կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-16 14:27
Տարածաշրջան

Թուրքական բանակում ծառայած հայ զինվորների դառը հուշերը

Թուրքական բանակում ծառայած հայ զինվորների դառը հուշերը

T24-ի լրագրող Արիս Նալջըն «Հայերի ծառայությունը» վերնագրով հոդված է հրապարակել, որում պատմել է Թուրքիայում հայերի զինվորական ծառայության դժվարությունների մասին և ներկայացրել նրանց նկատմամբ վերաբերմունքը:

 

Հոդվածը ներկայացնում ենք հատվածաբար:

 

Այս երկրում բոլորն ունեն հիշողություններ իրենց զինվորական ծառայությունից: Ոմանք ասում են՝ ինձ մարդ դարձրեցին, ոմանք էլ նույնիսկ չեն ցանկանում ծառայել: «Այս երկրի օրենքներին պետք է հետևել»՝ այսպես էլ ինքն իրեն համոզում է նա, ով շատ է վախենում «հայրենիքի» հանդեպ պարտքը կատարել:

 

«Յուրաքանչյուր թուրք զինվոր է ծնվում». այս կարգախոսին էթնիկ ինքնությամբ չհամապատասխանող մեր՝ հայերիս, ծառայության արկածները փոքր-ինչ հասկանալուց հետո, գուցե ավելի լավ կհասկանանք Սևակ Բալըքչըին (Թուրքիայում սպանված հայ զինվոր), այդ նպատակով ձեզ եմ ներկայացնում իմ շրջապատից հավաքած բանակային հիշողությունները:

 

Իհարկե, հարկ եմ համարում ընդգծել նաև, որ մեծ է այն հայերի թիվը, ովքեր որոշ մակարդակներում իրենց ծառայությունն անցկացնում են բազմությունից մեկուսացված (կամ՝ ինչպես վանդակում): Ծառայության ժամանակ հայերին պաշտպանելու նպատակով նրանց մեկուսացնելը ԶՈՒ-ի առաջադրած լուծում է: Թեեւ նրանք դա չեն զգում, սակայն դա նույնն է, թե նրանց «թանգարանում» պահելը:

 

 

Սևակ Ք.

2007 հունվար 19…

 

Բուֆետում նստած ենք: Արևելքի ամենաբարձր տեղերից մեկում: Այն բանի համար, որ Հայաստանի սահմանին մոտ ենք, անընդհատ իմ ինքնության մասին խոսակցություն է գնում: Այդ օրը բուֆետի հեռուստացույցով Հրանտ Դինքի սպանության մասին լուր էին հաղորդում: Երբ ԱՄՆ-ում համալսարանս ավարտեցի ու, վկայականս ձեռքիս, վերադարձա այստեղ, մտածեցի, որ փոքր-ինչ փոխված կլինի: Մտածեցի՝ ընտանիքս այստեղ է, կմնամ, կծառայեմ:

 

Ահա այդ օրն իմ աչքերով տեսա, որ ոչինչ չի փոխվել: Բուֆետում Հրանտ Դինքի սպանության լուրը ծիծաղով ընդունած զինվորներն ուր որ է կպարեին: Ոմանց ասածները մինչև հիմա մտքումս է: Օրեր շարունակ, երբ բոլորը քնած էին լինում, այդ խոսքերը արձագանքում էին ականջիս մեջ:

 

Անում են, որ ես լսեմ:

 

Զսպում էի ինձ:

 

Մարսում էի…

 

Հաջորդ օրը հրամանատարը ինձ կանչում ու ասում է. «Եթե մի բան անեն, ասեն` ինձ ասա, լա՞վ»:

 

 

Գևորգ Դ.

 

Բուֆետում եմ, բոլոր գործերն ու հաշիվները ինձ են վստահել: Ղեկավարներից մեկն ամեն օր գալիս, ինձանից հաշիվ է պահանջում ու ամեն անգամ ձեռքի հետ մի հատ տոստ ուտում: Երբեմն վճարում էր, երբեմն՝ ոչ: Շաբաթավերջին էլ գալիս, ընդհանուր հաշիվն էր ստուգում: Բավական չէ՝ տոստերի գումարը չվճարելու համար միշտ հաշիվը պակաս էր դուրս գալիս, մեկ էլ ինձ էր հանդիմանում. «Արա, ինչո՞ւ է հաշիվը պակաս»:

 

Բոլորը գիտեին, որ հայ եմ: Ազգանվանս վերջում «յան» չկար, բայց բոլորը գիտեին, դրա պատճառով էլ վերևից էին նայում վրաս, հատկապես` ինձանից բարձր պաշտոն ունեցողները:

 

Տոստի գումարի պատճառով քիթ-մռութս ջարդեցին: Մեկ շաբաթ հիվանդանոցում մնացի: Սիրածս աղջիկը արտասահմանում էր այդ ժամանակ: Մինչ ապաքինվելս դադարեցի զանգահարել նրան: Հիվանդանոցում եղած ժամանակ ինձ ծեծող պաշտոնյան եկավ ու ասաց. «Ստացա՞ր դասդ»: Ասացի՝ չէ: Այս անգամ էլ ձեռքս ջարդեցին: Եվս մեկ շաբաթ` հիվանդանոց, ապա՝ զորացրում:

 

 

Լևոն Թ.

 

Ես ժամանակավոր ծառայող էի: Կանադայից էի եկել: Անունս ասելու ժամանակ բոլորն իրար մեջ ասում էին. «Էս ի՞նչ անուն է»: Ասում էի՝ հայ եմ: Ծուռ հայացքով ինձ էին նայում՝ մտածելով՝ Հայաստանից գալով` ինչո՞ւ է սա այստեղ ծառայում: Հրամանատարս անմիջապես մեջ է ընկնում` ասելով. «Նա Թուրքիայի քաղաքացի է: Դուք տանը քրդերեն եք խոսում, իսկ նա ՏԱՆԸ՝ թուրքերեն, այդպես չէ՞, Լևո’ն»: Չեմ իմանում՝ ի՞նչ պատասխանեմ: Ինձ պաշտպանե՞ց, թե՞ հասկացնել տվեց` «տանը թուրքերեն խոսա»:

 

 

Արարատ Մոր

 

Ես 2000 թվականին Այդընում 28 օրով ժամանակավոր ծառայություն եմ անցել: Առանձնահատուկ դեպք չէր եղել, բայց հիշում եմ ինձ հարցրել էին. «Դուք` հայերդ, դավաճան չե՞ք: Ձեզ ինչո՞ւ են թույլ տալիս ծառայել»: «Որքան էլ դավաճան լինենք, մեր տված փողը ձեր պետությանը քաղցր է թվում»,- ասել էի ես:

 

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի