Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի ծառայակից ընկերը՝ Մխիթար Գրիգորյանը, հաճախ է երազում զոհված ընկերոջը տեսնում. ապրիլյան պատերազմից մնացած հիշողությունները դեռ թարմ են: Yerkir.am-ի հետ զրույցում Մխիթարը պատմեց Գոռի հետ ծանոթության ու ծառայության ընթացքում ընկերոջ հետ անցկացրած օրերի մասին: Նա պատմեց, որ Գոռի հետ ծանոթացել է Մատաղիսի զորամասում, միանգամից մտերմացել են:
«Երբ ծանոթացանք, Գոռը մեկ ամսվա ծառայող էր: Այդ ժամանակ ես վարորդ էի, նա՝ էլեկտրիկ: Ինձնից 7 օր շուտ էր անցել ծառայության: Երբեք չէր խուսափում դժվարություններից, իրեն ծանր էր պահում, լուրջ ու հասուն էր: Իրար հետ մի ուրիշ ձև էինք կապված, ամեն հարցով իրար օգնում էինք, չէինք վիճում»,- պատմեց Մխիթարը:
Ընկերոջ խոսքով՝ Գոռն ընկերուհի ուներ և ծառայության ընթացքում հաճախ էր առանձնանում, ըներուհու հետ խոսում: Մխիթարը պատմեց, որ ապրիլյան պատերազմի օրերին ինքը բեռնատարով զենք էր տանում դիրքեր, իսկ Գոռը՝ սննդամթերք: «Դեպքի նախորդ օրը վարորդներով հավաքվել էինք,պատրաստ սպասում էինք հրամանի: Գոռը կարծես կանխազգում էր, մինչև վերջին պահն ասում էր` ինչ կարող ենք՝ անելու ենք, բայց մեկ ա հետ չեմ գալու, այդպես էլ եղավ»,- ասաց նա:
Մխիթարը զորացրվել է այս տարվա հուլիսին, սակայն խոստովանում է, որ մտքերով դեռ տղերքի հետ է՝ Մատաղիսում: «Ես ինչ զորացրվել եմ, Գոռը միշտ մտքերումս է, անգամ երազ եմ տեսնում, տեսնում եմ իբր զորամասում եմ, ու ականջներիս մեջ անընդհատ Գոռի ձայնն է»,- ասաց նա:
Մխիթարն ընկերոջ մասին երբեմն զրուցում է նրա ծնողների հետ: Պատմում է, որ Գոռի հայրը հաճախ խնդրում է իրեն երկար պատմել որդու մասին, ասում է` այդ կերպ ինչ-որ չափով թեթևանում է, կարոտն առնում:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: