Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ուելսի արքայազնի` Թուրքիա կատարելիք այցին: Հիշեցնենք, որ Ուելսի արքայազն Չարլզն իր որդու հետ մեկնում է Թուրքիա` մասնակցելու ապրիլի 24-ին և 25-ին Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին:
«Այն, որ ապրիլի 24-ին Ուելսի արքայազնը մեկնում է Թուրքիա, դա վատ պահվածք է, դա հասկանալի չէ»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ նույն պահվածքն անհասկանալի է Ավստրալիայի, Նոր Զելանդիայի իշխանությունների պարագայում: «Նրանք ամբողջությամբ ընկնում են Թուրքիայի թակարդը, որովհետև պատմությունը փորձում են կոծկել` պարզապես Թուրքիային չնեղացնելու համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա հետաքրքրական համարեց այն, որ Ուելսի արքայազնը մի քանի ամիս առաջ, երբ Դեր Զորում Ցեղասպանության հուշահամալիրը ծայրահեղականների կողմից պայթեցվեց, գնաց Լոնդոնի հայկական եկեղեցիներից մեկը, դատապարտեց դա, իսկ այսօր իր պահվածքով այդ նույն խորհրդանիշը պայթեցնողների աջակիցներին է սատարում, որովհետև Թուրքիան է հովանավորում այդ ծայրահեղականներին: Կիրո Մանոյանի կարծիքով` նման պահվածքը վնասում է նրանց հեղինակությանը:
Խոսելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հայաստան այցելելու հավանականության մասին` Կիրո Մանոյանը նշեց, որ եթե նա գա Հայաստան` որպես նախագահի թեկնածու, ու արտասանի «ցեղասպանություն» եզրույթը, ապա դա հավատալի չի լինի, այնքան ժամանակ, մինչև որ, որպես գործող նախագահ, չարտասանի այդ եզրույթը: Որովհետև նույն օրինակով էլ Օբաման, մինչ նախագահ դառնալը, խոստումներ էր տալիս, բայց նախագահ դառնալուց հետո սկսեց գրաքննության ենթարկել իր խոսքը: Իհարկե, դա չի նշանակում, որ Օբաման ոչինչ չի արել: Կիրո Մանոյանը նշում է, որ Օբաման հենց Թուրքիայում կոչ է արել առերեսվել սեփական պատմության հետ:
«Ես չգիտեմ` Օբաման այս տարվա ուղերձում կարտասանի՞ «ցեղասպանություն» եզրույթը, բայց այս տարի առիթ կա, որ նա արտասանի, դա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, և հնարավոր է` այդ ժամանակ առիթը օգտագործի և ճիշտ քայլի գնա: Անշուշտ, չի բացառվում դա: Բացի այդ` մայիսի 7-9-ը Վաշինգտոնում միջոցառումներ են լինելու, որին մասնակցելու են երկու հայ կաթողիկոսները և, հավանաբար, ՀՀ նախագահը, այնպես որ` կա առիթ, որ նա ինչ-որ բան ասի»,- ասաց Կիրո Մանոյանը` հավելելով, որ հնարավոր է անձամբ չասի, բայց նրա անունից ինչ-որ մեկը խոսի Ցեղասպանության մասին այստեղ` Հայաստանում: