կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-11 20:52
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հայտարարություններն անհետևողական են և հակասական․ Կիրո Մանոյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները առնվազն Արցախի հարցում անհետևողական են և հակասական՝ ըստ Yerkir.am-ի, հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մամուլի ասուլիսում։

Նա հիշեցրեց, որ վարչապետը մեկ ասում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», մեկ պնդում Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտության մասին։

«Հարց է ծագում. եթե Արցախը Հայաստանի մաս է, ապա բանակցություններում Ստեփանակերտը ի՞նչ մասնակցության մասին է խոսքը։ Այդ շարքից են վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումները հակամարտության կարգավորման վերաբերյալ նույնն են։ Սա նույնպես վերացնում է բանակցություններին Արցախի մասնակցելու անհրաժեշտությունը»,– պարզաբանեց նա։

Մանոյանը վստահ է, որ Հայաստանը պետք է մեկընդմիշտ փաստաթղթերով ամրագրի Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակը։ Դա թույլ կտա Հայաստանին ավելի հետևողական լինել բանակցություններում,  դադարեցնել  ադրբեջանական մեղադրանքները։

«Պետք է հասկանալ, որ խնդրի ոչ մի Հայաստանին ձեռնտու լուծում, մեր գործընկերները միաձայն չեն հաստատի։ Մենք չպետք է ծափահարություններ ակնկալենք նրանցից։ Իհարկե, ճնշում կլինի, բայց հարցն այլ կերպ չի լուծվի», – ասաց նա։

Գործող իշխանությունը կրկնում է նախորդ ղեկավարության սխալը` երկրորդ պլան մղելով Երևանի` Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելն ու Ստեփանակերտի հետ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր կնքելը՝ նկատեց Կիրո Մանոյանը։

Մանոյանը ենթադրում է, որ հայկական դիվանագիտությունը վախենում է արտաքին ճնշումից, բայց դա արդարացված չի համարում։

Նա նկատեց, որ բանակցությունների գծով այն, որ երկու երկրների ԱԳ նախարարները համաձայնել են հաջորդ տարվա սկզբին հանդիպել՝ դրական է, բայց թե ինչի մասին են խոսել Կիրո Մանոյանի փոխանցմամբ պարզ չէ. «Այն փաստը, որ այդ եռակողմ հաղորդակցությունը հնգակողմ չի եղել, նշանակում է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայն չեն եղել դրա բովանդակությանը։ Հասկանալի է, որ Հայաստանն էլ կարող է չուզեր, որ իր ստորագրությունը չլինի մի փաստաթղթի տակ, որտեղ խոսվում է Մադրիդյան սկզբունքների մասին, որովհետև ինչպես վարչապետն ասել էր Հայաստանի իշխանությունների համար որոշակի պարզաբանումներ պետք է լինեն։ Կամ եղել են և չեն բավարարել Հայաստանին, կամ չեն եղել այդ պարզաբանումները։Ադրբեջանն էլ դեմ է այդ սկզբունքներից գոնե երկուսին, որ հարցը խաղաղ կերպով պետք է լուծվի և որ Արցախը պետք է իր կամքն արտահայտի իր կարգավիճակի մասին»,-ասաց Կիրո Մանոյանը։

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ Ադրբեջանը ցանկանում է բանակցություններին մասնակցի նաև ԼՂ ադրբեջանական համայնքը, Կիրո Մանոյանը նկատեց, որ եթե մեծ ձևաչափով պետք է հանդիպեն, ապա չի կարծում դիմացի կողմը պետք է առարկի՝ ով կլինի Ալիևի պատվիրակության մեջ. «Միշտ էլ այնպես է եղել, որ բացի զինադադարի ստորագրումից, ուղղակի բանակցությունների հարցով ԵԱՀԿ-ի պատկերացումը, երբ ասել է՝ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է մասնակցի, այդտեղ նաև եղել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ, որոնք, սակայն, չեն ցանկացել նստել արցախցիների հետ, դրա համար էլ նստել են Ադրբեջանի պատվիրակության հետ։ Ձևաչափը ինչպես կարող ենք պատկերացնել, որ եթե երկու հոգով նստել են, այդ մնացածը որտեղ են նստելու, այսինքն` երբ պատվիրակություն չէ միայն ղեկավարներն են։ Եթե երեք հոգով են նստել, այսինքն ԱՀ նախագահը, ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը, պարզ է, որ այդտեղ էլ տեղ չունի ադրբեջանական համայնքը կամ եթե ունենա էլ դա ձևական ու անիմաստ բան է։ Ի՞նչ պետք է ասեն, չե՞նք կրակում։ Իհարկե, նրանք չեն կրակում, կրակողները ադրբեջանական բանակից են»,-հավելեց Կիրո Մանոյանը։

Ներքաղաքական զարգացումներին անդրադառնալով՝ Մանոյանը նկատեց, որ առնվազն Դաշնակցության մասին Փաշինյանի ասածները գնալով համահունչ են դառնում Լևոն Տեր-Պետրոսյանի ասածներին։

«Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 1992-1994թթ., երբ մեր Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին արտաքսեց երկրից, 1994-ին քայլեր ձեռնարկեց, որպեսզի կուսակցությունը փակվի Հայաստանում։ Մի կողմից էլ ասում էր, որ Դաշնակցությունն ազգային արժեք է։  Հիմա ճիշտ նույն մոտեցումով Փաշինյանն է խոսում, որ, ցավոք սրտի, այդպես է լինելու, հակառակ որ ազգային արժեք է Դաշնակցություն կուսակցությունը»,-ասաց Կիրո Մանոյանը։

Նա վստահեցրեց՝ այդպես չի լինելու և բոլորը, այդ թվում վարչապետը, պետք է հասկանան, որ ցանկություններով չպետք է առաջ շարժվեն, պետք է ընդունեն իրականությունը, որ Դաշնակցությունը մեկ կազմակերպություն է՝ դրսի-ներսի, հին-նոր ասելը ոչ ոքի օգուտ չի բերելու։

Առավել Մանրամասն՝ տեսանյութով․