Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեռափոխված ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի (Մել) մասին պատմող ֆիլմի մասին բավականին գրվեց և խոսվեց: «Մելը» 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը (ԿԳՄՍ նախարարությունը) ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:
Հնչեցված սուր քննադատություններին ի պատասխան՝ ԿԳՄՍՆ-ն փորձեց իր դաշտից հեռացնել գնդակը՝ ներկայացնելով, թե այդ ֆիլմի նկարահանման մասին որոշում է կայացրել Ազգային կինոկենտրոնը, որին նախարարությունը հատկացնում է տարեկան բյուջե:
Այդուհանդերձ, հասարակությունը, ականատես լինելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ նման հարցերում ուղղակի ծայրահեղության հասնող լիբերալ մոտեցումներին, բացարձակապես չհավատաց, որ Ազգային կինոկենտրոնի նման որոշումը կարող էր այդքան ճշգրտորեն համընկնել Արայիկ Հարությունյանի ճաշակին ու ցանկություններին:
Թեև ֆիլմը դեռ պատրաստ չէ, սակայն դրա պրոդյուսեր, սցենարիստ ու ռեժիսոր Իննա Սահակյանի ծավալուն մեկնաբանությունները վառ կերպով խոսում են այն մասին, որ ֆիլմը ներկայացնում է ոչ թե կամ ոչ այնքան ծանրամարտիկի հաջողությունները, նրա փառահեղ հաղթանակները, այլ սեռափոխության խնդիրը, այդ երևույթի նկատմամբ հայ ժողովրդի ունեցած հատուկ բացասական վերաբերմունքով պայմանավորված՝ սեռափոխվածի արտագաղթի փաստը և նման այլ պատկերներ:
Օրինակ՝ սցենարիստը ներկայացրել է Մելի հետևյալ խոսքերը. «Երբ ես 5-6 տարեկան էի, հավատում էի հրաշքներին, ամեն երեկո, սենյակումս մենակ, երկար աղոթում էի՝ Աստված, թող տղա արթնանամ, տղա լինեմ, խնդրում եմ»: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեռափոխության գործընթացի վառ տեսարան, որը մատաղ սերնդի մոտ կարող է առաջացնել ծայրահեղ հետաքրքրություն, իսկ ինչը հետաքրքիր է, այն նաև հեշտությամբ փորձարկման ենթակա է վաղ տարիքի երեխաների համար:
Բնականաբար, այդ հակաբնական երևույթը պատահական կերպով չի ներկայացվում որպես հռչակ ունեցող ծանրամարտիկի դիմապատկերի մի մաս, քանի որ այդպես տասյակ ու հարյուրավոր անգամներ ավելի հեշտ է հասնել դավադիր նպատակին, այն է՝ արագորեն և արդյունավետ «տեղ հասցնել», ինչու չէ՝ նաև ճիշտ նպատակին ծառայեցնել սեռափոխության քարոզը:
Այս ամենը պարզ երևում է Ի. Սահակյանի խոսքերից կամ, ավելի ճիշտ, ֆիլմը ներկայացնելիս նրա դրսևորած ապրումներից, որոնց համաձայն՝ ինքը դառնությամբ է արձանագրել ՀՀ-ում Մելինեի սեռափոխության հանդեպ բացասական տրամադրվածությունը, ինչն էլ նրան ստիպել է արտագաղթել:
Այսպիսով՝ Սահակյանին Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելուն մղել է ոչ թե նրա՝ հռչակավոր ծանրամարտիկ լինելը, այլ, սեռափոխված լինելով պայմանավորված, նրա «դժբախտ» ճակատագիրը, հայ հասարակության անհանդուրժողականությունն այս երևույթի նկատմամբ, Մելինեի արտագաղթելու փաստը և այլն: Ավելին՝ ֆիլմի հեղինակն ամեն ինչ արել է, որպեսզի այդ անհանդուրժողականությունը ներկայացվի խիստ բացասական հողի վրա՝ համարելով դա հայ հասարակության սև բծերից մեկը: Դա ավելի ցայտուն ընդգծելու, համոզիչ դարձնելու, ֆիլմի ազդեցությունն ավելի լայն մասսաների վրա տարածելու, Մելինեին պաշտպանողների թիվը կտրուկ մեծացնելու և, այդպիսով, լայն քարոզչություն ապահովելու համար ֆիլմի հերոսը ներկայանում է ավելի շատ զոհի կերպարով (հասարակության լայն շերտերի խղճմտանքը շարժելու լավագույն հնարքներից է), իսկ հայ հանրությունը՝ որպես հրեշ, վակխանալիստ, Մելինեի «դահիճ», նրան հայրենիքից վտարած մի զանգված, որն արժանի է ամեն տեսակ պարսավանքի:
Վերոնշյալը հաստատելու համար կրկին դիմենք սցենարիստին. ««Մել» ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է, սեռային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու՝ նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը եւ այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները»:
Այսինքն՝ սովորական հարկատուների փողերը ծախսվել են ոչ թե մեր երկրի դեմքը ներկայացնելու, հասարակությանը ֆիլմարտադրության միջոցով կրթելու, այլ ճիշտ հակառակ նպատակով՝ պետությունը միջոցներ է տրամադրել իրեն և սեփական քաղաքացիներին օտարների առջև վարկաբեկող, սեռափոխությունը պրոպագանդող, սեռափոխությունը դատապարտողներին անարգանքի սյունին գամող քարոզչամեքենա ստեղծելու համար: Թե ո՞ւմ է այս ամենը ձեռնտու, բոլորին պարզ է:
Ֆիլմի ստեղծումը պաշտպանողները, այդ թվում՝ ՀՀ վարչապետը, փորձելով մոլորեցնել հանրությանը, խորամանկորեն փորձում են այն ներկայացնել որպես աշխարհահռչակ հերոսի փառքը ներկայացնող կինոնկար:
Վերևում արդեն նշեցինք՝ ֆիլմի փիլիսոփայության մեջ և «ծանրության կենտրոնում» իրականում ոչ թե հայ սպորտի նվաճումները պրոպագանդելու, Օլիմպիոսի վրա հայոց եռագույնի ծածանումը ցույց տալով՝ հայ սերնդի մոտ հպարտության վեհ զգացումներ առաջացնելու գաղափարն է, այլ բոլորովին ուրիշ բան, որը կարելի է անվանել խնամքով քողարկված դավադրություն:
Այդուհանդերձ, եթե անգամ չլինեին այս դավադիր նպատակները և վտանգները, և ֆիլմում էլ ներկայացվեր լոկ Մելինեի սպորտային սխրանքը, ապա անգամ այս դեպքում պետությունն իրեն չպետք է թույլ տար ֆինանսավորել մի ֆիլմ, որի հերոսուհին հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, այսինքն՝ մեր երկրի հարկատուները փող են տալիս մի ֆիլմի համար, որի հերոսուհին թքել է ոչ միայն իր արմատների, այլև Հայաստանի Հանրապետության, հետևաբար նաև՝ հայոց դրոշի, պետական խորհրդանիշերի ու ազգային արժեքների վրա:
Ստացվում է, որ ֆինանսավորվել է ֆիլմ ոչ թե հայոց եռագույնը ծածանողի, այլ այդ եռագույնի վրա թքողի մասին, և այդ ֆիլմի հերոսի իրական կենսագրությունն իրականում ոչ թե հայոց եռագույնն է ներկայացրել աշխարհին, այլ հայոց պետությունը՝ որպես այլանդակ մի միջավայր, և հայ ժողովրդին՝ որպես հանցագործ հանրություն:
Ավելին՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հերթական դոպինգ ստուգումներից հետո անժամկետ որակազրկել էր Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Մելինե Դալուզյանին, քանի որ անալիզների վերստուգման արդյունքում նրա արյան մեջ հայտնաբերվել էին արգելված դեղամիջոցներ:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից էլ հայտնել են, որ Դալուզյանը ստացել է թղթեր, որոնցում նշված է՝ նա պետք է վերադարձնի բոլոր մեդալները, անգամ՝ հուշամեդալները:
Հիշեցնենք, որ Մելինեի նշյալ սպորտային վարքի պատճառով Հայաստանից որակազրկվածների թիվը հասել է մոտ 20-ի, դա արդեն ենթադրում է պատժամիջոցների կիրառում, ինչի արդյունքում Հայաստանի ծանրամարտի հավաքականի՝ առաջնություններին մասնակցության ճակատագիրը կորոշեն միջազգային կառույցները, և, եթե նախկինում Հայաստանից Տոկիոյի 2020 թ. օլիմպիական խաղերին պետք է մասնակցեր 4 տղա և 4 աղջիկ, ապա այս դոպինգ սկանդալից հետո լավագույն դեպքում կարող են թույլատրել 2 մարզիկի մասնակցություն:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն այս առթիվ փաստել է, որ Դալուզյանի ոչ մարզական արարքն ազդել է Տիգրան Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի, Արթուր Ալեքսանյանի, Անդրանիկ Կարապետյանի վրա, որոնք վերջին տարիների աշխարհի և Եվրոպայի մեդալակիրներ են:
Ստացվում է, որ Մելինե Դալուզյանը նաև սպորտային կարիերայում է ցուցաբերել մարզիկի բարոյական նկարագրի հետ անհամատեղելի վարքագիծ, ինչի արդյունքում այժմ նրա մեդալները և սպորտային փառքը հավասարազոր են ոչնչի: Ավելին՝ Մելինեի՝ սպորտային բնագավառի զարտուղի ճանապարհը, հակաօրինական ու ամոթալի քայլերը լրջագույնս հարվածել են երկրի սպորտային հեղինակությանը, Հայաստանի ծանրամարտի՝ վերոնշյալ իրական հսկաների կարիերային և կասկածի տակ դրվել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերին նրանց մասնակցության հարցը:
Եզրակացնենք՝ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ, այն է՝ ՀՀ հարկատուների միջոցներով, հանրապետության վարչապետի և նույն նախարարությունը գլխավորող Արայիկ Հարությունյանի բարձր հովանու ներքո (տե՛ս նրանց հարցազրույցներն ու տեսակետներն այդ մասին), Հայաստանի Հանրապետությունում արտադրում են ֆիլմ շարքային խուլիգանի կամ ստահակի մասին, որը՝
Այսքանից հետո՝ հարց՝ ինչո՞ւ է նկարահանվում ոչ մի արժեք չներկայացնող և բազմաթիվ վտանգներ պարունակող այս ֆիլմը: Պատասխանը պարզ է՝ այն նկարահանվում է, որովհետև Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարը Արայիկ Հարությունյանն է: Եվ այդպիսի ֆիլմ - «անակնկալներ» դեռ շատ կլինեն, քանի դեռ ՀՀ ԿԳՄՍ նախարարը Արայիկ Հարությունյանն է, իսկ վարչապետը պաշտպանում է նրան ու նրա այլանդակ ծրագրերը:
Վահե Սարգսյան