Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնելով ուկրաինական InfoResist կայքի հոդվածը՝ Yerkir.am-ի խմբագրակազմն ամենևին հակված չէ չարախնդալու Ռուսաստանի կամ այնտեղ ապրող ժողովրդի վրա: Այս հրապարակումը խորքի մեջ անգամ ընդդեմ կամ ի հեճուկս որոշ հրապարակումների չէ, հրապարակումներ, որոնց միջոցով փորձ է արվում այս հողի վրա մեղադրանքներ ներկայացնել հայկական որոշ շրջանակների կամ այդ շրջանակների առանձին գործիչների (զորօրինակ՝ Գարեգին Նժդեհին):
Ուկրաինական կողմը, տուրք տալով ներկայիս հակառուսական տրամադրություններին, ամեն կերպ ձգտել է սույն հոդվածին տալ քաղաքական աստառ և դրանով իսկ ապտակել ռուսական կողմին: Դրանով նա ընկել է այն նույն ծայրահեղության և անթույլատրելի մոլորության մեջ, ինչ որոշ ռուսական, ադրբեջանական կամ այլ շրջանակներ:
Այս բարդագույն հարցերը քննելիս անթույլատրելի է ներկայիս զգացական կամ քաղաքական տրամադրությունները տեղափոխել տվյալ պատմական էպոխա և գործողությունների ինչ-որ մի դրվագ, կտրելով համընդհանուր զարգացումներից, ներկայացնել որպես դավաճանություն, հերոսություն կամ այլ կերպ: Այդպիսի մոտեցումները բնորոշ են կա՛մ միջակություններին, կա՛մ այն հետազոտողներին, որոնք ծառայում են ոչ թե պատմագիտությանը, այլ բոլորովին ուրիշ մեկին կամ ինչ-որ մի բանի:
Ցավոք, տխրահռչակ այդ նույն երևույթներն են ընկած նաև Գարեգին Նժդեհին և հայ ժողովրդին պախարակող որոշ հրապարակումներում, որոնք կա՛մ տվյալ էպոխայի զարգացումների տոտալ չիմացության, կա՛մ ինչ-որ մեկին ծառայություն մատուցելու արդյունք են:
Երկրորդ աշխարհամարտը պատմություն է՝ իր բոլոր լավ և վատ կողմերով: Այդ ժամանակաշրջանի բարդագույն անցքերը պարտավոր ենք քննել համակողմանի և անաչառ լույսի ներքո, այլ ո՛չ քաղաքական կամ զգացական դրդումով: Իսկ գերմանաֆաշիստական ճամբարում հայտնված և գործած ամեն մի գործչի ճակատագիրն առավել քան բարդ մի շղթա է. իրականում այն, ինչ հայտնի է այդ մարդկանց մասին, այսբերգի երևացող մասն է միայն, և «ջրի տակ են» դեռևս այն բոլոր քաղաքական, ազգային, կուսակցական, անգամ՝ ընտանեկան գործոնները, առավել ևս՝ այն բարոյահոգեբանական ապրումները, որոնց հենքի վրա կերտվել են ճակատագրեր:
Վահե Սարգսյան
Այդ մե՞նք ենք ֆաշիստները. Երրորդ Ռայխին ծառայած ռուսները
Ժամանակակից Ռուսաստանում ամեն պատեհ առիթով հեռուստաէկրաններից՝ լինի լրատվություն, պատմական հաղորդում, թե ինչ-որ շոու, սիրում են հարևաններին կշտամբել, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրանց տարածքներում ձևավորվել են SS-ի՝ (Schutzstaffeln` պաշտպանական ջոկատներ) միավորումներ, հակախորհրդային տրամադրություններ սերմանող կազմակերպություններ, ոստիկանական ստորաբաժանումներ, ընդ որում ՝ ավելի շատ քարկոծվում են լիտվացիները, լատիշները, էստոնացիները, ուկրաինացիները. գրում է ուկրաինական InfoResist կայքը՝ հավելելով, որ որքան էլ մեծ լինի ցանկությունը, այնուամենայնիվ, ռուսները չեն կարող թաքցնել, որ իրենցից շատերն էլ են համագործակցել ֆաշիստական Գերմանիայի հետ:
Բացի տխրահռչակ Ռուսական ազատագրական բանակից, որը գործում էր խորհրդային նախկին գեներալ Ա. Վլասովի հրամանատարությամբ, կան նաև գերմանացիների հետ համագործակցած ռուսական այլ զորամիավորումներ, և ըստ կայքի՝ ի տարբերություն լատիշների ու էստոնացիների, որոնցից ընդամենը մեկական դիվիզիա էր կազմավորվել, SS-ի ռուսական միավորումները շատ են: Ահա դրանք՝
Բացի այդ՝ եղել են հակաբոլշևիկյան պայքարի ջոկատներ և հետախուզական–դիվերսիոն հատուկ նշանակության զորամիավորումներ:
Կայքը նշում է, որ, գերմանական աղբյուրների համաձայն, 1943 թվականի դրությամբ Երրորդ Ռայխի կողմից պատերազմող ռուսների թիվը 800 հազար էր: Նաև հետաքրքիր փաստ է ներկայացնում՝ երբ 1943-ին Հիտլերը հրամայում է բոլոր ռուսներին Արևելյան ճակատից տեղափոխել Արևմտյան ճակատ, գեներալը խառնվում են իրար՝ Արևելյան ճակատում կռվող զինվորներից յուրաքանչյուր հինգերորդը ռուս էր: