կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 18:13
Քաղաքական

«Չուք-չաք-չարաք-չաք». Փաշինյանը ամբիոնից երգել է ցույցերի հետևում կանգնած ուժի մասին

«Չուք-չաք-չարաք-չաք».  Փաշինյանը ամբիոնից երգել է ցույցերի հետևում կանգնած ուժի մասին

Չի կարող որևէ  նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք՝ ըստ Yerkir.am-ի, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով սեփական խմբակցության պատգամավորի՝ երեկ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում պահանջող երիտասարդների պահանջների վերաբերյալ հարցին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այստեղ խոսքը ոչ թե երիտասարդների, այլ մի քաղաքական ուժի մասին է, որը երկար տարիներ Հայաստանում, նրա խոսքով, եղել է «ապօրինի, կոռումպացված իշխանության կարևոր հենասյուններից մեկը, եթե ոչ ավելին» և կարծիք հայտնեց, որ եթե այդ կուսակցությունը չառերեսվի իրականության հետ և գնահատական չտա իր իսկ վերնախավի մի հատվածի հայտնի ժամանակաշրջանի գործունեությանը, ապա այդ քաղաքական ուժը Հայաստանում չունի ապագա, ինչքան էլ դա կարող է ցավալի հնչել:

Փաշինյանը նաև նշեց, որ խոսքը չի վերաբերում միայն այդ ուժին, այլ նաև նրանց, ովքեր «մի մեծ կլոր սեղանի շուրջ էին նստած այդ քաղաքական ուժի հետ»:

Փաշինյանը մեջբերելով հայտնի «Չուք-չաք-չարաք-չաք» երգը՝ նշեց, որ իրենք լսում են պարզապես վերոնշյալ քաղաքական ուժի «հեռացող գնացքի անիվների տրոփյունը»:

Նիկոլ Փաշինյանը նաև վերահաստատեց ավելի վաղ ուսանողների հետ հանդիպման ժամանակ այն տեսակետը, ըստ որի կրթության ոլորտում քաղաքականությունն իրականացնում է ոչ թե նախարարը, այլ կառավարությունը:

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպում նախաձեռնած ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների հանդեպ Ոստիկանությունը բռնի ուժ էր  կիրառել․ 24 խաղաղ ցուցարար բերման էր ենթարկվել․ 19-ին տեղափոխել էին Ոստիկանության Կենտրոնի բաժին, 5-ին՝ Էրեբունու բաժին։ Մինչ այդ ՀՅԴ ՀԵՄ-ը 15-օրյա նստացույց և բողոքի քայլերթեր էր իրականացրել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով, քանի որ նրանց համոզմամբ՝ կրթության ոլորտի քաղաքականությունը նախարարը ձախողել է։