրարատի տարազը  բոլորվին այլ ձևվածք ունի», - փաստում է Սվետլանա Պողոսյանը:

Ազգագրագետի կարծիքով՝ պատկան նախարարությունն անելիք ունի այստեղ.  «Եթե մարդը որևէ բան է ստանձնում, համապատասխան կառույցը պետք է պայման դնի, որ նա խորագիտակ լինի այդ ամենին, եթե ոչ, գոնե խորհրդակցի մասնագետների հետ»:

Ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը նույնպես Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց, որ մեր ավանդական տարազը որևէ մասում բացվածք չի ունեցել: 

«Բացվածք կարող էր լինել կողքից, բայց, եթե տակից ուրիշ հագուստ կար, այսինքն՝ մարմինը լիովին պետք է փակ լիներ և որևէ կողմից չերևար որևէ մեկին: Չի կարելի ազգային տարր չունեցող հագուստն ազգային-ավանդական կոչել», - այսպես մեկնաբանեց Մխիթար Գաբրիելյանը:

Գևորգ Գյուլումյան